HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղերձ Ուկրաինայի Հելսինկյան խմբի (ՈՒՀԽ) 40-ամյա տոնակատարության մասնակիցներին

(Նոյեմբեր 8-9-ը՝ Կիևում,  10-11-ը՝ Լվովում)

Նախ՝ սիրով ու հպարտությամբ շնորհավորում եմ բոլորիս Ուկրաինայի հելսինկյան շարժման 40-ամյակի կապակցությամբ: Այս միջոցառումը համարում եմ մեծ իրադարձություն ոչ միայն Ուկրաինայի, այլև հետխորհրդային բոլոր երկրների կյանքում: Պատմությունը ցույց է տվել, որ հանուն ազգային նպատակների մղված պայքարում կայուն ձեռքբերում է ունեցել միայն համամարդկային արժեքների վերհանումը` հատկապես այն պարագայում, երբ այդ պայքարը չի անձնավորվել:

Խորհրդային Միությունն իր կազմում գտնվող 15 հանրապետությունների ինքնորոշված համակեցությունն ապահովելու փոխարեն երկիրը քայլ առ քայլ տանում էր դեպի մի նոր էթնիկ համաձուլվածքի՝ 16-րդ տեսակի ստեղծման ճանապարհով: Մարդկության պատմությունը փաստում է, որ այդպիսի միտումները միշտ հակակշռվում են ազգային զարթոնքով, ինչի կրողն ու ականատեսը եղավ 60-ականների սերունդը: ԽՍՀՄ ազգային քաղաքականությունը միայն 14 հանրապետությունների ազգային նպատակներին չէ, որ հակասում էր: Այն անգամ չէր բխում ռուս ժողովրդի ողջախոհ շահերից: Եվ պատահական չէ, որ ԽՍՀՄ-ում Հելսինկյան շարժումը սկիզբ առավ Մոսկվայից: Եթե սեփական օրենքների ու այն խախտողներին պատժելու մեկնաբանումը հնարավորինս պահվում էր երկրի սահմաններում, ապա Հելսինկյան մարդասիրական պայմանագիրը ստորագրած ԽՍՀՄ-ի համար առավել վտանգավոր էին այս շարժման օջախները, որոնցից մեկը 40 տարի առաջ վառվեց Ուկրաինայի առաջադեմ քաղաքացիների ձեռքով:   

Եթե անցյալ դարի 60-ականները Խորհրդային Միությունում նշանավորվեցին տարերային ազգային-հասարակական շարժումներով, ապա Հելսինկյան շարժման տարիներն ազգային զարթոնքի համեմատաբար քաղաքակիրթ իրավականության տարիներ էին:

Իմ հայրենիքում` Հայաստանում, Հելսինկյան շարժումը մեծ արձագանք չունեցավ: Պատճառը ԽՍՀՄ-ում աննախադեպ մի երևույթ էր` ազգային ինքնորոշման գաղափարի հենքի վրա ստեղծված Ազգային միացյալ կուսակցությունը, որը Հելսինկյան պայմանագրից դեռևս տասը տարի առաջ անլեգալ խմբին հատուկ և միջազգային բոլոր օրենքներով սահմանված միջոցներով հանրայնացնում էր ազգային ինքնորոշման ուղեցույցները: 

Այնուամենայնիվ շարժման մասնակիցներ եղան, և նրանց գործունեությանն հաջորդեցին ձերբակալություններն ու դատավարությունները: Ի դեպ, 1977-ին Մորդովիայի 19-րդ ճամբարում ապրիլի 21-ով սկսված քաղբանտարկյալի 100-օրյա ստատուսի ժամանակ մեր հացադուլ-բողոքներն ուղղված էին բելգրադյան վեհաժողովին: (Իմ վերջին հացադուլը 16-րդն էր: Դրանից հետո հայտնվեցի հիվանդանոցում):

Ցավում եմ, որ անձամբ ներկա չեմ Ուկրաինայի, բոլորիս համար կարևոր այս տոնակատարությանը: Իմ գաղափարակից ընկերների հայրենիքին մաղթում եմ արժանի լինել իր ազատության համար դարեր շարունակ վճարված գնին:  

07.11.2016թ.

Ջերմ սիրով` ձեր բարեկամ Ռազմիկ Մարկոսյան

Երևան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter