HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Խ. Հարությունյան. «Շատ կարևոր է, որ ռադիոակտիվ նյութերի ընդերքը ծառայի Հայաստանի էներգետիկ անկախությանն ու անվտանգությանը»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ԱԺ այսօրվա մտքերի փոխանակման ժամանակ հայտնեց, որ ԱԺ արտահերթ նիստին ներկայացված «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու փաստաթուղթը լուրջ ուսումնասիրման կարիք ունի, քանի որ այն Հայաստանի համար ռազմավարական նշանակություն է ներկայացնում։ 

Հարությունյանը ընդերքը ուսումնասիրելու ոչ մրցութային կարգից մրցութային կարգի անցելու առումով որևէ վեճ չի տեսնում. «Խնդիրն այն է, որ այդ ռազմավարական կարևորության ընդերքը հետագայում ինչպես ենք մտադիր օգտագործել։ Շատ ճիշտ նշեցիք, որ ատոմակայան ունեցող երկրի համար ուրանի կամ ռադիոակտիվ նյութերի հանքավայրեր ունենալը լուրջ առավելություն  է, որովհետև խոսքն այն մասին է, որ ատոմային տեխնոլոգիաներ ունեցող երկիրը կարող է ունենալ նաև միջուկային վառելիք ստանալու հնարավորություն»։

Հարությունյանն այս օրինագծի քննարկումից եզրակացրել է, որ Հայաստանն ունի դեռևս չուսումնասիրված, ոչ հայտնի պաշարներով ընդերք, որը հետագայում կարող է օգտագործել միջուկային վառելանյութ ստանալու համար՝ դրանով ապահովելով իր էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։

«Հարցադրումը հետևյալ կերպ կանեի՝  հասկանալի պատճառներով երկիրը չունի ընդերքը ուսումնասիրելու տեխնոլոգիաներ և չի կարող այսօր արդյունավետ իրականացնել դրա ուսումնասիրությունը, այդ նպատաով կարող է մրցութային կարգով ընդգրկել առաջավոր տեխնոլոգիաներ ունեցող ընկերություն, որը միայն կուսումնասիրի ընդերքը, կհաստատի պաշարները և դրա տերը, տնօրինելու բացառիկ իրավունքը կվերապահվի պետությանը»,- ասաց Հարությունյանը։

Նա կարևորեց այն հանգամանքը, որ ընկերությունը կարող է տարիներ շարունակ ներդրումներ կատարել, ուսումնասիրել ընդերքը, պարզել, թե ինչպիսի պաշարներ կարող է տնօրինել, սակայն հետագայում զրկվել այդ պաշարների արդյունաբերական արտահանում կազմակերպելու հնարավորությունից։

Պատգամավորի համար առաջին հայացքից հարցը շատ պարզ է թվում և ճիշտ առաջարկ է արվում, սակայն երբ փորձում է օրենդրական նախաձեռնության հայեցակարգին անդրադառնալ, առաջանում է խնդիր։

Խ. Հարությունյանը ցանկացավ ճշգել. «Եթե «Ընդերքի մասին» օրինագիծը մեզ համար ռազմավարական նշանակության հարց չէ, կամ եթե այդպիսի կարևորություն ունի, եկեք հստակեցնենք՝ մենք այս պահին ուղղակի ուզում ենք հասկանալ, թե ինչպիսի պաշարների ենք տիրապետում, որ հետագայում, անհրաժեշտության դեպքում կարողանանք այդ պաշարները օգտագործել սեփական էներգետիկ անվտանգությունը, անկախությունը ապահովելու համար»։ Ռազմավարական կոնցեպտի տեսանկյունից այս նպատակը պատգամավորի համար դառնում է հասկանալի։

«Ինձ թվում է՝ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ռադիոակտիվ նյութերի ընդերքը ծառայի Հայաստանի էներգետիկ անկախությանն ու անվտանգությանը»,-ասաց նա։

Մեկնաբանություններ (1)

Լևոն
Հա, մեր նման փոքր տարածք ունեցող երկրին մենակ դա էր պակաս։ Ուրանի հանքարն էլ բացեք, բոլորս ճառագայթվենք՝ համ մենք պրծնենք ձեզնից, համ էլ դուք մեզանից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter