HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մհեր Շահգելդյան. «Այս ընտրությունը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն կորցնում է իր դիրքերը»

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը չի ցանկանում մանրամասնել Հովհաննես Մարգարյանի երեկվա այն հայտարարությունը, թե Գյումրիում, բացի  «Գալա» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից, 6 %-ի շեմը չհաղթահարած «Քաղաքացիական պայմանագիր», ՀԱԿ և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից որոնք են համագործակցության առաջարկներ արել։ Ասում է, որ որևէ կուսակցության անվանում չի ցանկանում տալ, քանի որ այս պահին բանակացություններ են ընթանում։

«Այն, որ կուսակցությունները ցանկություն են հայտնում և հնարավորություններ են տեսնում՝ ընդդիմադիր դաշտը համախմբելու, կառավարման ձևավորման տեսանկյունից, ցույց տալու, որ միասնականացման արդյունքում ընդդիմությունը կարող է և՛ կառավարման լծակներ ստանալ, և՛ իրավիճակ փոխել, այս մոտեցումներն այժմ կան»,-նշում է փոխնախագահը։

Շահգելդյանը միանշանակ է համարում, որ  հասարակությունը շատ դրական է ընդունել Վանաձորում քաղաքական երեք ուժերի միջև համաձայնությունը, նաև շեշտում է, որ ողջ վիրտուալ դաշտը աջակցության հայտարարություններով է լցված։ Բարձր են գնահատում համախմբման հնարավորությունները, որի մասին մշտապես խոսել է  «Հայկական վերածնունդ» կուսակցությունը։

Խմբակցության պատգամավորը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ «Հայկական վերածնունդ»-ը ձևավորվել է տարբեր կուսակցությունների միավորման, միասնական մոտեցման արդյուքնում, և որ օրեր առաջ տեղի ունեցած միավորումը մեկ այլ ապացույց է, որ այդ կուսակցությունները, ինչպես նաև «Օրինաց երկիր»-ը,  կողմնակից են եղել կոնսոլիդացիայի։

Նրա գնահատմամբ՝ «Հայկական վերածնունդ» կուսկացությունը հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններին լուրջ հաջողություններ է արձանագրել՝ պահպանելով այն տեղերը, որոնք ունեին, ինչպես նաև ավելացրել է գյուղապետերի, ավագանու անդամների թվաքանակը։ Այս հանգամանքը Շահգելդյանը համարում է ժողովրդի վստահության ցուցանիշ։

Խոսելով արձանագրված հաջողություներից՝ Շահգելդյանը նաև առանձնացնում է այն դասերը, որոնք «քաղել» են ընտրություններից։ Ըստ նրա՝ այս ընտրությունը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն կորցնում է իր դիրքերը և կորցնում է այն տարածքներում, որտեղ իշխանությունը իրեն համարել է շատ ուժեղ։ Այն մեղադրանքներին, թե կուսակցությունները չեն աշխատում համայնքներում, Շահգելդյանը հակադարձւմ է, որ նրանք, ովքեր հաղթահարեցին 6 %-ի շեմը, այլ բան ապացուցեցին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter