HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վերահաշվարկ Վարսեր և Ջիլ համայնքներում

Թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովը այսօր Գեղարքունիքի մարզի Վարսեր և Ջիլ համայքների ղեկավարների քվեների վերահաշվարկ է կատարել։

Ինչպես «Հետք»-ին փոխանցեց թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Կարեն Լևոնյանը, միայն այս երկու համայքներից են վերահաշավարկ կատարելու դիմումներ ստացել, և նախնական արդյունքների հաշվարկների համեմատ՝ մի քանի քվեի անհամապատասխանություն է գրանցվել։

Հոկտեմբերի 2-ին հաշվարկների արդյունքում Վարս համայնքի ղեկավարի թեկնածու Զավեն Հարությունյանի օգտին քվեարկել էր 421 ընտրող, իսկ Հուսիկ Սեդրակյանը հավաքել էր 420 ձայն։ Անվավեր էր ճանաչվել 36 քվեաթերթիկ։ Այսօր կայացած վերահաշվարկից հետո արձանագրվել է, որ 418 քվե ստացել է Հուսիկ Սեդրակյանը, 419՝ Զավեն Հարությունյանը, իսկ անվավեր ճանաչվել է 40-ը։

«Վերահաշվարկի ընթացում հայտնաբերվեց, որ թվով ութ քվեաթերթիկների ճակատագիրն անհայտ է. վերահաշվարկի ժամանակ բացակայում էին։ Այսինքն՝ պակասում էր այն թվից, որը հանվել է տուփից»,-նշում է ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը։

Մյուս վերահաշվարկը կատարվել է Ջիլ համայնքում։ Լևոնյանի խոսքով՝ քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակում ստորագրվածների թիվը 343 էր, սակայն քվեատուփից դուրս էր բերվել 346 քվեաթերթիկ։

Եթե ընտրությունների օրը կատարված հաշվարկների արդյունքում, համայնքի ղեկավարի թեկնածու Նիկոլայ Հովհաննիսյանի օգտին քվեարկել էր 133 ընտրող, Միքայել Ղարիբյանի՝ 135, Հայանուշ Մելիքյանի՝ 68 ընտրող, իսկ անվավեր էր ճանաչվել 10 քվեաթերթիկ, ապա այսօրվա վերահաշվարկի արդյունքում, թեկնածուներ Նիկոլայ Հովհաննիսյանը հավաքել է 132, Միքայել Ղարիբյանը՝ 135, Հայկանուշ Մելիքյան՝ 67 ձայն։ Անվավեր է ճանաչվել 12 քվեաթերթիկ։

Տեղեկացնենք, որ թիվ 23, 24, 26, 27, 29, 34, 36 և թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել են 32 դիմում՝ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների թվով 49 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter