HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փոքր և միջին ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում». Կարեն Կարապետյան

Կառավարության հերթական նիստում իր առաջին ելույթի ժամանակ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախ անդրադարձել է հարկային քաղաքականությանն ու գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությանը: Կառավարության պաշտոնական կայքը մեջբերում է Կարապետյանի ելույթը.

«Առաջինը. շատ է խոսվում հանրությանը բավական հետաքրքրող թեմայի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Մենք աշխատում ենք, ստեղծում ենք համապատասխան նոր հանձնաժողովներ, որպեսզի կոորդինացնենք դա: Բայց այս պահին ուզում եմ Պետական եկամուտների կոմիտեին տալ հանձնարարական. առաջին հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց գործառույթները: Ելնելով դրանից՝ ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարումը։ Երկրորդ, հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր և միջին ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառում և գործունեության թափանցիկության ապահովում: Աշխատակազմին՝ նախապատրաստել ավելի մանրամասն հանձնարարական, բայց այս գործողությունները, պարո՛ն Հովսեփյան, Դուք պետք է կատարեք առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու։ Որևիցե ձևակերպում, որևիցե ստուգում չպետք է խանգարի իրենց ամենօրյա գործունեությանը:

Երկրորդը՝ սոցիալական մասով. առաջարկում եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Էներգետիկայի և բնական պաշարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։ Խոսքն ինչին է վերաբերում․ մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական: Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար։ Հանձնարարականը նույնպես կձևակերպվի, ժամկետները կսահմանվեն։ Այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայությունները մատուցում են» :

Այնուհետև կառավարության նիստում քննարկվել է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը: Կառավարության կայքի համաձայն` օրինագծով նախատեսված փոփոխությունները և լրացումն ուղղված են առևտրի և ծառայությունների մատուցման ոլորտներում գործունեություն իրականացնելիս փոքր և միջին ձեռնարկատերերի համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն։

Երևանի քաղաքապետարանի կայքը մանրամասնում է, որ օրենքի ընդունման արդյունքում ոգելից և ալկոհոլային խմիչքի, ծխախոտի վաճառքի, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափերը կսահմանվեն ըստ տնտեսվարող սուբյեկտի զբաղեցրած տարածքի չափերի: Երևանում, քաղաքապետարանի հաշվարկով, ոգելից խմիչքի և ծխախոտի վաճառքի թույլտվություն ունեցող մոտ 4500 օբյեկտներից շուրջ 3000-ը տեղական տուրքը կվճարեն ավելի ցածր դրույքաչափով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter