HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Այսօր կրկին բժիշկների խումբ է այցելել Հովհաննես Հարությունյանին

Այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գործիքային հետազոտության է ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը։ Հետազոտությանը նաև ներկա է գտնվել առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը։

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Վարդազարյանը, կազմակերպվել են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ և նախնական տվյալներով վաղը հանրապետության առաջատար մասնագետների մասնակցությամբ կկազմակերպվի բժշկական կոնսոլիում, որով կորոշվի Հովհաննեսի բուժման հետագա մարտավարությունը։

«Այցի ժամանակ Հովհաննես Հարությունյանը նորմալ տրամադրություն ուներ, կյանքին սպառնացող որևէ վտանգ չկա։ Համապատասխան բուժում պահանջող վիճակ է, որը կկազմակերպվի։ Միայն մի խնդիր կար՝տեխնիկապես հնարավոր չեղավ կատարել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, քանի որ բեկորային վնասվածքի խնդիր կար, որը խանգարում է տվյալ հետազոտությունը, տվյալ ապարատով կատարելուն»,- նշում է բաժնի պետը։

Վարդազարյանը հետազոտական սենյակում չի գտնվել, որպեսզի հաստատի կամ հերքի այն լուրը՝ արդյո՞ք Հովհաննեսի ոտքը սևացած է, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ երեկ «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» նախաձեռնության անդամները երթով շարժվել են ՄԻՊ գրասենյակ, Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ նամակ-պահանջ հանձնել, այնուհետ նախաձեռնության անդամներից Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը և Թամարա Հարությունյանը հանդիպում են ունեցել առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանին, ով նրանց հայտնել էր, որ ձևավորվելու է բժիշկների խումբ, ով այցելելու և զննելու է Հովհաննես Հարությունյանին:

Երեկ ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանն արդեն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Հովհաննես Հարությունյանին և անհրաժեշտ խորհրդատվություն իրականացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter