HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քառասուներորդ սեպտեմբերը

- Որ դպրոցն ավարտենք, ի՞նչ ես անելու, - հարցնում եմ մեր դասարանի Սեյրանին:

- Մոմ եմ վառելու,- պատասխանում է կտրուկ:

- Խի՞, դպրոցն աչքդ հանա՞լ ա, - չի համբերում հետևի նստարանին նստած Սերոժը:

- Սկի մի օգուտ ալ չի տվալ, վե'չ տառերն եմ գուդում, վե'չ բազմապատկան աղյուսակը, անտեղի թանաք եմ փըչըցնում,- չի նահանջում Սեյրանը:

Թանաքի մասին ճիշտ էր ասում, որովհետև ապակյա թանաքամանը միշտ վերնաշապիկի գրպանում էր պահում, և հազվադեպ էր պատահում, որ առանց թանաքոտվելու դպրոց հասներ: Նա երբեք գրավոր չէր գրում: Թանաքամանը Ռիտայի համար էր բերում, որովհետև դասարանում ամենագեղեցիկ ձեռագիրը նա ուներ, և Սեյրանը, ով նրա կողքին էր նստում, տեղ հասնելով, թաց գրպանից հանում էր թանաքամանը, թևքով սրբում թանաքոտված եզրերը և մյուս թևին հենվելով` հիացած հետևում, թե փոքրամարմին Ռիտան ոնց է շարում տառերը:

Սեյրանին մնար, մի օր էլ դպրոցում չէր մնա, բայց տնօրենը` ընկեր Ալավերդյանը, անընդհատ կրկնում էր, որ «պարտուսից» դուրս մնացող աշակերտ չպիտի ունենան: Հո չէր հնարում, ռայկոմից էին կարգադրել: Ալավերդյանն էլ խնդրել էր Սեյրանի հորը` Շագուն, համոզել, թե հացին վայիս չդառնան, մի քանի տարի է մնացել, թողեն, երեսի ջրով թոշակի գնա: Ու Սեյրանը հոր խաթրից դուրս չգալով` ամիսներն էր հաշվում:

Տասներորդի նոյեմբերից Սեյրանը պատրաստվում էր ավարտական քեֆին, խոստացավ, որ ոչխարն ինքն է բերելու. «Մատաղ եմ անելու»,- շատ լուրջ տոնով հայտարարեց:,

Երկու շաբաթ տնօրենին համոզելուց հետո, որ ավարտականի օրը երկարօրյայի ժամերը կրճատեն, վերջապես հաջողվեց դպրոցի ճաշարանը «զավթել», ձևափոխել: Աղջիկներից մեկը եղբոր հարսանիքից մնացած «Երջանկություն նորապսակներին» գունավոր թղթերով կտրտված տառերից ջոկեց անվնաս մնացածները, պակասներն էլ լրացրեցինք երրրորդ հարկի միջանցքի «Հավերժ փառք կուսակցությանը» պաստառից, և Ճաշարանի երկայնքով կախեցինք` «Հրաժեշտ դպրոցին»:

Երբ արդեն սեղանը ծանրաբեռնված էր Գորիսի լոբով, էլի Գորիսի լիմոնադով, անպայման Գորիսի ճըխթըթոյով, սուրճի` 4 ռուբլի քսան կոպեկանոց լիկյորներով, Սեյրանի խոստացած մատաղցու խաշլամով, ընկեր Հայկուշը, ում դեռ ամիսներ առաջ 3 կիլոգրամանոց «զակատ արած» կոնֆետ էինք պահ տվել, հայտարարեց, թե բանկայի մեջ որդ ա ընկել….

Էս լուրը չմարսած, պարզվեց, որ Կոլյայենց պրագիվատելի ասեղը փչացած ա, Արտակի խոստացած պլաստինկեքի մեջ հայկական երաժշտություններ չկան, ու մեզանից ոչ մեկը ո´չ տանգո, ո´չ էլ վալս պարել չգիտի: Որտեղից որտեղ, Արջունց Սերոբը ադրբեջանական կասետ գտավ`«Չիչակ-Չիչակ…» երգը:

Աչքներս ջուր կտրեց, մինչև պատմության դասատուն հրաժեշտ տվեց` հայտարարելով, թե «Վրեմյայի» լուրերը պիտի լսի, և մյուս ուսուցիչները, համոզված լինելով, որ կուսակցական ժողովի թեմա կդառնա պալիտբյուրոյի անցուդարձին իրենց չհետևելու փաստը, միացան նրան: Մեծերի գնալուց հետո Գագոն դատարկ մի շիշ գտավ, նստեցինք հենց հատակին ու հոլի պես սկսեցինք պտտացնել շիշը… Մի քիչ լպստվելուց հետո հանկարծ մեր գլխավերևում կանգնեց դպրոցի պահակ Գուրան` գոռալով. «Ա~, բա սկի աբուռ չօնե՞ք… էս հ՞ինչ ղալաթներ եք անում»:

Իրավիճակը Արտակը փրկեց` համոզելով, թե ամենքն իրենց ցանկությունն են գրում, որ շշի մեջ պահենք:

Ու էդպես հերթով, թաքուն, բայց միմյանց աչքերին նայելով` խզմզեցինք մեր երազների մասին, պահ տվեցինք շշին` խոստանալով, որ  կհանդիպենք 20 տարի անց, չերևակայելով անգամ, որ պատերազմը շեղելու է մեզ` մեր երազներին տանող ճանապարհներից, և այլևս չեն իրականանալու մեր դասարանի տղաներից շատերի ցանկությունները:

Ու նրանցից ոչ ոք բժիշկ կամ գիտնական, դատախազ կամ կինոյի տղա չի դառնալու, այլ` զինվոր, նահատակ, ու այդ մասին ոչ ոք իր ցանկություններում անգամ չէր երևակայել: Եվ հանդիպելու էինք ավելի շուտ` գյուղի հուշարձաններում:

… Երեկ մեր դասարանի Թերեզը զանգեց, ասում է, թե բա` արդեն 40 տարի է, ավարտել ենք, 40-րդ սեպտեմբերն է:

Ես էլ իմ հերթին Սեյրանին եմ զանգում ու անկապ հարց տալիս.

- Ի՞նչ կա;

- Ի՞նչ պիտի լինի:

- Դաբաղը հո անասուններիդ վնա՞ս չի տվել,- հեռվից եմ սկսում:

- Ասելիքդ ասի,- քաղաքացուց դարդը կըտրալ չի կովերիս հետի :

Մինչև մտքերս կհավաքեմ, մի քանի  կցկտուր բառեր եմ ասում` Թերեզը, Երևան: Հենց հասնում եմ դպրոցին, Սեյրանը կարճ կտրում է` 40-ամյակը չեն նշում …

Բաժանորդն անջատել է հեռախոսը …

Գիտեի, որ հանդիպման գաղափարը չի ոգևորում նրան, որովհետև չի հաշտվում ընկերների բացակայության հետ, բայց կխոսեինք, կհիշեինք, կերազեինք շշին պահ տված երազների մասին:

Սիրտ չկա պատասխանելու հեռախոսիս, բայց տեսնելով, որ համառում է, ալարկոտ շարժումով ձեռքս եմ առնում. «Ոչխարը ես  կպիրեմ, ծմերուկը, պանը մտներադ չթռնի», - լսում եմ հեռախոսի մյուս կողմից Սեյրանի ձայնը:

Երազելու ժամանակը դեռ չի սպառվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter