HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային պահուստները նվազել են 59 մլն ԱՄՆ դոլարով. ԿԲ-ի պարզաբանումը

2016 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում, ըստ Կենտրոնական բանկի պաշտոնական հաղորդագրության, ՀՀ միջազգային պահուստները նվազել են շուրջ 59 մլն ԱՄՆ դոլարով:

Պահուսնտների մակարդակի նվազումը, ինչպես պարզաբանում է ԿԲ-ն, հիմնականում պայմանավորված էր շուրջ 46 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտաքին պարտքի սպասարկման ծախսերով և Կենտրոնական բանկում ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվների մնացորդների շուրջ 116 մլն ԱՄՆ դոլարին համարժեք կրճատմամբ: Պարզաբանումն ամբողջությամբ կարող եք կարդալ ստորև.

«Եռամսյակի ընթացքում պահուստները համալրվել են հիմնականում ներբանկային շուկայում ՀՀ ԿԲ կողմից իրականացված 52.6 մլն ԱՄՆ դոլարի առքի և ստացված վարկերի, փոխառությունների և դրամաշնորհների հաշվին՝ շուրջ 31 մլն ԱՄՆ դոլարին համարժեք:

Առևտրային բանկերի թղթակցային հաշիվների մնացորդների փոփոխությունը թեև նշանակալի, այնուամենայնիվ, սովորական երևույթ է: Ինչպես հայտնի է, ՀՀ ԿԲ-ում առևտային բանկերի արտարժույթով թղթակցային հաշիվների նվազագույն մակարդակի պահանջ չկա, այդպիսով՝ այս միջոցների մակարդակն արտացոլում է համաշխարհային և ներքին ներդրումային միջավայրի ազդեցության ներքո առևտային բանկերի ներդրումային որոշումները:

Արդյունքում այս մնացորդները խիստ տատանողական են, մասնավորապես` հիշեցնենք, որ 2015 թ. ընթացքում դրանք աճել էին շուրջ 106 մլն ԱՄՆ դոլարով: 2016 թ. ապրիլից սկսած ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար իրականացրել է և շարունակում է իրականացնել ԱՄՆ դոլարի առքի գործառնություններ՝ խուսափելով արտարժույթի շուկայում անցանկալի տատանումներից:

Հարկ է նշել, որ արտարժույթի շուկայում ՀՀ ԿԲ կողմից ԱՄՆ դոլարի վաճառքի գործառնություններ իրականացվել են միայն հունվար-փետրվար ամիսներին՝ այդ ժամանակահատվածում դրամի փոխարժեքի վրա առկա սպեկուլյատիվ ճնշումները զսպելու նպատակով:

Նշենք, որ ՀՀ միջազգային պահուստների մակարդակը շարունակում է համապատասխանել միջազգային պրակտիկայում արտարժութային պահուստներին ներկայացվող բոլոր պահանջներին, մասնավորապես` հնարավոր արտաքին շոկերը կլանելու ՀՀ տնտեսության կարողությունը հավաստելու տեսանկյունից: Մասնավորապես` ՀՀ միջազգային պահուստները ապահովում են ներմուծման ավելի քան չորս ամսվա ծածկույթ և կարճաժամկետ (մինչև մեկ տարի) պարտավորությունների սպասարկման ավելի քան յոթ տարվա ծածկույթ:

ՀԳ. ՀՀ կենտրոնական բանկը հորդրորում է ՀՀ ԿԲ քաղաքականության և ՀՀ ֆինանսական շուկայի վերաբերյալ վերլուծություններ իրականացնելիս հղում կատարել հավաստի տեղեկատվական աղբյուրների և զերծ մնալ դիտավորյալ կամ սխալ տեղեկատվության տարածումից: ՀՀ ԿԲ կողմից միջբանկային շուկայում իրականացվող արտարժութային գործառնությունների, ինչպես նաև ֆինանսական շուկային առնչվող մի շարք այլ ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքի հրապարակումներ բաժնում, ինչպես նաև  https://databank.cba.am հասցեում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter