HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանդիպել է Տաջիկստանի նախագահին

Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, ով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Սարգսյանը ողջունել է գործընկերոջը ընդգծել, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնել բարեկամական, եղբայրական հարաբերությունները Տաջիկստանի հետ: Նշելով, որ հայ-տաջիկական հարաբերությունների ներկայիս մակարդակը չի համապատասխանում ոչ երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին և ոչ էլ հայ և տաջիկ ժողովուրդների բարեկամությանը, Սերժ Սարգսյանը նկատել է, որ այդուհանդերձ, միջպետական հարաբերությունները զարգացնելու դինամիկա կա, որն անհրաժեշտ է երկուստեք հետևողականորեն խորացնել ու ամրապնդել: Նա ընդգծել է, որ Հայաստանում սիրով սպասում են Էմոմալի Ռահմոնի պաշտոնական այցին, որը համագործակցության նոր և բազմաթիվ պայմանավորվածությունների սկիզբ կհանդիսանա:

Տաջիկստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին իր գլխավորած պատվիրակությանը ջերմ հյուրընկալության արժանացնելու համար: Էմոմալի Ռահմոնը նշել է, որ սա իր երրորդ այցն է Հայաստան և հատուկ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից մեկ օր առաջ է ժամանել Երևան, որպեսզի ևս մեկ հնարավորություն ունենա հանդիպելու իր հայ գործընկերոջն ու ընկերոջը, մտքեր փոխանակելու, քննարկելու բոլոր ուղղություններով հայ-տաջիկական երկկողմ համագործակցության հեռանկարը: Ռահմոնն ընդգծել է, որ և՛ ՀԱՊԿ շրջանակներում, և՛ երկկողմ փոխգործակցության զարգացման առումով խոսելու բավականին թեմա կա: 

Ռահմոնը նշել է նաև, որ իր երկրում ուշադիր հետևում են աշխարհում կատարվող իրադարձություններին, և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի երևանյան նստաշրջանի շրջանակներում, բնականաբար, անդրադարձ կլինի ինչպես միջազգային արդի խնդիրներին, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության հարցերին:

Սարգսյանը և Ռահմոնը հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter