HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Միքայել Մելքումյան. «Քաղաքական կամքի իրացման համար պայման և թույլտվություն է պետք»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նախորդ շաբաթվա կարևոր իրադարձություններից է համարում իշխանական և ոչ իշխանական ուժերի միջև կայացած համաձայնությունը՝ Ընտրական օրենսգրքում արված լրացումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ ողջունում է ստորագրված ընտրացուցակների հրապարակումը։

Մելքումյանը, որքան էլ կարևորում է այս փոփոխությունը, սակայն դրանում մտահոգություն է տեսնում։ Պարզաբանում է՝ եթե մենք, դատական համակարգի փորձը, վարչարարությունը հաշվի առնելով, 2000 ընտրատեղամասերից ընդունենք 200-400 ընտրակեղծիքի բողոքներ, և դրանք հասնեն դատական փուլի, ապա լուրջ խնդիրներ են ծագելու, քանի որ Հայաստանում դատական «պրակտիկան» շատ տխուր վիճակում է, և այդ գործերի քննությունը կարող է տևել  9-10 ամիսից մինչ 1,5 տարի։

Այդ պատճառով պատգամավորն առաջարկում է ընտրական օրենսգրքի, օրենսդրական լուծումների  հետ միասին արագացված դատական գործընթացներ կազմակերպելու որոշում ընդունել։ Այս գործընթացը Մելքումյանը քաղաքական որոշում է համարում, քանի որ կարծում է, որ այսօր դատարանները, ըստ էության, չեն սպասարկում հանրային, բիզնես շահը։

Նա ընդգծում է, որ քրեական գործերի հարուցման, դատական գործընթացների արագացված «պրակտիկայի» պարագայում կունենանք ճշգրիտ պատկեր, և ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն դրվի։

Պատգամավորը շաբաթվա երկրորդ կարևոր իրադարձություն է համարում վարչապետի փոփոխությունը։

«Եթե հիշում եք, ժամանակին, երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, ես իր հետ հանդիպման ժամանակ և հրապարակային կերպով բազմիցս ասել եմ, որ վարչապետը իր գործունեությունում կունենա հաջողություն, եթե սոցիալական, տնտեսական, հարկային հարցերում գոնե 50 %-ով հանրապետության նախագահի որոշումների վրա վետո դնելու իրավունք ունենա։ Երկուսուկես տարի առաջ արտահայտած այս առաջարկից բան չի փոխվել, այժմ կրկին ավելացվում են այդ վետոյի շրջանակաները»,- ասաց պատգամավորը:

Մելքումյանի կարծիքով՝ եթե նորանշանակ վարչապետն իր արտահայտած այդ խնդիրներին զուգահեռ դատաիրավական համակարգի, արդարության վերականգման, անվտանգության համակարգերի հետ կապված հարցերում չունենա վետո դնելու իրավունք, ապա մենք շատ բարդությունների ենք հանդիպելու։

Պատգամավորը նաև համամիտ է օրեր շարունակ հնչող այն գնահատականներին, որ Հայաստանի տնտեսության վիճակը այսօր ծանր է, բայց և շեշտում է՝ դրա մասին ինչքան ժամանակ է՝ ասում են. «Քաղաքական մեծամասնությունը թող բարի լիներ դրա մասին ասեր, ոչ թե գան հրամցնեն, և ինքը ուղղակի դիտորդի կարգավիճակով ընդունի այն, ինչ որ կա։ Այո՜, տնտեսության վիճակը նոր չէ, որ ծանր է։ Տնտեսության վիճակը երկու տարի, մեկուսես տարի, հիմա էլ ծայրահեղ սրված է»:

Եվ այն հայտարարությունները, որ հնչեցնում էր կառավարությունը ոչ ստանդարտ լուծումներ գտնելու, երևույթների դեմ պայքարելու համար քաղաքական կամք դրսևորելու վերաբերյալ, Մելքումյանն ընդգծում է՝ դա միայն հայտարարելով չէ։ Պատգամավորը կրկնում է՝ քաղաքական կամքի իրացման համար պայման և թույլտվություն է պետք։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter