HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Երբ բարեգործությունը կարելի է վերածել հարկի, կամ «ազգ-բանակ» կոնցեպցիայի հոգեվարքը

Երբ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանն Ազգային ժողովում առաջին անգամ խոսեց «ազգ-բանակ-պետություն» կոնցեպցիային անցնելու մասին, թվաց, թե գտնվել է ինչպես պետական կառավարման որակն ու բովանդակությունը փոխելու, այնպես էլ համահասարակական կենսակերպը, մտածողությունը փոխելու ոսկե բանալին: Ընդամենը երկու-երեք շաբաթ պետք եղավ՝ հասկանալու, որ գործ ունենք փայլուն գաղափարներն աղավաղելու ,շահագործելու և իմիտացիայի վերածելու հանրածանոթ երևույթի հետ:

Կառավարությունն այսօր հաստատեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը: Դրանով սահմանվում է, որ 2017թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ, բացառությամբ նվազագույն աշխատավարձի չափով վարձատրություն ստացողների, ամսական 1000 դրամ է փոխանցելու համապատասխան հիմնադրամին, որից մարտական հերթապահության կամ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքները կստանան ինչպես միանվագ մինչև 10 մլն դրամ, այնպես էլ ամսական 100-ից 300 հազար դրամի չափով ապահովագրական վճար:

Երկու օր առաջ, երբ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այս մասին զեկուցում էր նախագահ Սերժ Սարգսյանին, վերջինս նկատել էր. «Եթե մենք ասում ենք՝ «ազգ-բանակ», եթե նույնիսկ այս կարգախոսից, այս գաղափարից առաջ մենք ասում ենք, որ մեր բանակը ժողովրդական բանակ է, մեր բանակը մեր անվտանգության երաշխավորն է, ապա դա պետք է դրսևորվի ոչ միայն բարոյական խոսքերով, այլ նաև, իհարկե, մասնակցությամբ»: Դեռ այդ ժամանակ պարզ դարձավ, որ ռազմական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողների ապահովագրական վճարների այս համակարգը, ըստ էության, հանրապետության միջին խավի հաշվին ներդրվում է հենց «ազգ-բանակ» կոնցեպցիայի իրականացման անվան տակ:

Ինքնին վիճարկելի չէ հայրենիքին իրենց կյանքը և առողջությունը նվիրաբերող զինծառայողներին ցուցաբերվող սոցիալական աջակցության մեծացման գաղափարը: Որովհետև սա իր նվիրյալ զավակների առջև պետության և հասարակության պարտավորվածության, նրանց նվիրաբերումն արժևորելու առումով արժանապատվության հարց է: Եվ որքանով այն առնչվում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի՝ անկախ նույնիսկ Հայաստանում ու Հայաստանից դուրս բնակվելու հանգամանքից, դրան հասարակության մասնակցությունը ևս վիճարկման առարկա չէ: Եվ իր այդ բարոյական պարտավորությունը հասարակությունն ինքնակամ կատարել է ամենայն սիրով, պատրաստակամությամբ ու նվիրվածությամբ: Սա այն հարցը չէ, որտեղ որևէ բանական, դատողություն ունեցող արարած մտածի 1000 դրամ խնայողություն կատարելու կամ 1000 դրամ քիչ եկամուտ ստանալու մասին: Բայց տվյալ դեպքում հարցը գումարի չափը չէ: Հարցն այն մոտեցումն ու ոճն է, որոնցով կառավարությունն իրականացնում է այս ծրագիրը:

Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա: Իշխանությունը խաղադրույք է կատարում նրա վրա, որ բոլորը բարոյապես կաշկանդված են լինելու վիճարկել զինծառայողների ապահովագրմանը և նրանց ընտանիքների սոցիալական աջակցությանն իրենց մասնակցության անհրաժեշտությունը: Հասարակության զգացումները, զինվորի, բանակի նկատմամբ ակնածանքը, օգնելու մղումը, ըստ էության, որքան էլ կոպիտ է հնչում, օգտագործվում է նրանց դեմ, դառնում շահագործման միջոց:

Դա տեղի է ունենում ոչ թե աշխատող քաղաքացիների համար հանգանակության փոխընդունելի ինչ-որ ձևաչափ մշակելու միջոցով, այլ անհաջող իրականացված աճպարարությամբ: Խնդիրն այն է, որ չնայած փոխանցումներն արվելու են ապահովագրական հիմնադրամին, բայց դա կրելու է պարտադիր բնույթ: Հիմնադրամի կառավարման մասին Կենտրոնական բանկի այսօր տարածած պարզաբանման մեջ նշվում է. «Հիմնադրամին նվիրաբերություն կատարելը դառնալու է չափազանց դյուրին, և օգտագործվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների նորագույն միջոցները»: Եթե խոսքը վերաբերում է նվիրատվությանը, այսինքն՝ հիմնադրամին փոխանցումներն արվելու են նվիրատվության, այսինքն՝ կամավորության սկզբունքով, ապա ինչո՞ւ է կառավարության հաստատած օրինագծում նշվում, որ այդ «դրոշմանիշային վճարը  զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով` օրենքով սահմանված կարգով և չափով ՀՀ պետական բյուջե վճարվող պարտադիր և անհատույց վճար է»: Ինչպե՞ս է նվիրատվությունը դառնում պարտավորություն: Եթե սա պարտավորություն է, ապա ավելի ազնիվ է իրերը կոչել իրենց անունով և խոստովանել, որ նոր, յուրօրինակ հարկատեսակ է պարտադրվում, այսպես կոչված, որքան էլ զավեշտալի է հնչում՝ «բարեգործական հարկ»: Ընդ որում՝ դրա չվճարումը հագեցնում է պատասխանատվության՝ ֆինանսական տույժի տեսքով՝ օրական 1 տոկոսի չափով: Բայց սա աճպարարության միակ դրսևորումը չէ:

Պարզվում է՝ 500 դրամի չափով դրոշմանիշային վճար են գանձելու նաև բոլոր այն քաղաքացիներից, ովքեր օգտվում են պետական և ՏԻՄ ցանկացած ծառայությունից: Այսինքն՝ բարեգործական հարկ, ավելի ճիշտ՝ տվյալ դեպքում արդեն տուրք են վճարելու գործնականում գրեթե բոլոր քաղաքացիները՝ անկախ նրանից՝ աշխատո՞ղ են, թե՞ ոչ: Եվ, հետևաբար, ստացվում է, որ եթե չաշխատողները միայն տուրք են վճարելու, աշխատողները, ովքեր կօգտվեն պետական կամ համայնքային ծառայություններից, բացի աշխատավարձից արվող պահումներից, նաև «բարեգործական տուրք» կվճարեն:

Խնդիրն այստեղ տրտնջալը չէ: Այլ այն, թե ունի՞, արդյոք, կառավարությունն այս ոճով իր հասարակության հետ հաղորդակցվելու բարոյական իրավունք՝ ստեղծած չլինելով այդ հաղորդակցության, երկխոսության համար անհրաժեշտ վստահության հիմքը:

Այստեղ անգամ ավելորդ է քննարկել, թե ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ այդ վճարը պետք է հենց 1000 դրամ կազմի, ինչո՞ւ պետք է և՛ բարձր և՛ շատ ցածր վարձատրվողները վճարեն նույնքան, ինչո՞ւ է այդ պարտականությունը հիմնականում դրվում աշխատողների վրա մի երկրում, որտեղ գործազրկության մակարդակը պաշտոնական տվյալներով հասնում է 20-25 տոկոսի, բայց որտեղ մեր զինվորականների ապահոված անվտանգությունից բոլորն են օգտվում, ինչո՞ւ մյուսների կողմից այդ վճարումների կատարումը պետությունը չի վերցնում իր վրա և այլն: Փաստն այն է որ, ըստ էության, զինծառայողների սոցիալական ապահովության, կյանքի և առողջության ապահովագրության բեռը պետությունը գրեթե ամբողջությամբ դնում է հասարակության վրա՝ ստանձնելով միայն հիմնադրամի «արդար ու թափանցիկ» կառավարման պարտավորությունը:

Մինչև նոյեմբերի 8-ը, այսինքն՝ մինչև պաշտպանության նախարարի կողմից ծրագրի մասին նախագահին զեկուցելն ու դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության տարածումը, հասարակությունը և այն շրջանակները, որոնք հանդիսանում էին պոտենցիալ «բարեգործ-հարկատուներ», բացարձակապես տեղյակ չէին դրա մասին: Ծրագրի նախագծման փուլում դրա շուրջ ոչ մի հանրային քննարկում չի կազմակերպվել: Ընդամենը երկու օր տևեց այս մտահղացման մասին հայտնի դառնալուց մինչև նախագիծը Կառավարության կողմից հաստատելը: Ինչի՞ համար էր այս հապճեպությունը: «Ազգ-բանակ» կոնցեպցիան, փաստորեն, այսպիսի հապճեպությամբ էլ կյանքի՞ ենք կոչելու, առանց «ազգ» բաղադրիչի մասնակցությա՞ն, կաբինետային և սեփական ճշմարտացիության մեջ գերհամոզվածության այն հիվանդագին սինդրոմով, այն նույն բյուրոկրատական ոճով, որով մինչև հիմա Հայաստանում հարցե՞ր են լուծվել ու որոշումնե՞ր կայացվել: Մի՞թե կառավարությունն այդքան չի հարգում ու վստահում սեփական հասարակությանը, որ անգամ նման զգայուն հարցում գործում է նրանից գաղտնի: Եթե կառավարությունը որոշել է առանց հասարակության հետ առողջ երկխոսության կյանքի կոչել այդ կոնցեպցիան, ապա կարելի է հենց հիմա դրա վրա վերջակետ դնել: Նման կոնցեպցիայի ոչ մի հասարակություն չի հավատա:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետը պաշտպանության նախարարին հորդորում է ուշադրություն դարձնել «զինակոչի արդար պայմաններին»: Այն նույն նիստում, որտեղ նման կայծակնային արագությամբ հավանություն է տրվում ապահովագրական վճարների մասին օրինագծին: Մի կողմ թողնենք այն փաստը, որ դրանով վարչապետն ուղղակի հաստատեց բանակում զորակոչի ոչ արդար պայմանների առկայությունը, որոնց պատճառով առաջին գծում հայտնվում են և իրենց կյանքն ու առողջությունը վտանգի տակ դնում անապահով ընտանիքների՝ շատ դեպքերում միակ արու զավակները: Վարչապետի այդ հորդորը բնական հարց է առաջացնում. որքանո՞վ է բարոյական հասարակության համար նման պարտավորություն սահմանել՝ առանց այդ հիմնարար հարցը լուծելու, առանց բանակում առկա կոռուպցիան վերացնելու: Երբ այդ նույն «բարեգործական հարկ» վճարողներից ոմանք հարցնեն՝ արդյո՞ք իրենք վճարում են, որպեսզի իշխանական ու իշխանամերձ էլիտայի, հայաստանյան բոլոր «շուստրի» արտոնյալների սիրասուն զավակները ծառայությունը սպանեն իրենց տանը, լավագույն դեպքում հանրապետության՝ բոլորին հայտնի «էլիտար» զորամասերում, ի՞նչ է խնդրանքով հանդես եկող վարչապետ Կարապետյանը պատասխանելու: Գուցե «ազգ-բանակ» կոնցեպիցիայի շրջանակներում պետությունը նախ իրենից կախվա՞ծն աներ՝ հասարակությունից ինչ-որ լրացուցիչ բան ակնկալելուց առաջ... 

Լուսանկարը՝ Արմեն Երամիշյանի

Մեկնաբանություններ (1)

Աբրահամ
ողջ բյւդջեն լափւմ են իսկ բանակի համար էլի պիտի հասառակ քաղակացին իր գրպանից վճարի, էդ գողացած փողերը հետ բերեք դա լրիվ կհերիքի բանակին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter