HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կծանոթանան նորանշանակ վարչապետի ծրագրին, հետո գնահատականներ կտան

ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը կարևոր փուլ է համարում  գալիք ՏԻՄ ընտրությունները, և որպես դրա կարևորագույն հարթակներ ընդգծում է Վանաձոր և Գյումրի քաղաքները։ Ընտրությունների անցկացման առանցքային հանգամանք է համարում՝ դրանց օրենքի շրջանակներում անցակցնելը։

««Հայկական վերածնունդ» կուսակցությունը գրեթե բոլոր բնակավայրերում առաջադրել է գյուղապետերի, քաղաքապետերի, ավագանու անդամների թեկնածություններ,և մենք ակտիվորեն մասնակցելու ենք այս գործընթացին»,-նշում է Շահգելդյանը։

Խմբակցության քարտուղարը այս ընտրությունները համարում է «լակմուսի թուղթ», որով գնահատվելու և վերլուծվելու են տեղի ունեցող գործընթացները։

Անդրադառնալով Գյումրու ընտրություններին՝ Շահգելդյանը հիշեցնում է՝ ներկարացրել են ցուցակ, որը գլխավորելու է Հովհաննես Մարգարյանը, և որ իրենց կուսակցությանը այս ընտրություններին աջակցում են քաղաքական, հասարակական բազմաթիվ գործիչներ, մասնագետներ։ Ըստ Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանը ընդունված և սիրված է ողջ Գյումրիում. նա երկար տարիներ խոսել և պայքարել է Գյումրու հիմնախնդիրների համար։

Իսկ ընտրական օրենսգրքի լրացումների մասով, քարտուղարը ի սկզբանե ընդգծում է, որ սա փաստաթուղթ է, որն ուղղված է  ընտրությունների՝ տեխնիկական վերահսկողության բարելավվմանը: «Որպեսզի չխոչընդոտեինք ամբողջական գործընթացին, մասնակցել և միացել ենք հայտարարությանը»,-հավելում է նա։

Սակայն Մ.Շահգելդյանը շեշտում է, որ ընտրական օրենսգրքի մասով ՕԵԿ-ն ունի առաջարկներ, որոնք կբարելավեն ամփոփման և հաշվարկների մեխանիզմները։ Այս փաստաթղթում կուսակցությունը հատկապես կարևորում է առցանց հեռարձակման հնարավորությունը, ինչպես նաև՝ քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը։ Թեև պատգամավորը չի կարծում, որ այս ընտրական օրենսգիրքը միակ տարբերակ է, որը բացարձակ մաքուր կդարձնի ընտրությունները, սակայն այն համարում է դրա բարելավման ևս մեկ մեխանիզմ։

Ընտրական օրենսգրքում ՕԵԿ-ի ներկայացրած որոշ առաջարկներ չեն ընդունվել, որոնք, Շահգելդյանի խոսքով, ԱԺ քննարկումների ժամանակ կրկին առաջարկվելու են։ Մասնավորապես՝ ԶԼՄ ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների՝ ընտրատեղամասում գտնվելու թվաքանակի սահմանափակումների հանգամանքով։ ՕԵԿ-ն առաջարկելու է փոփոխել այս դրույթը, քանի որ կարծում է, որ նրանց ընտրատեղամասերում գտնվելը բարձրացում է ընտրությունների թափանցիկության մակարդակը։

Խոսելով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարումից՝ Շահգելդյանն դեռևս չցանկացավ գնահատականներ տալ, քանի որ վարչապետը դեռևս երեք օր է նշանակվել և դեռ կներկայացվի ծրագիր, որին կծանոթանան, հետո գնահատականներ կտան։

Սակայն, վարչապետին հաջողություն մաղթելով, չի մոռանում ընդգծել նրա ուշագրավ հայտարարությունը՝ «բիզնեսներ չեն խլվելու» բովանդակությամբ.«Սա նշանակում է, որ բիզնեսներ են խլվե՞լ, եթե դա այդպես է, ապա սա խիստ   բացասական է։ Չնայած մենք բազմիցս խոսել ենք տնտեսության օլիգարխիզացիայի և մոնոպոլիզացիայի դեմ»,-հավելում է քարտուղարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter