HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդին ու Ախթալան իրենց գումարներն են պահանջում

Գործարանների վերաբացումն ու Էկոլոգիական շարժումների վերակենդանացումը

Դեռեւս խորհրդային տարիներից Ալավերդի եւ Ախթալա քաղաքների բնակչության եկամտի հիմնական աղբյուրը պղնձաձուլական ու լեռնահարստացման գործարաններն էին, որոնք դադարեցին գործել Խորհրդային Միության փլուզումից հետո: 8-ամյա ընդմիջումից հետո՝ 1997թ-ին, վերագործարկվեց Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Ախթալայում լեռնահարստացման կոմբինատը գործարկվեց 2000թ-ին՝ աշխատանքով ապահովելով շուրջ 250 բնակչի:

Մի քանի հարյուր աշխատատեղն օգնեց լուծել համայնքների բնակիչների սոցիալական խնդիրները, սակայն Ալավերդի ու Ախթալա համայնքներում կրկին ծագեցին էկոլոգիական հիմնախնդիրներ: Մթնոլորտի ու Դեբեդ գետի ավազանի էկոլոգիական վիճակը դարձավ օրակարգային:

Էկոլոգիական շարժումները վերակենդանացան 10 տարի անց: Միտինգներում հասարակությունն իշխանություններից պահանջում էր լուծել բնապահպանական խնդիրները եւ ինչ-որ կերպ փոխհատուցել գործարանի պատճառած էկոլոգիական վնասը: Թվում էր, թե ալավերդցիների բողոքն իր հանգուցալուծումը կունենա «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո (2001 թ-ի մայիսի 15): Օրենքով համայնքներին էր հատկացվելու ընկերությունների կողմից պետբյուջե մուծվող գումարների մի մասը: Այդ մասը պետք է որոշվեր համայնքների կողմից ներկայացված ծրագրերին համապատասխան: Սակայն բնավճարների մասհանումները չեն հասել այն համայնքներ, որտեղ աղտոտվում է օդն ու վտանգվում մարդկանց առողջությունը:

Օրենքների պահանջները բնապահպանական վճարների հատկացման ոլորտում 

«Այդ գումարները մեզ շատ խնդիրներ լուծելու հնարավորություն կտային»,- պնդում է Ալավերդու քաղաքապետ Սարիբեկ Օհանյանը,- Աղտոտված օդից ժողովուրդն է տուժում: Կառավարությունն այդ գումարները չի տալիս: Պատճառաբանում են, որ ծրագիր չենք ներկայացրել»: Համաձայն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի, Ալավերդի եւ Ախթալա քաղաքներում գործող «ԷյՍիՓի» եւ «Մեթըլ փրինս» ընկերությունները շրջակա միջավայր արտանետումների դիմաց պարտավոր են ամեն տարի պետական բյուջե մուծել բնապահպանական վճարներ: Մուծվող գումարներից համայնքներին պետք է մասհանում կատարվեր, որն էլ առանձին տողով պետք է արտահայտվեր պետական բյուջեում: Բնապահպանական գումարները ստանալու համար օրենքը համայնքներից պահանջում է կազմել բնապահպանական ծրագրեր, որտեղ պետք է նշվեն բնապահպանական խնդիրները եւ դրանց լուծման ուղիները: ՀՀ կառավարության սահմանած կարգով՝ համայնքները, նախքան ավագանու կողմից հաստատելը, մինչեւ ընթացիկ տարվա հուլիսի 1-ը պետք է բնապահպանական ծրագրի նախագծերը համաձայնեցնեն բնապահպանության եւ առողջապահության նախարարությունների հետ: Բնապահպանական ծրագրերը ճիշտ կազմելու եւ սահմանված կարգով ներկայացնելու համար «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը ֆինանսների նախարարությանը պարտավորեցնում է համայնքներին ուղարկել մեթոդական ցուցումներ: Ծրագրերի ֆինանսավորման համար համայնքները մարզպետարանների միջոցով մինչեւ օգոստոսի 20-ը նախարարություն են ներկայացնում ֆինանսական հայտ, որտեղ նշվում են նախատեսվող ծախսերի ուղղությունները, պահանջվող գումարի չափը: Հայտերը չկազմելու դեպքում, ըստ օրենքի, դրանք պարտավոր է կազմել ֆինանսների նախարարությունը, ինչը նախարարությունը չի արել՝ «հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնությունն ու պատասխանատվությունը»:

Ընկերությունները բնավճարներ մուծել են: ՀՀ ֆինանսների նախարարությունը պնդում է, որ համայնքներին ուղարկել է բոլոր նախնական փաստաթղթերը բնապահպանական ծրագրերը կազմելու համար: Համայնքները համաձայն չեն դրան: Համայնքների ղեկավարները համաձայն չեն նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հետ: Նա Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ալավերդին ու Ախթալան 2002 եւ 2003 թվականների համար բնապահպանական ծրագրեր չեն ներկայացրել: Հակառակ դեպքում ինքը «պատրաստ է ներողություն խնդրել»:

Յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը ծրագրերի փաթեթների ներկայացման վերջին օրն է: 2001թ.-ին բնապահպանական ծրագրերը ժամանակին են ներկայացվել (այդ են վկայում Ալավերդու ու Ախթալայի քաղաքապետերը): Մասհանումը սակայն չի նախատեսվել պահանջվող գումարի մասին չլրացված հայտերի պատճառով:

2002թ-ին համայնքներն ուշացել են երկու ամիս: Ընդ որում՝ ներկայացրած ծրագրերը չեն համապատասխանել սահմանված կարգին: Բնապահպանության նախարարությունը նշում է, որ համայնքները 2002թ-ի սեպտեմբերին ներկայացրել են ոչ թե ծրագրեր, այլ պարզապես դրանց ընդհանուր նկարագիրը՝ չնշելով միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Նախարարությունն առաջարկել է փոփոխություներ անել ծրագրերում եւ ներկայացնել բնապահպանական միջոցառումների ժամանակացույցը: Հաշվի առնելով արված առաջարկությունները, համայնքները միայն 2002թ. դեկտեմբերին են ներկայացրել այն: Բայց արդեն ուշ է եղել առաջիկա տարվա պետական բյուջեում մասհանումը նախատեսելու համար:

Լոռու մարզից ընտրված պատգամավորները ԱԺ նիստերի ժամանակ մի քանի անգամ բարձրացրել են այս հարցը՝ բնապահպանական վճարներից արվող մասհանումների մասին: Ֆինանսների նախարարը պատճառը հիմնավորել է գումար չլինելու հանգամանքով: Հետագայում, իմ հարցմանն ի պատասխան, նույն նախարարությունը մեկ այլ պատճառաբանություն է բերել: Ըստ ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետ Դավիթ Համբարձումյանի, 2002—2003թթ պետական բյուջեներով Ալավերդի եւ Ախթալա համայնքներին հատկացումներ չնախատեսելը պայմանավորված է նրանց կողմից ֆինանսավորման հայտերը նախարարություն չներկայացնելու հանգամանքով:

Համայնքապետարանների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված ծրագրերին արձագանքել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունը, որը ծրագրերի վերաբերյալ համաձայնություն է հայտնել:

Թե՛ Ալավերդու եւ թե՛ Ախթալայի քաղաքապետերը պնդում են, որ Լոռու մարզպետարանն իրենցից միայն բնապահպանական ծրագիր է պահանջել: Իրենք կատարել են մարզպետարանի պահանջը եւ ըստ կարգի 2 տարի անընդմեջ ծրագրեր են ներկայացրել առաջիկա 10 տարվա համար: Ֆինանսների նախարարություն փաստաթուղթ (հայտ) ներկայացնելու մասին համայնքների ղեկավարներն առաջին անգամ ինձնից էին լսում: Հակառակ ֆինանսների նախարարության պնդման, Լոռու մարզպետարանում ասում են, որ բնապահպանական ծրագրերի համար պահանջվող ֆինանսական փաստաթուղթ նախարարությունից իրենք չեն ստացել: Ֆինանսական հայտի գոյությունը «հայտնություն» էր Ալավերդու ու Ախթալայի քաղաքապետարանների եւ Լոռու մարզպետարանի համար:

Ալավերդին ու Ախթալան սեփական գումարներին են սպասում

2002—2003թթ ամար կազմված բնապահանական ծրագրերում Ալավերդու քաղաքապետարանը էկոլոգիական խնդիրների լուծման համար նախատեսել է 537 մլն դրամ: Այս թիվը օրենքի պահանջ չէ: Օրենքում նշված չէ, թե բնավճարի որքան տոկոսը կարող է դառնալ մասհանում համայնքների համար: Համայնքներն այն հաշվարկել են ելնելով իրենց էկոլոգիական խնդիրներից: Ալավերդու քաղաքապետարանի ներկայացրած թիվը շուրջ 18 անգամ գերազանցել է ընկերության կողմից մուծված 2 տարվա բնավճարին: Ալավերդու «ԷյՍիՓի» ՓԲԸ-ն 2001-ին մուծել է 17.844.422, 2002թ.՝ 11.359.380 դրամ բնավճար:

Ախթալայի քաղաքապետարանը երկու տարիների համար բնապահպանական ծրագրով նախատեսել է իրականացնել 22 մլն դրամի աշխատանք: Ախթալայի «Մեթըլ փրինս» ՓԲԸ-ի կողմից պետբյուջե մուծվող բնավճարը 2002-ին կազմել է 1.157.650 դրամ: Համայնքները նախատեսել են բնապահպանական վճարներից իրենց հասանելիք գումարներն ուղղել առողջապահական, անտառվերականգնման եւ թափոնների վերամշակման աշխատանքների կատարմանը: 663.000 դրամ է նախատեսված է Ալավերդու Մադան թաղամասի եւ 567.176 դրամը՝ Ախթալայի պոչամբարների վերակառուցման համար: Նախատեսված է նաեւ Ալավերդու եւ Ախթալայի տարրական դպրոցներում սովորող աշակերտներին օրական հատկացնել մեկական բաժակ կաթ, անվճար բուժսպասարկում ցուցաբերել հանքերում եւ գործարաններում աշխատելու հետեւանքով մասնագիտական հիվանդություններ ձեռք բերած մարդկանց: Ախթալայի օդային տարածքն անընդհատ աղտոտվում է «Մեթըլ փրինս» ՓԲԸ-ի պոչամբարից տարածվող թունավոր փոշուց, որի չափերը, ըստ քաղաքապետարանի, բազմաթիվ անգամ գերազանցել են առավելագույն արտանետումների թույլատրելի նորմերը: Ալավերդու մթնոլորտը պարբերաբար թունավորվում է «ԷյՍիՓի»-ից արտանետվող ծծմբային անհիդրիդով, որի միջին ծավալը ամսական կազմում է 120-130 մ3 եւ վնասակար ազդեցություն ունի մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի վրա:

Ալավերդու ծննդատան կոնսուլտացիայի բաժնի վարիչ Ռոզա Մաճկալյանի կարծիքով՝ տարածաշրջանի էկոլոգիական ընդհանուր վիճակն իր ազդեցությունն է թողել ծննդաբերությունների որակական ցուցանիշների վրա: Եթե մինչեւ 1997թ-ը Թումանյանի տարածաշրջանում վիժումները կազմում էին ընդհանուր ծննդաբերությունների 8%-ը, ապա 2002 թ-ին այդ ցուցանիշը կտրուկ աճել է՝ հասնելով 12.9%: Վիժումների, վաղաժամ ծննաբերությունների, արատների, անեմիայով հիվանդների թիվը 1997-ից հետո, այսինքն՝ գործարանների վերագործարկումից հետո մեծացել է: «Քիչ է աշխատատեղ չկա, եղած գործարանն էլ մեր առողջության վրա է ազդում»,- բողոքում են Ախթալայի բնակիչները: Երկու քաղաքների բնակիչներն էլ դժգոհում են մթնոլորտի, ջրի վիճակից: Ալավերդու բնակիչ, անկախ փորձագետ Սահակ Անթանեսյանի հավաստմամբ՝ դժվար է շնչել Ալավերդի քաղաքում: Իսկ Ախթալայում հեղեղից հետո պոչամբարից հոսող ջրից ընտանի կենդանիներ են թունավորվել:

Երկու համայնքներում էլ չեն գործում դիտակետերը, որոնցով նախկինում հնարավոր էր ստուգել մթնոլորտ արտանետված նյութերի չափաքանակը: 15 տարի է, ինչ նորմալ չեն գործում Ալավերդու եւ Ախթալայի կոյուղու մաքրման կայանները: Ալավերդու մաքրման կայանի սարքավորումները 12 տարի ագրեսիվ միջավայրում աշխատելուց եւ 11 տարի չօգտագործվելու պատճառով ամբողջությամբ շարքից դուրս են եկել: Սարահարթ թաղամասի ջրահեռացման ներքին ցանցն ընդհանրապես միացված չի մաքրման ընդհանուր կայանին: Անհրաժեշտ է կառուցել 8 կմ երկարությամբ կոյուղու խողովակ, որպեսզի թաղամասի ջրահեռացման համակարգը միանա մաքրման կայանին: Դրա համար պահանջվում է 160 մլն դրամ: Առավել աղետալի վիճակում են գտնվում Ալավերդու Սանահին եւ Շահումյան թաղամասերը, որոնց կոյուղագծերը քաղաքի ջրահեռացման գլխավոր ցանցին միացված չեն: Քաղաքի մի քանի թաղամասեր նույնիսկ աղբարկղեր չունեն: Այս թաղամասերի կոյուղաջրերը, միախառնվելով կենցաղային աղբին, եւս թափվում են Դեբեդ եւ աղտոտում Դեբեդ գետի ավազանը: Կայանի անգործության հետեւանքով յուրաքանչյուր ամիս Դեբեդ գետի ավազան են արտանետվում մեխանիկական, կենսաբանական ու քիմիական մաքրման չենթարկված 200 հազարից 300 հազար խորանարդ լիտր կեղտաջրեր: Գետի աղտոտված ջրերն հետագայում լցվում են Քուռ եւ Խրամ գետերը՝ վնասելով Քուռ-Արաքս գետավազանը:

«Եթե գումարները հատկացվեն, ամեն ինչ իր տեղը կընկնի: Կբարելավվի Դեբեդ գետի ավազանի եւ մթնոլորտի վիճակը: Նվազագույնի կհասցվի մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի վրա գործարանների ունեցած էկոլոգիական ազդեցությունը»,- ասում է Ախթալայի քաղաքապետ Սուրեն Թամազյանը:

Օրենքի պահանջները մնացել են անկատար

Եթե ամեն ինչ արվեր ժամանակին ու ըստ օրենքի, ապա 2002 եւ 2003 թթ պետական բյուջեներում կնախատեսվեր Ալավերդու եւ Ախթալա համայնքներին մասհանումներ կատարել:

«Ընկերությունների կողմից վճարվող նպատակային օգտագործման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից մնացել է թղթի վրա: «Պետական բյուջեի մասին» 2002 եւ 2003 թվականների օրենքները չեն ապահովել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջները: Օրենքների անկատարությունից ու պաշտոնյաների անփութությունից Ալավերդու ու Ախթալայի գլխին կախված են մնում էկոլոգիական խնդիրները: Այնինչ ֆինանսների նախարարության հավաստմամբ՝ ներկայումս «բավարար հիմքեր չկան» նախորդ 2 տարիների բնավճարները համայնքներին հատկացնելու համար պետական բյուջեի մասին 2003թ. օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկություն ներկայացնել ԱԺ, կամ էլ 2004 թ-ի պետբյուջեում նախատեսել կորած գումարների գոնե մի մասը: Ալավերդին ու Ախթալան այս տարի արդեն պատրաստվում են բնապահպանական ծրագրերի հետ միասին ֆինանսների նախարարություն ներկայացնել պահանջվող հայտերը, որոնք արդեն հատկացվել են համայնքներին: Այս դեպքում արդեն հնարավոր կլինի ստանալ այդքան երկար սպասված բնավճարները գոնե հաջորդ տարի:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter