HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայկ Մարտիրոսյան. «Քաղաքական գործընթացները Հայաստանում ամբողջությամբ կառավարվում են իշխանության վերին օղակներից»

Վիկտոր Դալլաքյանի երեկվա այն հայտարարության մասին, թե հրաժարական է ներկայացնում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ԱԺ-ում նախագահի պաշտոնական ներկայացուցչի պաշտոններից, ինչպես նաև ՀՀԿ անդամակցությունից՝ վերադառնալով ակտիվ քաղաքականություն, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում առնվազն տասը տարով քաղաքականությունից դուրս են գալիս, եթե պլանավորում են հետագայում վերադառանալ, սակայն Հայաստանում ամեն ինչ «գրոտեսկի» է վերածվել և տրամաբանությունից դուրս է։

«Կարծում եմ` քաղաքական գործընթացները Հայաստանում ամբողջությամբ կառավարվում են իշխանության վերին օղակներից, և այստեղ որևէ նորություն որևէ մեկի համար չկա»,- նշում է նա։

Այն դիտարկմանը, որ իշխանության կողմնակից մարդիկ վերադառնում են քաղաքականություն, որպեսզի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմությունից ձայներ «կորզեն», Մարտիրոսյանը անկեղծանում է, որ չգիտի, թե այժմ ովքեր են ընդդիմություն, կամ արդյոք Հայաստանում կա՞ ընդդիմություն։ Քաղաքաագետը քաղաքական ներկայիս իրավիճակում որպես իրական ընդդիմություն որակում է ժողովրդին, սակայն, ըստ նրա, այն էլ դաշտ չի ձևավորում։

Քաղաքագետը հայաստանյան ներկայիս քաղաքական գործընթացները դիտարկում է որպես գործընթանցեր, որոնք միտված են քաղաքական դաշտում խայտաբղետություն ստեղծելուն, քանի որ ակնհայտ է համարում, որ դաշտը «մեռած է», քաղաքական գործընթացները ամբողջությամբ և տեսանելիորեն վերևներից են կառավարվում, այդ պատճառով պետք է ստեղծվի տեսիլք, որ գործընթանցեր են կատարվում, ուժեր կան, որոնք վերադառնում են քաղաքականություն, նոր ակտիվություն են ցուցաբերում։

«Հասարակությունը չի կարող շատ երկար հանդուրժել միագույնությունը և միահեծան, բացահայտ կառավարումը։ Այսինքն՝ կառավարումը անշուշտ կմնա միահեծան, բայց փորձ է արվում տեսիլք ստեղծել` իբրև թե դա միահեծան չէ կամ չի լինելու»,- ասում է քաղաքագետը։

Անդրադռնալով ՏԻՄ ընտրություններին` Հայկ Մարտիրոսյանը նշում է, որ անկեղծորեն զարմանում է այն մարդկանց վրա, որոնք լավատեսություն ունեին այդ ընտրությունների հետ կապված, քանի որ, ըստ նրա, 25 տարի շարունակ` ներառյալ առաջին նախագահի ընտրությունները, կեղծվել են։ Նա նաև կեղծված է գնահատում տեղի ունեցած հանրաքվեները, նախագահական ընտրությունները, այդ պատճառով ՏԻՄ ընտրություններում որևէ արտառոց բան չի նկատել։ Մարտիրոսյանի համար այդ ընտրությունները արտառոց կլինեին, եթե անցնեին պատշաճ, և Վանաձորում անցներ հուշագրի արդյունքում կանխորոշված թեկնածուն։ Դա կլիներ իշխանության կողմից խելացի քայլ, որով «կուտակված գոլորշին որոշակիորեն բաց կթողնվեր»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ երկրում սովորույթ է արմատացած, որ իշխանությունը հասարակությունից որքան վտանգ է զգում, այնքան բաց և ակաշկանդ մեթոդներով է գնում դեպի ոչ ազատ և անարդար ընտրություններ։

ՏԻՄ ընտրություններով, նրա դիտարկմամբ, ակնհայտ դարձավ, որ ձևավորվել է բավականին անհանդուրժող, արհամարհական վերաբերմունք դեպի ժողովուրդը, և իշխանությունը ամենևին չի մտահոգվում, թե ինչ կմտածեն, ինչ կասեն, կարևորը իրենց համար ամեն գնով անցկացնի իր քվեները։

Անդրադառնալով 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին` Մարտիրոսյանը պնդում է, որ բախտագուշակ չպետք է լինել՝ հասկանալու համար, թե ինչպիսին են լինելու դրանք։ Հավաստիացնում է, որ դրանք անցնելու են խայտառակ պայմաններում և ունենալու են շատ ծանր հետևանքներ։ Չի բացառում, որ միգուցե մասսայական բողոքի ալիք բարձրանա, քանի որ երկրում լարվածությունը գագաթնակետին է հասնում, և ենթադրվում է, որ նման իրավիճակում իշխանությունը կրկնակի անզիջում է լինելու։

Խորհրդարանական կառավարման մոդելի անցնելու մասին Մարտիրոսյանը ասում է. «կոմունիստական, պարտիական տիպի հանրապետություն ենք ունենալու»։ Ըստ նրա` թեև Հայաստանը ուներ շանս՝ ընդունելու իրական խորհրադարանական կարգ և սահմանադրություն, սակայն այն չարվեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter