HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամանակավոր, թե ապօրինի կառուցապատում Հյուսիսային պողոտայում. Տարոն Մարգարյանն անտեսել է Նարեկ Սարգսյանի առաջարկը

Նիկոլայ Դանիելյանը Հյուսիսային պողոտայի 10 շենքի թիվ 3 տարածքի սեփականատերն է: Այդ հասցեում 2009 թվականից գործում է «Cinnabon» սրճարանը, որը տարածքը վարձակալել է Նիկոլայ Դանիելյանից: Այս տարվա հունիսից հարակից ընդհանուր օգտագործման տարածքում` 10 և 8 շենքերի արանքում մետաղական և փայտե կոնստրուկցիաներով կառուցապատման աշխատանքներ են իրականացվել: Շուտով այդ տարածքում սկսել է գործել «France» բացօթյա սրճարանը:

Նիկոլայ Դանիելյանն ասում է, որ կառուցապատման պատճառով նեղացել է իր տարածքի մուտքի ճանապարհը, դրա կառուցապատման ավարտով տարածքում գործող սրճարանը կարող է զրկվել լուսավորությունից և, ի վերջո, այդ կառույցի առկայությունը խախտում է իր սեփականության իրավունքը: Կառուցապատման արդյունքում այդ տարածքում առաջացած իրավիճակի պատճառով «Cinnabon» սրճարանի բազմաթիվ լավագույն հաճախորդներ դադարել են այցելել նշված սրճարան, որի հետևանքով վնասվում է նաև սրճարանի գործունեությունը:

Կառուցապատման տակ է մնացել անձրևատար ջրերի հեռացման խողովակը, ինչի պատճառով անձրևաջրերից վնասվելու է իր տարածքը:

Ավելին, «France» սրճարանում չկան սանիտարահիգիենիկ պայմաններ, այդ թվում` կոյուղի, և այդ սրճարանի այցելուները օգտվում են «Cinnabon»-ի զուգարանից:

Նիկոլ Գրիգորյանի կողմից լիազորված անձինք փորձել են միջամտել և արգելել կառուցապատման գործընթացը, սակայն կառուցապատողներն ասել են, որ ունեն Երևանի քաղաքապետարանից ստացված համապատասխան շինթույլտվություն և ցույց են տվել Վարուժան Կունդուկջյանի անվամբ տրված շինթույլտվություն:

Տարածքի վերաբերյալ Դանիելյանի փաստաբանների հարցմանն ի պատասխան` քաղաքապետարանը հայտնել է, որ այս տարվա փետրվարին Երևանի քաղաքապետարանը Հյուսիսային պողոտա 8 հասցեում շքամուտքին կից տարածքների առանձնացման աշխատանքների իրականաացման համար Վարուժան Կունդուկջյանին տվել է շինարարության թույլտվություն: Թե ինչպես է այդ շքամուտքի թույլտվությունը վերածվել հասարակական նշանակության օբյեկտի, դեռևս հայտնի չէ: 

Նիկոլայ Դանիելյանը հունիսի 10-ին դիմել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին:

Քաղաքաշինության նախարարության կողմից Հյուրսիսային պողոտայում կատարած շրջայցի ընթացքում պարզվել է, որ 8 և 10 շենքերի միջև ընկած ընդհանուր օգտագործման տարածքում մետաղական և փայտե կոնստրուկցիաների օգտագործմամբ կազմակերպվել է բացօթյա սրճարան, ինչը խոչընդոտում է նշված շենքերի բնակիչների ազատ տեղաշարժին:

«Նմանատիպ սրճարանների կազմակերպումը կարող է առաջացնել հարևանությամբ գնտվող շենքերի բնակիչների դժգոհությունը, ուստի առաջարկվում է հանձնարարել վարչական շրջանի ղեկավարին, այսուհետ ձեռնպահ մնալ Հյուսիսային պողոտայի նման տեղադիրքով տարածքներում սեզոնային բացօթյա սրճարանների կազմակերպման թույլտվության տրամադրումից»,- քաղաքապետ Տարոն Մարգարյանին գրել է նախարար Նարեկ Սարգսյանը:

Այս դիմումներն ու նախարարի առաջարկներն անտեսվել են, և «France» սրճարանը շարունակել է աշխատել:  

Նիկոլայ Դանիելյանն օգոստոսի վերջին դիմել է դատարան` խնդրելով վերացնել իր սեփականության իրավունքի խոչընդոտները, այն է` պարտավորեցնել Վարուժան Կունդուկջյանին ապամոնտաժել ապօրինի կառույցը` թիվ 8 շենքի առաջին հարկում գտնվող հասարակական նշանակության տարածքների ճակատային մասերի սահմանագծերից դուրս կառուցապատված մասը: Միևնույն ժամանակ միջնորդել է, մինչ դատական ակտի կայացումը, հայցի ապահովում ձեռնարկել և արգելել Վարուժան Կունդակջյանին և որևէ այլ անձի` իրականացնել կառուցապատման աշխատանքներ կամ որևէ այլ շինաշխատանք, ինչպես նաև իրականացնել հասարակական, այդ թվում` սրճարանային կամ այլ ժամանացային գործունեություն: Արգելանքը կիրառվել է և շուտով հանվել:

Այդ ժամանակ էլ հայտնի է դարձել, որ սրճարանը շահագործողն իրականում «Սիմփլ դիլ» ՍՊԸ-ն է: Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի` հիմնադիր և բաժնետերը Գևորգ Ադամյանն է: Նույն ընկերությունն է շահագործում նաև Հյուսիսային պողոտայի «Tiziano» սրճարանը:

Գևորգ Ադամյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ իրենք ոչ թե շինթույլտվություն ունեն, այլ տարածքը վարձակալել են, Կենտրոն թաղապետարանի կողմից էլ բացօթյա սրճարան շահագործելու թույլտվություն ունեն: «Ունեցել ենք խմիչքի, սննդի կազմակերպման…բոլոր թույլտվություններն ունեցել ենք»,- հավաստիացրեց Գևորգ Ադամյանը:

Վերջինիս հավաստմամբ, Վարուժան Կունդուկջյանին չի ճանաչում: Եվ իրենց սրճարանի վրայից արգելանքը հանվել է, քանի որ ներկայացրել են համապատասխան թույլտվությունները դատարանին: «Թույլտվությունը տրվում է ամիսներով, սեզոնային, կոնկրետ մերը տրվել է էս տարվա համար, որը որ մենք բոլորն ունեցել ենք»,- պնդում է «Սիմփլ դիլ»-ի սեփականատերը:

Մեր հարցին, թե ուրեմն ինչու չեն ապամոնտաժվել կառույցները, եթե դա սեզոնային մի քանի ամսվա համար էր և արդյոք դրանց առկայությունը Հյուսիսային պողոտայում նշանակում է, որ մտադիր են մյուս տարի ևս շահագործել, Գևորգ Ադամյանը պատասխանում է.  «Իրականում մենք ապամոնտաժելու խնդիր չունենք, որովհետև դա թեթև կոնստրուկցիա է, որը որ վերցնում ու տանում ենք: Չենք տարել, բայց ընթացիկ տանելու ենք,- ասաց նա, -նպատակներն այլ հարց են, երկրորդական հարց է դա»:

Դանիելյանի փաստաբան Էդգար Բադեմյանը նշում է, որ այդ կարգի կառուցապատում իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ շինարարության թույլտվություն, իսկ «Սիմփլ դիլ»-ը դատարան է ներկայացրել մեկ սեղանիկի վրա սուրճ վաճառելու Կենտրոն թաղապետարանի կողմից տրված լիցենզիա:  «Այդ լիցենզիան թույլ է տալիս 1 կամ 2 քմ-ի վրա սեղան դնել և սուրճ վաճառել, դա կառուցապատման թույլտվություն չէ,- նշում է փաստաբանը: -Դատարանը պահպանել է շինարարություն իրականացնելու մասով արգելանքը, բավարարել է միայն նրանց սրճարանային գործունեություն իրականացնելու արգելքն հանելու մասը»:

Փաստաբանը պատմում է, որ պարզվել է, որ Վարուժան Կունդուկջյանը եղել է Հյուսիսային պողոտայի 10-րդ շենքի կառոցողներից մեկը, ով վերջին ամիսներին մահացել է: Վերջինիս իրավահաջորդները փաստաբանին պատմել են, որ որևէ կապ չունեն սրճարանի հետ, և իրենց թույլտվությունը մուտքի կողքը գազոն սարքելու համար էր: Թե ինչպես է նրա անվամբ շինթույլտվությունը հայտնվել կառուցապատողների ձեռքին, հայտնի չէ:

Այս պատմության վեճն այսօր պետք է քննվեր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Սակայն Վարուժան Կունդուկջյանին ուղարկված ծանուցագիրը նախորդ նիստին եկել էր «մահացել է» նշումով, այս նիստին` «ստացվել է» նշումով: Հայցվոր կողմի ներկայացուցիչ Է. Բադեմյանը միջնորդեց հետաձգել նիստը մինչև պարզվի պատասխանողի կամ նրա իրավահաջորդի հարցը: Միևնույն ժամանակ դատավոր Ռ.Ներսիսյանն այսօր որոշեց գործով երրորդ անձ ներգրավել «Սիմփլ դիլ» ընկերությանը, որի միջնորդությամբ հանդես էր եկել հայցվորի ներկայացուցիչը:  Դատական նիստը հետաձգվեց մինչև հաջորդ տարի` հունվարի 24-ը:

Նիկոլայ Դանիելյանը Հայաստանում չէ: «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իր տարածքի վարձակալ «Cinnabon» սրճարանը այդ կառույցի պատճառով շուրջ 30% վնասով է աշխատել, քանի որ «France» սրճարանը փակել է սրճարանի հիմնական մուտքը, և այցելուները պետք է այլ խանութի մուտքի կողմից մտնեին:  Եթե «France»-ը շարունակի աշխատել այդ կարգավիճակով, «Cinnabon»-ը գուցե այլևս չվարձակալի իր տարածքը: 

«Հյուսիսային պողոտայում հնարավոր չէ, որ հասարակ մարդը կարողանա էդպիսի բան կառուցի, սրճարան բացի»,- ասում է Նիկոլայ Դանիելյանը:

Այդ սրճարանի բիզնեսում շոշափվում է Գևորգ Ադամյանի գործընկեր ունենալու` Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանի եղբորորդու փայատեր լինելու գործոնը: Գևորգ Ադամյանը գործընկեր ունենալու մեր հարցին` ժխտեց այդ հանգամանքը, ասաց, որ ՍՊԸ-ի սեփականատերը միայն ինքն է, ինքն էլ շահագործել է սրճարանը:

Մինչդեռ Նիկոլայ Դանիելյանը վստահ է, որ այդ կառույցն այնպես էր կառուցվում, որ ապակիներ տեղադրվեին և գործեր կլոր տարին, եթե, իհարկե, իրենք չմիջամտեին և աղմուկ չբարձրացնեին: Ն.Դանիելյանն ասում է, որ պատրաստ է պայքարել մինչև վերջ և հույս ունի, որ անօրինական կառույցը կհեռացվի այդ տարածքից:

Նա նամակներ է գրել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին և նախագահ Սերժ Սարգսյանին` ուշադրություն հրավիրելով Երևանի սրտում ապօրինի կառուցապատման վրա: Դիմել է նաև գլխավոր դատախազություն:

«France» սրճարանը ցրտերն սկսվելուց ի վեր` այլևս չի գործում, սակայն կոնստրուկցիաները դեռևս պահպանվում են տարածքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter