HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողովի անդամները դժգոհում են, որ ծանրաբեռնված են աշխատում, փոխարինող չունեն

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենում նաև Մեղրիում. Համայնքների խոշորացման արդյունքում  տարածաշրջանի 13 նախկին գյուղական և Ագարակ քաղաքի միավորման արդյունքում ձևավորվել է Մեղրի համայնքը, որի միակ թեկնածուն Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Ագարակի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն է: Միավորված համայնքի ավագանու 11 տեղի համար պայքարում է 14 թեկնածու:

Մեղրիի մշակույթի տանը գտնվող թիվ 38/2 տեղամասում ժամը 11:30-ի դրությամբ 1684 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 400-ը: Ընտրատարածքում են ավագանիների 12 վստահված անձ, որոնց մեծ մասի վկայականները, սակայն, տեսանելի չեն: Հանձնաժողովի քարտուղար Պավլիկ Կարապետյանի խոսքով` տեղամասային ընտրական հանձնաժողովն աշխատում է նախատեսված 8-ի փոխարեն 7 հոգով, քանի որ նախօրեին «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված հանձնաժողովի անդամը ինքնաբացարկ է հայտնել:

«Մեծ տեղամաս է, անգամ 1 հոգու մասնակցությունը կարևոր է, մեր աշխատանքը կթեթևացներ»,-ասում է քարտուղարը` հավելելով, որ այդ մասին նախապես տեղյակ են պահել թիվ 38 ընտրատարածքային հանձնաժողովին, բայց նոր նշանակում չի կատարվել:

Տեղամասում չկան ցուցանակներ, թե որոնք են  հանձնաժողովի նախագահի, քարտուղարի նստելատեղերը: Չնայած նրան, որ տեղամասում ոստիկաններ կան, այնուամենայնիվ, պարբերաբար կուտակումներ են նկատվում: Քվեարկության` քվեաթերթիկ ստանալու և քվեարկելու համար հավաքվում է 40-ից ավելի մարդ: Այդ մասին հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը պարբերաբար տեղեկացնում է ոստիկաններին, սակայն կուտակումները բարբերաբար կրկնվում են: Հանձնաժողովի անդամները շարունակում են դժգոհել, որ իրենք ծանրաբեռնված են աշխատում և փոխարինող չունեն:

Ավագանու անդամ Աշոտ Ադամյանի վստահված անձ Վահե Կանդազյանի խոսքով` մինչև այժմ ընտրախախտումներ կամ այլ միջադեպեր չեն գրանցվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter