HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Անկախության կորուստներն ու ձեռքբերումները

Անկախության քառորդ դարը սոսկ երգ ու պարի, փուչիկների, հրավառության առիթ չէ, ոչ էլ դեմքերը եռագույնով ներկած ծիծաղկոտ մանկան հուսավառ աչքեր: Այն առաջին հերթին անկախության ձեռքբերումների ու կորուստների ռացիոնալ գնահատման, նոր ախտորոշումների, վերարժևորման պարտադիր պահանջ է՝ հետագա ընթացքի որոշարկման, եղած ու լինելիք ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու հնարը գտնելու համար: Ի՞նչ ենք արժեքային առումով կորցրել ու ձեռք բերել այս 25 տարիներին, ինչպե՞ս ենք այն տնօրինել, ինչքանո՞վ ենք հավատարիմ մնացել այն իդեալներին, որոնք 1991թ. սեպտեմբերի 21-ին մեզ առջնորդում էին դեպի ճակատագրական հանրաքվե: 

Անկախության կորուստները

1. 25 տարիներին մեր ամենամեծ կորուստը մարդկային ահռելի ռեսուրսի շարունակվող արտահոսքն էր: Դա ռոմանտիզմի և իրականության դաժան բախման արգասիքն էր: Ոմանք հեռացան, որովհետև չհասկացան, որ ոչ թե անկախությունն է իրենց պարտք, այլ որ իրենց պարտքն անկախությանը վերջ չպետք է ունենա: Ոմանք տվեցին հնարավորն ու անհնարինը և հեռացան խռոված, չգնահատված, չհասկացված լինելու դառը կսկիծով: Շատերը գնացին որևէ բան փոխելու անզորությունից, անարդարությունից, ստորացված լինելու՝ իրենց պարտադրվող կարգավիճակի հետ չհամակերպվելուց: Մյուսները գնացին, որովհետև նախընտրեցին սեփական երկրի անկախությունը սիրել դրսից:

Այս շարունակվող «արյունահոսությունը» ճչում է այն մասին, որ պատրաստ չէինք անկախության ծանր բեռը պատասխանատվությամբ տանել: Անցած 25 տարիներին Հայաստանը չդարձավ իր ժողովրդի ստեղծագործ, արարչական էությունը բացահայտելու, նրա հսկայական ներուժն իրացնելու հնարավորություն տվող բնական միջավայր: Մեր տաղանդը փախավ ու շարունակում է փախչել այնտեղ, որտեղ ինքնաբացահայտման ավելի լավ պայմաններ կան, որտեղ չէր կարող կաղապարված մնալ կարծրատիպային տգիտության, գավառամտության, ինտրիգների, մանր անձնային ու խմբակային շահերի ճիրաններում: Եվ ամենասարսափելին այս «ինքնափախուստի» հետ ներքին հաշտությունն է:

2. Անցած 25 տարիներին մենք չկարողացանք ձեւավորել անկախության իրական զավակին, ժառանգորդին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Չհաջողվեց անկախություն կերտած հայրենանվեր հային վերափոխել ուղն ու ծուծով իր գործառույթը, առաքելությունը պատկերացնող և գործադրող քաղաքացու: Մոլորություն է, որ նախկին ու ներկա մեր բոլոր իշխանությունների բովանդակության, որակի շարունակականության և կենսունակության գրավականը նրա յուրացրած լծակներն են, անհագուրդ հարստացման տենչը, նախնական կապիտալի կուտակման կատաղի մրցավազքը: Իրական գրավականը եղել ու շարունակում է մնալ Հայաստանի քաղաքացու՝ որպես գործոնի բացակայությունը, ավելի ճիշտ՝ քաղաքացիական գիտակցության՝ որակապես փոքրամասնություն մնալու հանգամանքը: Պարզապես միշտ վատ քաղաքացին իշխանության է բերում իր նման վատ և իրեն արժանի քաղաքացիների, ձևավորում քաղաքացիական գիտակցությունից զուրկ հասարակական, քաղաքական, մշակութային ու տնտեսական էլիտա:

Չկա ժամանակակից արդյունավետ պետություն առանց քաղաքացու: Դրա համար էլ ներկայիս Հայաստանը սիրում ենք իբրև հայրենիք, ավելի ճիշտ՝ իբրև հայրենիքի մի մաս: Բայց հավաքական գիտակցության առումով, մեծ հաշվով, այն չենք սիրում իբրև պետություն: Դրա համար էլ հիանալի հայ ենք, բայց սարսափելի վատ քաղաքացի:

3. Չկարողացանք դուրս գալ արտաքին կողմնորոշումների, դարերով մեզ բզկտած արտաքին կողմնորոշուների երկընտրանքներից՝ չսովորելով պատմության դասերը: Արևմո՞ւտք, թե՞ արևելք: Արժեքային, գաղափարական, հասարակարգային այդ ընտրանքների մեջ ցուցաբերելով կույր անհանդուրժողականություն՝ շարունակում ենք ոչ մի կերպ չըմբռնել «երրորդ ուժի բացառման» սկզբունքը, շարունակում ենք մեր ներկայի ու ապագայի կառուցման պատասխանատվությունն ուրիշների վրա բարդել, ընդ որում՝ առանց նրանց ցանկությունն իմանալու, չհավատալ մեր հավաքական և ինքնուրույն ուժին: Մեր փոխարեն մեր անունից և մեզ համար որոշումներ կայացնելու իրավունքը պատվիրակելով երկրորդների ու երրորդների՝ նախընտրում ենք գործոնի փոխարեն լինել այլոց շահերի իրացման օբյեկտ, ինքնապաշտպանվել «մենք ոչինչ չենք կարող որոշել» ամոթալի և պարտվողական աշխարհըմբռնմամբ:

Այսօրվա իշխանության ուժի ընտրանքը ռուսակենտրոն արևելքն է, և ինքնիշխանությունն այդ ընտրությանն է մատաղ արվում: Վաղը, գուցե, իշխանության կլինի եվրոպակենտրոն Արևմուտքի ընտրանքը, և ինքնիշխանությունը կզոհաբերվի նրա շահերին:

Այս ծայրահեղություններն արժեզրկում, իմաստազրկում են անկախության, ազատության մեր իդեալները և որպես հետևանք՝ անկախությունը դառնում է սեփական վախերի, անվճռականության, անորոշությունների հետևանքով թույլ տրվող մեծ ու փոքր սխալների, սայթաքումների ինդուլգենցիայի վճարամիջոց, անկախությամբ մեզ տրված ինքնիշխանությունը մաս առ մաս կորցնելու, հանձնելու, վաճառելու ինքնարդարացում:

Սա սարսափելի ինֆեկցիա է, որի դեմ պայքարում մեր օրգանիզմը գրեթե կորցրել է իմունիտետը: Այդ ներքին պայքարում մեր ինքնապաշտպանության շարունակվող պարտությունը՝ փոխադարձ ատելության, անվստահության, անհավատության, իրար մեջ դավաճաններ ու դավադիրներ փնտրելու մոլուցքի, քաոտիկ դրսևորումներով թարախի նման ծորում է մեր հավաքական օրգանիզմից: Այդ կենտրոններին ծառայող, հանրային գիտակցությունը զոնդաժավորելով իրար միջև կատաղի պատերազմներ մղող մեր ներսի «հինգերորդ շարասյուներն» ու կոլաբորացիոնիստները պարզապես թույլ չեն տալիս գտնել հետագա ընթացքի համընդունելի հայաստանակենտրոն ուղենիշները՝ նման գաղափարի կրողներին որակելով դոնքիշոտյան ռոմանտիկներ:

4. Ձախողվել է համակարգային պետական կառավարումը: Ապրիլյան պատերազմը բացահայտեց, որ անխտիր բոլոր ուղղություններով կառավարման համակարգը չի համապատասխանում Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների բնույթին, մասշտաբներին և պատրաստ չէ դիմակայելու դրանց: Պատճառն այն է, որ պետական իշխանությունը չի ձևավորվում ու չի գործում հանրային իրական պահանջների հենքի վրա՝ վերածվելով ինքնաբավ ու փակ մի համակարգի, որի ամբողջ կենսափիլիսոփայությունը պետական լծակների՝ իբրև սեփականության, պաշտպանությունն է ցանկացած գնով: Ինքնամաքրման մեխանիզմներից զուրկ, հասարակությունից օտարված իշխանությունը բարեփոխումների ռեսուրս չունի, որովհետև ցանկացած իրական բարեփոխում ենթադրում է անխուսափելի հրաժարում այդ սեփականությունից և ձևավորված կոնգլոմերատի փլուզում: Բայց այս համակարգը կենսունակ է, որովհետև առայժմ անկենսունակ է քաղաքացիական գիտակցությունը: Եվ անկախ այն հանգամանքից, որ հասարակությունը տոտալ անվստահություն ունի նման համակարգի հանդեպ, պարադոքսային կերպով հենց այդ համակարգը պահպանելու հարցում անուղղակի վերածվել է հենց նրա դաշնակցի: Նայեք բոլոր ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին:

Անկախության ձեռքբերումները

Նվաճումները շատ չեն եղել: Բայց դրանք այնպիսին են, որ լուսավոր ու արժանապատիվ վաղվա օրվա հույս են արթնացնում, որքան էլ համատարած գորշությունն ու գաղջը խանգարում են թացը տարբերել չորից:

1. 25-ամյա անկախության նվաճումը անկախության զավակներն են՝ անկախության սերունդը, որը գիտակից կյանքում այլ  Հայաստան չի տեսել ու չի պատկերացնում, որն ազատ է եթե ոչ իր իրավունքների իրացման ամբողջ սպեկտրով, ապա գոնե՝ մտքով, կամքով, անձնական ու համահասարակական ձգտումներով: Այն հասարակարգային կաղապարված մտածողական կաշկանդումներ չունի: Գիտակցական հարթությունում անկախության սերունդը մեր բոլոր ազգային ու հասարակական ախտերի կրողն է, ավելի ճիշտ՝ դրանց գերին: Բայց ենթագիտակցորեն նորի կրողն է՝ ի տարբերություն անհանդուրժելի հնի ու անհասկանալի կամ անհասանելի նորի լաբիրինթոսներում դեգերող՝ անկախութուն կերտած նախորդ սերնդի: Ենթագիտակցորեն այն պատրաստ է ինքնազոհողության ոչ միայն իր հայրենիքի, այլև որ շատ ավելի կարևոր է՝ իր պետության համար: Տեսակի ինքնապահպանության խարիսխը նրա համար Հայաստան պետությունն է, որը մերժում է զուտ գոյություն ունենալու ստորաքարշ կենսակերպը, մերժում է իր անկախությունը, իբրև իր ապագան և իր արժանապատվությունը, մանրադրամի վերածելու հների(ս) պատրաստակամությունը: Սերունդ, որը հույսն իր վրա է դնում՝ իր մեջ կրելով հաղթող ժողովրդի գենետիկ նորոգված կոդերը և փորձում է ջարդել «օրհնված սհաթների» ավերիչ ինքնախաբեության պատերը: Սերունդ, որ սովորում է հստակ ձևակերպել իր պահանջները, գնալ այդ պահանջների ետևից, անհրաժեշտության դեպքում ինքնակազմակերպվել՝ բարձր կանգնելով ներքին խարդավանքներից՝ թեկուզ էմոցիոնալ, թեկուզ տարերային, թեկուզ քաղաքականապես չհասունացած և հում: Դրանք ընդամենը ապագայի առողջ հասարակության ազդակներն են, սերմերը: Այն հասարակությունը, որը ճակատով բախվեց անկախության փորձաքարին ու երերաց, միայն մեր ժողովրդին հատուկ հավերժելու բնազդով հղիացել է ահա այս որակի սերնդով, որն իր խոսքը հաստատապես ասելու է վաղը: Եվ գուցե անկախության կեսդարը այն կնշի բացարձակապես այլ իրականությունում:

2. Անկախության մեր մյուս նվաճումը, անկասկած, ազգային բանակն է, պետական համակարգային միակ բաղադրիչը, որն իր բոլոր թերություններով հանդերձ՝ կարելի է կայացած համարել: Բանակը սոսկ սպառազինությունը չէ, նոր, գերհզոր տեխնիկան չէ: Անգամ ամենաժամանակակից, տեխնոլոգիական զենքն ու զինտեխնիկան ոչին չարժեն առանց մարտունակ ու ոգեղենացած զինվորի, առանց պրոֆեսիոնալ հրամանատարի: Բանակն առօրյա կյանքում սովորական, երբեմն աննկատ ու համեստ զինվորի գիտակցված ինքնազոհողության հոժարութունն է, ընկերոջ թիկունքը չբացելու համար իր ընկնելը կամ նահանջելն անթույլատրելի համարելով՝ մաքառումը, իր սպային մենակ չթողնելու և նրա հետ նահատակվելու գերմարդկային, բայց երկմտանք չհանդուրժող մղումը: Բանակն իր զինվորին խիստ հոր գորովանքով և նրան ուսուցանելուց, պաշտպանելուց չտրտնջացող սպան է: Բանակն աշխարհազորն է, որն օրհասի ժամին դիրքեր բարձրանալու համար անգամ հավաքագրման չի սպասում: Այսպիսին է այսօրվա հայկական բանակը, որը որոշ վերապահումներով հանդերձ՝ կարողացել է բավականաչափ բացվել իրեն սնող հասարակության առջև՝ ջարդելով իր ներքին խոհանոցի անձեռնմխելիության նախկին տաբուներն ու կարծրատիպը:    

Անկախության երկու ձեռքբերումներն էլ օրգանապես կապված են միմյանց ու, որքան էլ պարադոքսային թվա, մեկը մյուսի սկզբնաղբյուրն է, մեկը մյուսի հպարտության առարկան, մեկը մյուսի գոյության նախապայմանն ու երաշխավորը: Կորցնել մեկը, նշանակելու է կորցնել նաև մյուսը, նշանակելու է՝ կորցնել Հայաստանն առհասարակ: Այս համաձուլվածքն է վերաիմաստավորում 25-ամյա անկախությունը և թույլ տալիս վստահությամբ նայել ապագային՝ ճանապարհին նստած թանձր մշուշը ճեղքելու վճռականությամբ: Որովհետև այլընտրանք չկա: Որովհետև այլընտրանքը Հայաստանի ու երկարաժամկետ հեռանկարում հայ տեսակի չգոյությունն է:

 

Մեկնաբանություններ (1)

Արամայիս
Շատ կարևոր է, որ կարողանանք վերջապես հասկանալ հեղինակի այս միտքը, ինչքան էլ> հնչի այն: Սա բոլոր ժամանակների անհերքելի ճշմարտություն է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter