HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փաստաբան. «Վալերի Օսիպյանի ցուցմունքը ներկայացվել է որպես Պ. Մանուկյանի կալանքը երկարացնելու հիմնավորում»

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ որոշեց բավարարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը։Մանուկյանի կալանքը երկարացվել է ևս երկու ամսով։ Նման միջնորդություն էր ներկարացրել քննչական խմբում ներգրավված ԱԱԾ քննիչ Գարեգին Մելիքջանյանը։

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց գործով փաստաբան Հարություն Բաղդասարյանը՝ որպես կալանքը երկարացնելու հիմնավորում ներկայացվել էր միայն մեկ ապացույց՝ տուժողի՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ցուցմունքը։ Փաստաբանի հաղորդմամբ՝ Օսիպյանի ցուցմունքն այն մասին էր, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին զրուցել է Մանուկյանի հետ: Սակայն, ըստ փաստաբանի, ցուցմունքն առանձնապես մեղադրական հիմք չի ունեցել։

Դատական նիտին ներկա է գտնվել նաև Պավլիկ Մանուկյանը, որին դատարան էին տեղափոխելՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից։

«Դատարանում Մանուկյանը քաղաքական ելույթ ունեցավ, ներկայացրեց այն հիմքերը, թե ինչու են այդ քայլին դիմել։ Ասաց, որ տեսնում էին երկրում տիրող անարդարությունը, և որ ամեն ինչ առ ու ծախի առարկա է դարձել, այդ պատճառով փորձել են ինչ-որ ձևով դրա «դեմն առնել»։ Պավլիկը դատարանին հարցրեց՝ գոնե դուք հասկանու՞մ եք, թե ինչու են «ծռերը» ծռվել»,-նշում է փաստաբանը։

Այնուհետ նիստի ընթացքում, երբ քննիչը կալանքը երկարացնելու հիմքերն է ներկայացրել՝ նշելով, թե Պավլիկ Մանուկյանը ազատության մեջ մնալով կթաքնվի, կխուսափի քննությունից, Մանուկյանը բարկացել է և պահանջել է իրեն տեղափոխել«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

Փաստաբանի խոսքով՝ քննիչի՝ կալանքը երկարացնելումիջնորդությունը ներկայացնելուց հետո Մանուկյանը նշել է, որ իր ամբողջ կյանքը հրապարակային է եղել, այժմ ումի՞ց պետք է թաքնվի, իր ժողովրդի՞ց: «Պավլիկն ասաց՝ ես ընդհանրապես թաքնվելու խնդիր չունեմ, իսկ երկից դուրս գալու կամ փախչելու ոչ միայն ցանկություն, այլև իրավունք չունեմ։ Բացի այդ, եթե փախչող լինեի, մինչ այդ արդեն գնացած կլինեի։ Քննիչին ասաց՝ դուք չեք  հասկանում, թե ձեր՝ թաքնվել կամ խուսափել խոսքով որքան եք ինձ վիրավորում»,-պատմեց փաստաբանը։

Բաղդասարյանն ասում է, որ լավ է ճանաչում Պավլիկ Մանուկյանին, նա դատական նիստից հեռացավ, որպեսզի դատարանում վեճ չծագի և հայհոյախառն արտահայտություններ չհնչեցնի։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնից երեկ տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter