HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2012-2015թթ. Հայաստանի ընտանիքների 5.3%-ը ներգրավված է եղել արտաքին և ներքին միգրացիոն գործընթացներում

Ըստ 2015թ. տնային տնտեսությունների (տ/տ) կենսամակարդակի ամբողջացված հետազոտության արդյունքների` 2012-2015թթ. տնային տնտեսությունների (ընտանիքների) 5.3%-ը ներգրավված է եղել արտաքին և ներքին միգրացիոն գործընթացներում:

2012-2015թթ. միգրացիոն գործընթացներում ներգրավված 15 և բարձր տարիքի տ/տ անդամների 55.6%-ը` շուրջ 130 հազ. մարդ,  2015թ. դրությամբ բացակայել է իր բնակության վայրից՝ գտնվելով ՀՀ այլ մարզում, Երևանում, տվյալ մարզի այլ բնակավայրում կամ այլ երկրում:

Հարցումների միջոցով պարզվել է, որ ժամանող-մեկնողների մեկնելու/ժամանելու հիմնական պատճառը եղել է աշխատանքը և աշխատանք փնտրելը:

Վիճակագարությունը նաև արձանագրել է, որ բնակության վայր վերադարձի հիմնական պատճառը եղել է աշխատանքի ավարտը, հաջորդիվ աշխատելը, այնուհետ՝ մասնավոր այցը։

Իսկ վերադարձածների 74.8%-ի բացակայության տևողությունը կազմել է մինչև մեկ տարի, 25.2%-ինը` մեկ տարի և ավելի: Հատկանշական է, որ վերադարձածների 72.6%-ը եկել է Ռուսաստանի Դաշնությունից։

Մեկ տարուց ավել երկրից բացակայածների գրեթե 60%-ը բնակության վայրը լքել է աշխատելու նպատակով։ 2012-2015թթ. միգրացիոն գործընթացներում ներգրավված և 2015թ. դրությամբ դեռևս չվերադաձածների բացակայության պատճառների և տևողության տվյալները ներկայացրել ենք գրաֆիկական պատկերի տեսքով.

2012-2015թթ. 3 ամիս և ավելի ժամկետով իրենց մշտական բնակավայրից բացակայած՝ մեկնած և 2015թ.-ի դրությամբ դեռևս չվերադարձած 15 և բարձր տարիքի անձանց 75.1%-ը գտնվել է այլ երկրում, գերակշիռ մեծամասնությունը եղել է Ռուսաստանի Դաշնությունում,  11.9%-ը՝ ՀՀ տարածքում`Երևանում, մարզերում, 13.0%-ը` ԼՂՀ-ում։

Հետազոտության արդյունքում արձանագրվել է, որ 2012-2015թթ. 3 ամիս և ավելի տևողությամբ ՀՀ-ից մեկնած և 2015-ի դրությամբ դեռևս չվերադարձած 15-ից բարձր անձանց միջին տարեկան թվաքանակը կազմել է շուրջ 22 հազ. մարդ: Բացի այդ, այդ տարիներին 3 ամիս և ավելի տևողությամբ բացակայել են նաև շուրջ 5.6 հազ. 0-15 տարեկան անձինք։

Պարզվել է, որ հետազոտությանը նախորդող 12 ամիսների ընթացքում 15 տարեկանից բարձր միգրանտների ավելի քան 55%-ը գումար և/կամ ապրանք է ուղարկել իրենց ընտանիքներին և բարեկամներին:

Հետազոտության տվյալները նաև ցույց են տալիս, որ 2004-ից Հայաստանի քաղաքային բնակավայրերում գերակշռել են 4 և պակաս անդամից բաղկացած տնային տնտեսությունները, որոնց մասնաբաժինը քաղաքային տ/տ-ներում կազմել է 71.0%՝ գյուղականի 57.3 %-ի համեմատ։ Այսինքն՝ քաղաքներում փոքր ընտանիքները առավել գերակշռող են։

2015թ.-ին, ի համեմատ 2004-ի, նաև 12%-ով (2015թ.՝ 57.1%) աճել է մինչև 16 տարեկան երեխաներ չունեցող ընտանիքների քանակը։ Եթե 2015-ի տվյալը համեմատենք 2010-ի հետ, ապա 16 տարեկան երեխաներ չունեցող ընտանիքների թիվը կազմել է 53.4%, իսկ 2004թ.-ին՝ 45.3%։ Այսինքն՝ ծնելիության մակարդակի անկումը ազդել է փոքր տարիքի երեխա ունեցող ընտանիքների թվաքանակի վրա։

Ծանոթանալով գծապատկերում ներկայացված տվյալներին՝ կարելի է նկատել, որ ըստ 2015-ի տվյալների՝ Հայաստանի ընտանիքների 57%-ը մինչ 16 տարեկան երեխա չունի, իսկ մինչ այդ տարիքային խումբը երեխա ունեցող ընտանիքներում գերակշռել է 2 երեխա ունեցողների թիվը, հաջորդիվ՝ մեկ երեխա ունեցողներինը։

Հայաստանի ընտանիքներում 65.7%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 34.3%-ը՝ կանայք:

Համեմատելով Հայաստանում 2012-2015թթ. արձանագրված ամուսնությունների թվաքանակը՝ կարելի է նկատել, որ վերջին չորս տարիների համեմատությամբ 2015-ին գրանցվել է ամուսնությունների թվաքանակի ամենացածր ցուցանիշը, իսկ 2012-ին՝ ամենաբարձր ցուցանիշը՝ 19 063 ամուսնություն։ Առավել մանրամասն տվյալները՝ գծապատկերում

Ամուսնության միջին տարիքը 2015-ին տղամարդկանց համար կազմել է 30.7, իսկ կանանց համար` 27.1 տարեկանը։ Առաջին ամուսնության միջին տարիքը 2015-ին տղամարդկանց համար կազմել է 29.4, իսկ կանանց համար` 26.2 տարեկանը։

Հետազոտությունը պարզել է, որ 2015թ. գրանցված ամուսնալուծության դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 18.4 %-ով՝ կազմելով 3 670 դեպք։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter