HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փաստաբան. «Նիստի ավարտին Արարատը հայտարարեց, որ դատարանը քաղաքական որոշում կայացրեց»

Հուլիսի 21-ին՝  Ազատության հրապարակի հարակից սրճարաններից մեկից բերման էր ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) եղբայրը՝ Արարատ Խանդոյանը։ Հուլիսի 22-ին Խանդոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: Որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը:

Օգոստոսի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում պետք է բողոքարկվեր Խանդոյանի կալանքի որոշումը, սակայն, ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Խանդոյանի փաստաբան Արա Կարագյոզյանը, դատական նիստը հետաձգվել էր, քանի որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները իր պաշտպանյալին դատարան չէին բերել, թեև նա, դատական նիստին ներկա գտնվելու համար գրավոր միջնորդություն էր ներկայացրել:

Այսօր արդեն կայացավ դատական նիստը և ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց  Արարատ Խանդոյանին ազատ արձակելու բողոքը: Փաստաբան Արա Կարգյոզյանի փոխանցմամբ՝ ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ ՀՀ վերաքննիչ դատարանում բողոքի մերժման հիմքում դրվել է մի տեսանյութ, որով դատավորը պատճառաբանել է՝ Խանդոյանը բախումների վայրում է եղել և մասնակցել դրանց:

«Նիստի ավարտին Արարատը հայտարարեց, որ դատարանը քաղաքական որոշում կայացրեց, իսկ դատավորը դատական դահլիճից դուրս եկավ: Այս որոշումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք չունենք անկախ դատարան և դատավորները կաշկանդված են և չեն կարողանում օրինական որոշում կայացնել»,-նշեց Կարագյոզյանը

Փաստաբանը նաև դիմելու է ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն ինչպես նշում է, այդ ատյանից էլ մեծ հույսեր չունի, և գործը կհասնի ՄԻԵԴ (Մարդու իրավունքների եվրոպական դատարան):

Լուսանկարը՝  Արարատ Խանդոյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter