HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զեյթուն» ուսանողական ավանի ոդիսականը

ՀՀ կառավարության քաղաքականության արդյունքում ընդամենը մի քանի տարի հետո ուսանողական հանրակացարան հասկացությունը Հայաստանում հնարավոր է վերանա: Առայժմ այս մասին գիտակցում եւ ահազանգում են մարզերի անապահով ընտանիքների` Երեւանի ԲՈՒՀ-երում կրթություն ստացող մոտ 30 ուսանող, ովքեր բնակվում են ՙԶեյթուն ուսավան՚ հիմնադրամի 5-րդ մասնաշենքում:

ՙՍա 5-6 մարդու կամային շարժում չէ, սա մեր ապագայի, պետականության խնդիրն է: Մեզ արհամարելով, միակ տանիքից եւ կրթություն ստանալու հնարավորությունից զրկելովª իշխանությունները արհամարհում են մեր պետության ապագան` մոռանալով, որ իրենցից շատերը, այդ թվում` երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը բնակվել է նույն «Զեյթուն» ուսանողական ավանի 2-րդ մասնաշենքում:

«Ժողովրդավարությունից, երկրի ապագայից, երիտասարդության «շահերից» ելույթներ ունեցող Ռոբերտ Քոչարյանը իր ուսանողական տարիներին թեեւ չի ապրել անկախ Հայաստանում, սակայն խորհրդային տարիներին նրան ոչ ոք չի ստիպել ազատել հանրակացարանն այն պատճառով, որ այն հանձնվել է մեկ այլ ԲՈՒՀ-ի, որտեղ պետք է ապրեն արտասահմանից ժամանած ուսանողներ, որոնք ավելի վճարունակ են»,- դժգոհություն հայտնեց արդեն 4 ամիս շարունակ բողոքի ակցիաներ կազմակերպող, հանրակացարանաբնակ Լ-ն: Իրենց պայքարի ընթացքում ուսանողները կառավարության համապատասխան մարմիններին, ինչպես նաեւ` ՀՀ նախագահին 30 բողոք-դիմում են հղել, բայց որեւէ հստակ պատասխան այդպես էլ չեն ստացել: Այս պայքարի արդյունքում Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ նստացույց: 4 օր շարունակ հանրապետության Նախագահի նստավայրի մոտ նստացույց հայտարարելով` ուսանողները պարոն Քոչարյանի ուշադրությունն իրենց խնդրին փորձեցին հրավիրել ոչ թե աղմուկ-աղաղակի, այլ երաժշտական միջոցառումների, իրենց ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներով: Այս ուսանողներից շատերն արդեն հասցրել են շրջել աշխարհի բազմաթիվ երկրներում` Կոմիտասի եւ այլ հանճարների ստեղծագործությունների կատարումներով հիացնելով միջազգային հանրությանը: Ուսանողների պայքարի նպատակը խիստ մարդկային է` մեր երկրի գլխավոր երաշխավորին մարզերի անապահով ընտանիքների երեխաները խնդրում են թույլ տալ շարունակել սովորել, ստեղծագործել եւ միաժամանակ տանիք ունենալ: Այդ օրերին երկրի առաջին դեմքը խիստ զբաղված էր երիտասարդների խնդիրներով, սակայն բոլորովին այլ երիտասարդների: Ջանք չխնայելով` Նախագահը մերձեցման պար էր կազմակերպում ՙԲազե՚ համահայկական երիտասարդական հավաքում: Այսպիսով` նախագահը նստավայրում չէր, իսկ նրա փոխարեն որեւէ մեկը չփորձեց մոտենալ հանրակացարանի նստացույց հայտարարած ուսանողներին: Այս հանգամանքը բոլորովին չի նշանակում, որ նախագահի նստավայրի աշխատակիցները ուսանող չեն եղել կամ երբեւէ նման ակցիաների չեն մասնակցել: Ուսանողների նստացույցին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ բավական հետաքրքիր մի դեպք պատմեցին ՀՀ նախագահի օգնական Արմեն Գեւորգյանի մասին: Պարզվում է` պարոն Գեւորգյանը բավականին ակտիվ ուսանող է եղել: Մոտ 7 տարի առաջ Սանկտ-Պետերբուրգում նման իրավիճակ է ստեղծվել: Կառավարությունը որոշում է կայացրել ուսանողական հանրակացարանը հանձնել գործարարների: Ինչպես մեր, այնպես էլ Սանկտ-Պետերբուրգի ուսանողները, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանը, փակել են Սանկտ-Պետերբուրգի ուսանողական հանրակացարանի դռները եւ ներս չեն թողել գործարարներին: Բողոքի ակցիայի արդյունքում հանրակացարանը մնացել է ուսանողներին: Այս գեղեցիկ պատմությունից հետո, մնում էր ենթադրել, որ գոնե Արմեն Գեւորգյանը «Զեյթուն» ուսանողական ավանի հանրակացարանի ուսանողներին հասկանալու խնդիր չունի եւ առաջինն ինքը պետք է հանդիպեր նստացույցի մասնակիցներին: Ինչեւէ, փաստն այն է, որ «Զեյթուն» հանրակացարանի ուսանողների 4-ամսյա պայքարը որեւէ արդյունք չտվեց, եւ ուսանողներն այսօր ստիպված են իրենց պայքարը տեղափոխել իրավական դաշտ:

Մինչեւ 1994-ը Երեւանում գործում էր ուսանողական հանրակացարանների մոտ 30 մասնաշենք: Այսօր մնացել է Զեյթուն համայնքում գտնվող ընդամենը 2 մասնաշենք, որոնց օտարումն ընթացքի մեջ է:

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությանը պատկանող «Զեյթուն» ուսանողական ավան հիմանդրամի 8 մասնաշենքից 6-ը գործում են 1961-ից, իսկ վերջին 2 մասնաշենքերը շահագործման են հանձնվել 70-ական թվականներին: Խորհրդային միության փլուզումից հետո, 2000թ. ՀՀ կառավարությունը վերջապես որոշում է զբաղվել հանրակացարանների խնդրով: Իր նպատակին քիչ թե շատ ծառայող «Զեյթուն» ուսանողական ավան պետական բյուջետային կազմակերպությունը կառավարության 2000թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ լուծարվում է, եւ ստեղծվում «Զեյթուն» ուսանողական ավան հիմնադրամը: Ստեղծվում է նաեւ հիմնադրամի կառավարման մարմին` հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում ընդգրկվում են մեկական ներկայցուցիչ ԿԳ եւ Մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարարություններից, ինչպես նաեւ` այլ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից, որոնց տնօրինությանն են հանձնվում լուծարված ՙԶեյթուն՚ ուսանողական ավան պետական բյուջետային կազմակերպության առանձին հանրակացարանային մասնաշենքեր կամ հարկաբաժիններ:

Չնայած կառավարությունը հիմնադրամ ստեղծելու որոշում է կայացրել, սակայն այդպես էլ ոչինչ չի նշել հիմնադրամին պատկանող գույքի եւ դրա օգտագործման մասին: Հիմնադրամի կանոնադրությունից եւ կառավարության որոշումից ակնհայտ է, որ «Զեյթուն» ուսանողական ավանի բնակելի մասնաշենքերը կամ առանձին հարկաբաժինները պետք է հանձնվեն միայն հոգաբարձուների խորհրդի անդամ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: 2000թ. դեկտեմբերի 27-ի այս որոշումը հակասում է կառավարության մեկ այլ` 2000թ. հուլիսի 14-ի որոշմանը, որի համաձայն ԿԳ նախարարությունը «Զեյթունի» ուսանողական ավանի 7-րդ մասնաշենքը հանձնել է ՀՀ առողջապահության նախարարության Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տնօրինությանը: Նախ` այդ ժամանակ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը «Զեյթուն» ուսանողական ավանի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ չէր, երկրորդª առանց լուծարելու ՀՀ ԿԳ նախարարության «Զեյթուն» ուսանողական ավան պետական բյուջետային կազմակերպությունը, կառավարությունն իրավունք չուներ 7-րդ մասնաշենքը տրամադրել բժշկական համալսարանին:

Կառավարությունը ոչ միայն իր որոշմանը հակասող որոշում է ընդունել, այլեւ շարունակել է ՙԶեյթուն՚ ուսանողական ավան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ չհանդիսացող ԲՈՒՀ-երին մասնաշենքեր տրամադրել:

ՀՀ կառավարության 25.10.2001 թ. թիվ 1041 որոշմամբ հիմնադրամի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասնաշենքերը որպես •ույքային ներդրում հանձնվել են «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին: ՀՀ կառավարության 29.05.2003թ. թիվ 646-Ա որոշմամբ ՙԶեյթուն ուս.ավան՚ հիմնադրամի 8-րդ մասնաշենքը հանձնվել է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքին` որպես բնակելի ֆոնդ օգտագործելու համար:

Ինչպես տեղեկացրեց ԿԳ նախարարության քարտուղարության պետի տեղակալ Գրիշա Բաղդասարյանը, հիմնադրամի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասնաշենքերի ճակատագրերը վճռելու համար ՀՀ ԿԳ նախարարությունը 19.06.03 թ. հանձնաժողով է ստեղծել` հանրակացարանում ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

Անվիճելի է, որ հանրակացարանի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասնաշենքներն անմխիթար, հակասանիտարական վիճակում են: Մասնավորապես, 5-րդ մասնաշենքում բնակվող ուսանողներն իրենց միջոցներով են վերանորոգել սենյակները: Ողջունելի է նաեւ շենքերը վերանորոգելու կառավարության ցանկությունը, սակայն, ինչպես նախորդ մասնաշենքերի, այնպես էլ 5-րդ մասնաշենքի ճակատագիրը կառավարությունը նույնպես վճռել է օրինախախտումներով: 5-րդ մասնաշենքը կառավարությունը անժամկետ եւ անհատույց օգտագործման է հանձնել դարձյալ Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, սակայն, ի տարբերություն 7-րդ մասնաշենքի, կառավարությունը պայմանագիր կնքելու համար այս անգամ լիազորագիր է տրամադրել «Զեյթուն» ուսանողական ավան հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Մխիթարյանին: Կնքված պայմանագրի համաձայն վերանորոգելով 5-րդ մասանաշենքը` Բժշկական համալսարանը 1-ին հարակաբաժինը օգտագործելու է որպես կուլտուր-կենցաղային տարածք, 2-րդ, 3-րդ, 4-րդ հարկերում բնակեցնելու է իր ուսանողներին, իսկ 4-րդ եւ 5-րդ հարկաբաժինները թողնելու է ՙԶեյթուն՚ ուս.ավան հիմնադրամի տնօրինությանը: Պայմանագրի այս հատվածը հետաքրքիր է այնքանով, որ առաջին անգամ նշվում է, որ 5-րդ մասնաշենքի 4-րդ եւ 5-րդ հարկաբաժինները թողնում են հիմնադրամի տնօրինությանը, մինչդեռ թե° ԿԳ նախարարությունում, եւ թե° անձամբ հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Մխիթարյանն ասում են, որ հիմնադրամը գույք չունի եւ հանրակացարանի մասնաշենքերը երբեք հիմնադրամին չեն պատկանել: Տվյալ դեպքում անհասկանալի է, թե կառավարությունն ինչ սկզբունքով է պարոն Մխիթարյանին գործարք կնքելու լիազորագիր տրամադրել մի գույքի (5-րդ մասնաշենքի) վերաբերյալ, որի նկատմամբ որեւէ իրավունք չունի:

Ինչ վերաբերում է հանրակացարանի մյուս երկու` 4-րդ եւ 6-րդ մասնաշենքերին, ապա ԿԳ նախարար Սերգո Երիցյանն, որը նախարար դառնալուն պես առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե ինքն եկել է այս ոլորտում արդարություն հաստատելու, նախագահի նստավայրի մոտ նստացույց հայտարարած հանրակացարանի ուսանողներին անձամբ հայտնել է, թե 4-րդ մասնաշենքը նույնպես տրամադրվելու է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիային, որը չի հանդիսանում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Պարոն Երիցյանի այս հայտարարությունը հավաստի է նաեւ այնքանով, որ արդեն բավական երկար ժամանակ է, ինչ լուրեր են պտտվում, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը պատրաստվում են տեղափոխել հանրակացարանի 4-րդ մասնաշենք: Գուցե պարոն Երիցյանի հայտարարության բացասական արձագանքներն էին պատճառը, որ ԿԳ նախարարությունը ստիպված գրավոր հերքել է 4-րդ մասնաշենքը Եվրոպական տարածաշրջանային ակադեմիային տրամադրելու մասին Երիցյանի հայտարարությունը: ԿԳ նախարարության պատասխանից նաեւ ակնհայտ է, որ ուսանողների դիմումին պատասխանելով` ԿԳ նախարարությունը հաշվի է առել նաեւ պարոն Երիցյանի կուսակցական պատկանելությունը եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ղեկավարությանը: «Զեյթուն» ուս. ավան հիմնադրամի ուսանողական խորհրդի վերոհիշյալ նամակում նշվել է, որ 4-րդ մասնաշենքը տրամադրվելու կամ վաճառվելու է «Օրինաց Երկիր» կուսակցությանը: Նշվածի վերաբերյալ հայտնում եմ, որ ՀՀ ԿԳ նախարարությունում այդպիսի հարց չի բարձրացվել եւ չի քննարկվել»,- նշված է ԿԳ նախարարության գրավոր պատասխանի մեջ: Մնում է հավատալ, որ Սերգո Երիցյանը պարզապես տեղյակ չէ, թե ինչ հարցեր են բարձրացվում կամ քննարկվում իր նախարարությունում:

ԿԳ նախարարությունը ուսանողներին գրավոր տեղեկացրել է նաեւ, թե ինչպես է տնօրինվելու հանրակացարանի 6-րդ մասնաշենքը. «Զեյթուն» ուս.ավան հիմնադրամի 6-րդ մասնաշենքի 2-րդ հարկի թվով 12 սենյակ եւ 3-րդ հարկը ամբողջությամբ` 40 սենյակ տրամադրել Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտին, իսկ 4-րդ եւ 5-րդ հարկաբաժինները` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին»: Իսկ մնացած պետական ԲՈՒՀ-երի ուսանողները պարզապես կմնան առանց հանրակացարանի: ԿԳ նախարարության քարտուղարության պետի տեղակալ Գրիշա Բաղդասարյանը մեզ վստահեցրեց, որ իրենք նախքան հանրակացարանի մասնաշենքերի ճակատագիրը տնօրինելը խորհրդակցության են հրավիրել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին եւ առաջարկել վերանորոգել եւ տնօրինել մասնաշենքերը: «Հանրակացարանի բոլոր շենքերը շատ անմխիթար վիճակում էին: Պետական բյուջեն ի վիճակի չէ դրանք վերանորոգել: Մենք էլ փորձեցինք ուղիներ փնտրել շենքերը վերանորոգելու համար, սակայն ոչ բոլոր ԲՈՒՀ-երի ներկայացուցիչները համաձայնեցին վերանորոգել շենքերն իրենց ուսանողների համար»,-ասաց պարոն Բաղդասարյանը: Բժշկական համալսարանի` հիմնադրամի հոգաբարձուների անդամ չլինելու եւ միաժամանակ 2 մասնաշենք ձեռք բերելու կապակցությամբ Գրիշա Բաղդասարյանն ասաց. «Հոգաբարձուների խորհուրդ ստեղծելու ժամանակ բժշկականը մեր անդամը չէր, սակայն այսօր բոլորն էլ մեր հիմնարկներն են եւ մտածում են մեզ օգնելու մասին»: Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան հանրակացարանի միանգամից 3 մասնաշենքերին տիրանալու հանգամանքը պարոն Բաղդասարյանն այսպես մեկնաբանեց. «Եվրոպական ակադեմիան առանձին կառույց է, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինել երբեք չի կարող: Մասնաշենքերը Ակադեմիային են հանձնվել ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ կառավարությունը ցանկացած որոշում կայացնելու իրավունք ունի»:

«Ցանկացած որոշումներ կայացնելու կառավարության իրավունքի» մասին Գրիշա Բաղդասարյանի հայտարարությունն անկասկած կշոյի իր վերադասներին, սակայն փաստ է, որ կառավարության կողմից պետական ԲՈՒՀ-երի միջեւ Զեյթունի ուսանողական հանրակացարանի մասնաշենքերի անհավասար բաշխումը ոտնահարում է մարզերի անապահով ուսանողների կրթություն ստանալու իրավունքը:

Իրավաբան Մասիս Ղազանչյանն առկա փաստաթղթերը բավարար չհամարեց կառավարության գործողություններին լիարժեք իրավական գնահատական տալու համար, իսկ «Զեյթուն» ուս. ավան հիմնադրամի տնօրենն ու ԿԳ նախարարության քարտուղարության պետը վստահեցրին, որ այլ փաստաթղթեր գոյություն չունեն: «Ստացվում է` թեեւ ստեղծվել է «Զեյթուն» ուս.ավան հիմնադրամը, սակայն այն իրականում գոյություն չունի, քանի որ նրան ոչ մի գույք ամրացված չէ: Քաղաքացիական օրենսգրքի 123 հոդվածի համաձայն` «Հիմնադրամ է համարվում քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված անդամություն չունեցող կազմակերպությունը»: Ըստ Մասիս Ղազանչյանի` «Զեյթուն» ուս. ավան հիմնադրամ ստեղծելով կառավարությունն իրեն անսահման իրավունք է վերապահել հանրակացարանի համալիրը անվերահսկելի տնօրինելու համար: Կառավարության գործողություններն ու որոշումները անթերի չհամարելով` պարոն Ղազանչյանը գտնում է, որ այս խնդիրը ոչ այնքան իրավական է, որքան բարոյական. ՙԵս համաձայն չեմ, որ կառավարության մակարդակում օրենքի պահանջի կատարումը շատ ավելի կարեւոր է, քան բարոյական նորմերի պահպանումը: Կառավարությունն առաջինը պետք է բարոյական նորմերի պահապանն ու կատարողը լինի: Վերջին հաշվով, կառավարությունը սոցիալապես անապահով խավերի նկատմամբ պարտավորություններ ունի, այդ թվում` ուսանողների»:

շարունակելի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter