HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

«Փոփոխությունների» քողազերծվող երեսը

ՀՀԿ կանանց խորհրդի համաժողովին նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե Սահմանադրության բարեփոխմամբ քայլ ենք կատարել դեպի մեր հասարակության կառավարման ավելի ժողովրդավարական համակարգ և դեպի ավելի ուժեղ Հայաստան: «Այսօր երկրում լուրջ բարեփոխումներ են ընթանում: Առջևում նոր, մեծ և կարևոր փոփոխություններ են: Այդ փոփոխությունները չեն սահմանափակվելու զուտ անուններով ու դեմքերով: Փոփոխությունները լինելու են լայնածավալ և համակարգային, որոնց արդյունքները չպետք է իրենց երկար սպասեցնել տան»,- ասել է նախագահը:

Ժողովրդավարացման չափանիշը բարեփոխումների մասին բարձրագոչ հայտարարությունները չեն ու ոչ էլ նախընտրական շրջանում ոլորտային կոսմետիկ փոփոխություններով գլոբալ փոփոխությունների իմիտացիա ստեղծելը: Ժողովրդավարացման հիմնական չափորոշիչն այն է, թե իշխանության տիրապետող քաղաքական ուժն ու լիդերն ունե՞ն հեռանալու և հավասար մրցակցային պայմաններով ընտրությունների միջոցով նոր իշխանության ձևավորումը հանդուրժելու քաղաքական կամք, թե՞ ոչ:

Վանաձորի քաղաքապետի խայտառակ ընտրությունից հետո, որի արդյունքում մեծամասնություն չունեցող ՀՀԿ թեկնածուն կուլիսային խարդավանքներով դարձավ քաղաքապետ, չի հաջողվում ավագանու նիստեր անցկացնել: Ավագանու «Հայկական վերածնունդ», ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամները բոյկոտում են հրավիրվող նիստերը, և մեծամասնություն չունեցող քաղաքապետը չի կարողանում անհրաժեշտ քվորում ապահովել ոչ նիստեր գումարելու, ոչ էլ, բնականաբար, որոշումներ ընդունելու համար: Եվ չնայած դրան՝ քաղաքապետ, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը ստեղծված իրավիճակը նորմալ է համարում, քանի որ բոյկոտը, ըստ նրա, քաղաքական պայքարի ձև է:

Բոյկոտին` որպես քաղաքական պայքարի ձև, կարելի է նորմալ վերաբերվել, եթե ունես մեծամասնություն, և այդ բոյկոտը էականորեն չի ազդում բնականոն աշխատանքի կազմակերպման և որոշումների ընդունման վրա: Բայց այս դեպքում բոյկոտը անդամալուծում է քաղաքապետարանի աշխատանքը, նրան դարձնում անգործունակ և ոչ մի դեպքում նորմալ համարել հնարավոր չէ: Բայց հարցը դա չէ:

Այս իրավիճակն առաջացել է բացառապես մեկ պատճառով. թե՛ անձամբ Մամիկոն Ասլանյանը և թե՛ նրան անվերապահ աջակցող Հանրապետական կուսակցությունն առանձին վերցրած մեկ քաղաքում, որտեղ ընտրությունների արդյունքում պարտություն են կրել, չեն ուզում համակերպվել իշխանությունը կորցրած լինելու հեռանկարի հետ: Ասլանյանի քաղաքապետ դառնալը եղել է օրինական. նա ստացել է ավագանու անդամների մեծամասնության քվեն: Բայց նա լեգիտիմ քաղաքապետ չէ, որովհետև այդ քվեն չի արտացոլում ավագանիում ձևավորված քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Չնայած դրան՝ լեգիտիմության բացակայությունը երկրում ժողովրդավարական բարեփոխումներ սկսելու մասին ամեն օր դիֆերամբներ ձոնող կուսակցությանը չի խանգարում Վանաձորում իշխանությունը պահել քաղաքապետարանն անգործության մատնելու գնով:

Կասկած չկա, որ ՀՀԿ-ն կարող է հասնել նիստեր անցկացնելու համար անհրաժեշտ քվորումի ապահովմանը: Դրա համար նրան անհրաժեշտ կլինի բացահայտել մյուս խմբակցություններում «ներդրված» ավագանու այն 4 կամ միգուցե ավելի թվով «անդամ-գործակալներին», որոնք հոկտեմբերի 10-ին փակ քվեարկությամբ, դավաճանելով սեփական քաղաքական ուժ(եր)ին, քվեարկեցին Ասլանյանի օգտին: Ճիշտ է՝ դա կլինի այդ գործակալների՝ քաղաքական դիակի վերածվելու սգո արարողությունը, բայց կլինի այն անհրաժեշտ զոհողությունը, որը ՀՀԿ-ն կմատուցի իրավիճակն իր համար փրկելու և իշխանությունը պահելու նպատակով: ՀՀԿ-ն, իհարկե, կհաղթի: Բայց այդ դեպքում անիմաստ է խոսել ժողովրդավարացման և ներկայիս գործընթացների՝ ռեֆորմիստական բնույթի մասին: Որովհետև դա կբացահայտի, որ սահմանադրական փոփոխություններով համամասնական ընտրակարգի ներդնումը ոչ թե ուղղված էր կուսակցությունների, կուսակցական համակարգի կայացմանն ու առողջացմանը, այլ այդ համակարգի վերջնական ապականմանը: Որովհետև իշխանության պահպանման մոլուցքի պայմաններում այլընտրանքային կուսակցությունները դիտարկվում են որպես իշխանության «գործակալներ» ու «հաճախորդներ» բուծող ինկուբատորներ:

Վանաձորը չկորցնելու մարմաջը ուղղակի մերկացնում է վարչական ռեսուրսները խորհրդարանական ընտրություններում իր մեկնարկային առավելությանը և հաղթանակին ծառայեցնելու՝ ՀՀԿ-ի նպատակը: Եթե խնդիրը դա չէ, ապա ոչինչ չի խանգարում պարտված քաղաքապետին հրաժարական տալ և քաղաքապետի նոր ընտրություններ անցկացնելու իրավական հիմք ստեղծել, այսինքն՝ գործընթացը դնել ժողովրդավարական հունի մեջ: Փոխարենը անզեն աչքով երևում է, որ ՀՀԿ-ն Վանաձորում հետապնդում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և նոր ընտրություններ նշանակելու իրավական հիմք ստեղծելու նպատակ: Ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 21.1 հոդվածի՝ նման իրավունք կառավարությունը ստանում է, եթե երեք ամիս ավագանին նիստեր չի կարողանում հրավիրել: Այսինքն, եթե ներկայիս իրավիճակը պահպանվի, արդեն հունվարին Վանաձորում նոր ընտրություններ են նշանակվելու, որի ժամանակ ՀՀԿ-ն ամեն ինչ կանի՝ հոկտեմբերի սխալն ուղղելու և ավագանու մանդատների 50 տոկոսից ավելին ձեռք բերելու համար: Ընդ որում՝ սին են  հույսերը, թե հնարավոր է քաղաքապետին անվստահություն հայտնել: Որովհետև խնդիրը ոչ թե նրա անգործությունն է, կամ քաղաքապետը ինչ-որ հանցագործություն է կատարել, այլ ավագանու անդամների մեծամասնությունն է նիստերը տապալելով ականա գործընթացը տանում նոր ընտրությունների:

Բայց իշխանությունից չհեռանալու ՀՀԿ-ի գերնպատակը միայն Վանաձորը ցանկացած գնով «վերցնելով» չէ արտահայտվում: Հոկտեմբերի վերջին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողի՝ վարչապետի պաշտոնը խորհրդարանական ընտրություններից հետո զբաղեցնելու հնարավորության մասին հարցին, նշում է.  «Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները: Ինչո՞ւ. դա նույնն է, որ մենք, դեռևս ձուկը ջրում, սկսենք խոսել նրա օգտագործման մասին։ Ասելս ինչ է, որ մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Եվ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»:

Սերժ Սարգսյանի միտքը աքսիոմատիկ ճշմարտություն է. որպեսզի վարչապետ դառնաս, նախ պետք է հաղթես խորհրդարանական ընտրություններում: Բայց Սարգսյանն ասում է ճշմարտության միայն մի մասը:

Դեռ 2014թ, երբ նա փորձում էր սահմանադրական փոփոխություններ կատարելու և խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու անհրաժեշտությունը բացատրել որպես երկրի ժողովրդավարացման ու զարգացման գրավական, փարատել կասկածները, թե Սահմանադրությունը փոխելու իրական նպատակը իր իշխանության մնալն է, հայտարարեց, որ այլևս չի դառնալու ո՛չ վարչապետ և ո՛չ էլ նախագահ: Ավելին, նա նշեց, որ իր կարծիքով՝ մեկ մարդը երկու անգամից ավելի չպետք է հավակնի երկրի ղեկավարի աթոռին:

Եթե երկու տարի առաջ նախագահի համար սկզբունքորեն էր մերժելի նման հեռանկարը, ապա տրամաբանորեն նա հիմա ոչ թե պետք է վաղ համարեր ձուկը ջրում դրա օգտագործման մասին խոսելը, այլ պաշտպաներ իր այդ սկզբունքային  մոտեցումը: Երբ դա չի արվում, առնվազն հիմնավոր առիթ է տրվում հանրությանը մտածելու, որ կառավարման խորհրդարանական կառավարման համակարգի անցնելը պարզապես մեխանիզմ էր իշխանությունը պահպանելու համար:

Հետևաբար, այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում համակարգային փոփոխությունների անվան ներքո, բարեփոխումների անվան տակ իշխանության վերարտադրումը մանիպուլյատիվ էֆեկտով ավելի բարեհունչ դարձնելն է: Եթե նույնիսկ ընդունենք, որ այդ հայտարարությունը նախագահն արեց՝ ժամանակից շուտ իր հեռանալու սպասում չառաջացնելու և դրանով իր՝ առանց այն էլ ներքին լուրջ ճաքեր ունեցող թիմն ընտրություններից առաջ չփլուզելու դիտավորությամբ, միևնույն է՝ հանգում ենք այն եզրակացության, որ դա արվում է թիմի հաղթանակն ապահովելու, երաշխավորելու համար: Հետևաբար, Սերժ Սարգսյանն այս դեպքում հանդես է գալիս ոչ թե որպես հանրապետության նախագահ, այլ որպես ընտրություններում հաղթելու խնդիր ունեցող կուսակցության ղեկավար: Դա նշանակում է, որ կուսակցական շահը գերադաաս է պետական, հասարակական շահից, որոնք ենթադրում են հավատարիմ մնալ իսկապես համակարգային բարեփոխումների ոգուն ու նպատակներին և մտածել բացառապես հավասար քաղաքական մրցակցության պայմաններ ստեղծելու մասին: Էլ չենք խոսում այն մասին, որ Սահմանադրությունը դառնում է ոչ միայն իշխանության պահպանման նպատակին ծառայող բազմակի օգտագործման գործիք, այլև ստեղծվում է որպես  իշխանությունը սահմանադրականորեն երկարաձգելու՝ հետսովետական սինդրոմի տեղայնացման նախադրյալ: 

Սրանք են ներկայիս ժողովրդավարական բարեփոխումների իրատեսականության իրական, առայժմ միակ շոշափելի ցուցիչները:

Լուսանկարը՝ president.am կայքի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter