HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Armenia Expo 2016». Իրանում կներկայացվեն հայկական ընկերություններ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերից

Հայաստանի զարգացման հիմնադրամը տեղեկացնում է, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում կազմակերպել է հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-8-ը՝ Թեհրանի ցուցահանդեսների միջազգային համալիրում: «Հայաստան Էքսպո 2016»-ը (“Armenia Expo 2016”) կազմակերպվել է Հայաստան-Իրան առևտրատնտեսական կապերի ակտիվացման նպատակով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իրանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: 

«Այս միջոցառման կազմակերպմամբ նպատակ ունենք իրանական շուկային ներկայացնել Հայաստանի տնտեսության ներուժն ու զարգացման հնարավորությունները, որոնք ավելի են ընդլայնվել ԵԱՏՄ մեր անդամակցությամբ: Միաժամանակ, նպատակ ունենք իրանցի գործարարների ավելի լայն շրջանակի համար բացահայտել մեր երկրի միջոցով նոր շուկաներ դուրս գալու առավելությունները: Հուսով եմ նաև, որ ցուցահանդեսի ընթացքում հայ և իրանցի ձեռներեցների միջև նոր գործարար կապեր կհաստատվեն, կքննարկվեն ներդրումային ծրագրեր, որոնք ներկայացվելու են ցուցահանդեսի շրջանակում»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:  

«Հայաստանի կառավարությունը արտահանման ծավալների մեծացման նպատակով որդեգրել և իրականացնում է ակտիվ և բազմավեկտոր քաղաքականություն, որի շրջանակում է դիտարկվում նաև Իրանում կազմակերպվող «Հայաստան Էքսպո 2016» հայկական ապրանքների ու ծառայությունների ցուցահանդեսը։ ՀՀ կառավարությունը կարևորում և առաջնային է համարում Իրանի հետ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների խորացումը և արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունը», - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը։

«Կարծում եմ՝ այսօր առկա են բոլոր նախապայմանները, որոնք կարող են մեծացնել Իրանի և իրանական շուկայի նկատմամբ հայկական բիզնեսի հետաքրքրությունը: Դրանց շարքին են դասվում Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, որպես դրա արդյունք՝ եվրոպական, ռուսական և այլ երկրների կողմից Իրանի հանդեպ օրեցօր մեծացող հետաքրքրությունը, ԵԱՏՄ-Իրան համագործակցության ընդլայնումը և առևտրի հնարավոր ազատականացումը, և, անշուշտ, մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ, բարեկամական հարաբերությունները: Ժամանակի հրամայական է Հայաստանը դարձնել գործարար հարթակ՝ Իրանի հետ հարաբերություններ զարգացնելու ցանկություն ունեցող երկրների և ընկերությունների համար»,- նշել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը:

«Հայաստան Էքսպո 2016»-ին կներկայացվեն հայկական սննդի, դեղագործության, շինանյութերի արտադրության, թեթև արդյունաբերության, ոսկեգործության, ճշգրիտ ճարտարագիտության, ՏՏ,  բանկային, ապահովագրության, բեռնափոխադրումների և այլ ոլորտների շուրջ 80 ընկերությունների ապրանքներ ու ծառայություններ։ Հայտերի ընդունումը շարունակվում է մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով (հեռ.՝ 011.597.800)։ 

Նմանատիպ ցուցահանդես կանցկացվի նաև Երևանում, որտեղ կներկայացվեն իրանական ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter