HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վազգեն Մանուկյան. «Ես այնպես եմ հասկանում, որ մեր հասարակության գերխնդիրը իշխանություն փոխելն է»

Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ անկախության 25 տարիների ընթացքում մեր առջև լուրջ խնդիրներ ենք դրել և դրանք կարողացել ենք իրականացնել։ Որպես օրինակ` Մանուկյանը առանձանցնում է գյուղատնտեսությունը։ Ասում է՝ 90-ականներին գյուղատնտեսական ոլորտում ամենավճռական քայլը կատարվեց, որով հողը պետական սեփականությունից դարձավ մասնավոր սեփականություն։ Դրանով, ըստ Մանուկյանի, հույս առաջացավ, որ այդ մասնավոր սեփականության վրա կառաջանան կոոպերատիվներ, այսինքն՝ նույն սովխոզատիպ համակարգեր՝ արդեն մասնավոր սեփականության հիմքի վրա։

«Գյուղատնտեսությունը պետք է դարձնել ինդուստրիալ։ Իհարկե առաջացել են որոշ նոր ֆերմերային տնտեսություններ, սակայն գյուղատնտեսությունում մենք մեր խնդիրները չենք լուծել։ Ինչպես նաև արդյունաբերական որևիցե հարց չի լուծվել։ Չեմ տեսնում, որ դրվել է մի ծրագիր, որով պետք է ունենայինք այսպիսի արդյունաբերություն, այս ասպարեզները զարգացնեինք, ու զարգացնենք»,-նշում է հանրային խորհրդի նախագահը։

Անդրադառնալով կրթական համակարգին՝ Մանուկյանը շեշտում է՝ ունենք տաղանդավոր երեխաներ, 100-200 տաղանդավոր ուսուցիչներ, մի քանի լավ դպրոցներ և օլիմպիադաներում լավ տեղեր ենք զբաղեցրել, սակայն կրթական ընդհանուր համակարգը չի բավարարում մեր պահանջներին։

«Խնդիրն այն է, որ մենք մեր առջև դրված խնդիր չունենք։ Մենք ուղղակի ապրում ենք։ Ես այստեղ քննադատում եմ և´ իշխանություններին, և´ առաջին, և´ երկրորդ, և´ երրորդ նախագահներին։ Ես քննադատում եմ վարչապետներին, ովքեր պաշտոնավարել են, սակայն դա քննադատության մի մասն է։ Իսկ հասարակությունը ի՞նչ խնդիր էր դրել իր առջև։ Մեր հասարակության գերխնդիրը ո՞րն է։ Ես այնպես եմ հասկանում, որ մեր հասարակության գերխնդիրը իշխանություն փոխելն է, նրանցից վրեժ լուծելն է։ Ուրիշ խնդիր հասարակությունը չի դնում»,- նշում է Մանուկյանը

Նրա դիտարկմամբ՝ հասարակությունն ու իշխանությունը պետք է կարողանան իրենց առջև խնդիներ դնել։ Այսինքն՝ պետք է խնդիր դրվի, որ այսքան տարի հետո պետք է ունենք այս առաջընթացը, և հետո ստուգվի՝ դա արվել, թե ոչ։ Հավելում է՝ ես կարծում եմ, ժամանակը եկել է, 25 տարին անցել է, որպեսզի և´ հասարակությունը, և´ իշխանությունները մի պահ մտածեն, թե ինչ ենք անում և փորձենք փոփոխություններ մտցնել։

Մանուկյանի կարծիքով՝ ապրիլյան պատերազմը, երևանյան վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ փոփոխությունների ձգտում կա, սակայն որքան համարձակ դրանք կկատարվեն, ինչ նպատակների կհասնանք, դժվարանում է ասել։

Անդրադառնալով Կարեն Կարապետյանին՝ Մանուկյանը նորանշանակ վարչապետին համարում է շատ խելոք, պատրաստած անձի և որ նա` որպես քաղաքապետ, իրեն լավ է դրսևորել։ Նշելով վարչապետի դրական կողմերը՝ Մանուկյանը պնդում է՝  եթե նա չկարողանա ձևավորել կառավարությունը՝ որպես միասնական նպատակներ ունեցող թիմի, և եթե նորից տարբեր տեղերից նախարարներ լինեն, ապա այդպիսի կառավարությունով դժվար թե Կ. Կարապետյանը կարողանա կատարել այն փոփոխությունները, որոնք այժմ Հայաստանին անրաժեշտ են։

Մանուկյանին պնդմամբ՝ վարչապետներին գնահատական չպետք է տալ միայն ՀՆԱ-ի արդյունքի տոկոսի բարձրացումով կամ իջեցումով, քանի որ իրականում վարչապետները պետք է ստրատեգիական ուղղություններ փոխեն, և դրանց արդյունքները կզգացվեն արդեն հաջորդ վարչապետի պաշտանավորման ժամանակ։

«Անկախության այս՝ 25-րդ հոբելյանական տարին պետք է ծառայի նրան, որ իշխանությունները սթափվեն, դնեն որոշակի խնդիրներ, և բոլորս ականատես լինենք, որ քայլ առ քայլ այդ խնդիրները լուծվում են»,- ամփոփեց Մանուկյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter