HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը

Հոկտեմբերի 20-ին մեկնարկել է «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը հոկտեմբերի 20-22-ը կանցկացվի Երևանում, իսկ 23-24-ը՝ Ստեփանակերտում:

Համաժողովը կազմակերպել է սփյուռքի նախարարությունը` Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի և Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ: Այն նվիրված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին:

Սփյուռքի նախարարությունը հայտնում է, որ համաժողովին բացման արարողությանը ներկա են եղել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը, Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք:

Ընթերցվել է Սերժ Սարգսյանի ուղերձը, որը ներկայացրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը, որում մասնավորապես ասված է. «Ջերմորեն ողջունում եմ Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներին, կազմակերպիչներին և հյուրերին: Ուրախ եմ, որ լրագրողները հերթական համաժողովը հրավիրել են հայրենիքում:

Խորհրդանշական է, որ ներկա համաժողովը նվիրված է  հայկական երկու հանրապետությունների անկախության 25 ամյակներին  և տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանում իրականացվում են հիմնարար և համակարգային բարեփոխումներ: Այս համատեքստում յուրովի է իմաստավորվում նաև համաժողովի խորագիրը՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք»: Մեկնարկելով Երևանում՝ համաժողովն աշխատանքները շարունակելու է մեր արդար պայքարի ու նորագույն հաղթանակների միջնաբերդում` Արցախ աշխարհում:

Հայ մամուլնը սկսվեց «Ազդարարով», որ հայրենի հողի վրա չէր տպագրվում: Այս իրողությունն ինքնին արտացոլումն էր մի պատմական իրավիճակի, որ չէր կարող նախանձելի համարվել: Այնուհետև մեր լրատվության պատմությունը հարստացավ բազմահազար լրատվամիջոցներով և դարձավ հայ մշակույթի, այդ թվում՝ քաղաքական մշակույթի հայելին: Հայկական լրատվամիջոցները թե´ Հայրենիքում, և՛ աշխարհի բոլոր ծագերում եկեղեցու և դպրոցի հետ միասին եղել և մնում են հայ ոգու ու ինքնության պահպանման հիմնասյուները»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խոսքը ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Նաթան արք. Հովհաննիսյանը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել աշխարհի 31 երկրից համաժողովին մասնակցելու ժամանած 140 լրագրողներին: Նախարարը կարևորել է համաժողովի համար ընտրված թեման՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք», որի շրջանակներում կհնչեն զեկույցներ ու կծավալվեն քննարկումներ: «Անցնող ապրիլյան պատերազմին մենք համահայկական լրատվադաշտի համերաշխ և միասնական աշխատանքի ականատեսը դարձանք: Այս համաժողովի նպատակը համահայկական տեղեկատվական դաշտի ընդլայնումն ու կատարելագործումը պետք է լինի, լրատվական ներուժի համախմբումը և արդյունավետ կիրառումը Հայաստանի զարգացման, ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացման, Սփյուռքում հայապահպանության, համահայակական հիմնախնդիրների լուծման  գործընթացում»,- ասել է Հակոբյանը:

Առաջին նիստի թեման է եղել «Համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման կառուցակարգերը և լրատվամիջոցների համագործակցության ուղիները ճգնաժամային պայմաններում»:

Նիստը վարել են Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը (Կանադա), «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը (Լիբանան), «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագիր Արարատ Ղուկասյանը (Իսպանիա):

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հանդես է եկել «Ճգնաժամային տեղեկատվությունը և հայկական լրատվադաշտը» թեմայով:

«Նոյյան տապան» մեդիա հոլդինգի տնօրեն Տիգրան Հարությունյանն անդրադարձել է համահայկական տեղեկատվական ցանցի ձևավորման փուլերին և արդի պայմաններում զարգացման առանձնահատկություններին:

Չեխիայի «Օրեր» ամսագրի թղթակից Աննա Կարապետյանն ներկայացրել է տեղեկատվական անվտանգության մարտահրավերներն ու հրատապ խնդիրները:

Լիբանանի Հայ երիտասարդաց ընկերակցության մամլո և տեղեկատվության պատասխանատու Ահարոն Շխրտմյանն անդրադարձել է հայ մամուլի համազգային հայեցակարգի մշակման անհրաժեշտությանը:

Առաջին նիստի վերջին զեկույցով «Արմենպրեսս» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը ներկայացրել է «Լրատվության ապագան: Ժամանակակից լրատվական միտումները` համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման համատեքստում» թեման:

Մինչ համաժողովի բացումը տեղի է ունեցել Սրբուհի Տիւսաբ նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը:

Մարումն իրականացրել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: 

2016 թվականի հոկտեմբերի 20-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ է դրել արևմտահայ գրող, հրապարակախոս, հայ առաջին վիպասանուհի Սրբուհի Տիւսաբի 175-ամյակին նվիրված նամականիշը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter