HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հայրն արգելել է աղջկան դպրոց գնալ. «Ես չեմ ուզե իմ էրեխեն 6 տղու հետ դասի նստի»

Շիրակի մարզի Քեթի գյուղում այս տարի առաջին դասարան պիտի ընդունվեր վեց տարին լրացած յոթ երեխա` 6 տղա եւ մեկ աղջիկ: Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալիսա Նիկողոսյանն ասում է, որ սեպտեմբերի 1-ին իրենք նվերներով սպասել են փոքրիկներին, սակայն այդ օրը դպրոց են եկել միայն վեց տղաները, Հայկանուշին մայրը դպրոց չի բերել: Անհանգստացել են, փորձել պարզել պատճառը:

«Սկզբում մայրը պատճառաբանեց, որ հագուստ չի գնել, երեխան համապատասխան զգեստ ու կոշիկ չունի, դասագիրք չունի, դրա համար չի բերում: Ես մորն ասացի, որ Հայկանուշը նվեր գրենական պիտույքներ ունի, մենք իրեն դա կտանք, իսկ հագուստն էլ, դե թող տան շորերով գա, ոչինչ, մենակ թե պարտադիր ուսուցումից դուրս չմնա,- պատմում է տնօրենը:- Մայրը սկզբում պատճառաբանում էր, որ հայրը Ռուսաստանում է, չի թողնում բերեմ, տանը փոքր երեխա ունեմ, հետո ասում էր, թե պիտի տեղափոխվեն ընտանիքով Հայաստանից, տարբեր-տարբեր պատճառաբանություններ էր բերում, բայց մտքներովս էլ չէր անցնում, որ բուն պատճառը համադասարանցի տղաներն են: Ես Նառային ասացի, որ եթե նույնիսկ միտք ունեն տեղափոխվելու, թող երեխան գա այնքան, որքան իրենք դեռ կմնան գյուղում, գոնե հայերեն տառերը կսովորի»:

Հորդորն ազդել է: Հայկանուշը սեպտեմբերի 5-ից 16-ը հաճախել է Քեթիի միջնակարգ դպրոցի առաջին դասարան: Դասվար Սիլվա Մկրտչյանի հավաստմամբ` երեխան բոլորովին կաշկանդված չի եղել, միայն թե սկզբնական շրջանում, երբ նկար-պատկերներ են վերլուծել, հրաժարվել է կրկնել տղա դասընկերների ասածները:

«Երբ ես իրեն ասում էի` այ, քո ընկերն ասաց, դե հիմա դու էլ կրկնի, ինձ ասում էր` չէ, դու ասա, քո ասածը կկրկնեմ,- պատմում է Ս. Մկրտչյանը,- ու ես հասկանում էի, որ երեխային տանը պարզապես տրամադրում են ոչ այնքան դրական ձեւով դեպի տղա դասընկերները: Հետո ամեն ինչ կարգավորվեց: Հայկանուշը շատ ժիր երեխա էր ու խաղերը, որ կազմակերպում էին, ինքը մի տեսակ վարողի դերում էր լինում միշտ: Նախաձեռնող էր, լիդերության հակում ուներ: Շատ պարտաճանաչ էր դասապատրաստման պրոցեսներին, եթե նույնիսկ մենք այդ օրը տվյալ առարկան չունեինք, ինքը գիրքն անպայման բերում էր ու դեռ հետն էլ առաջարկում, որ տվյալ դասն անենք»:

Երբ սեպտեմբերի 17-ից Հայկանուշն այլեւս դպրոց չի հաճախել, դասվարը նույն երեկոյան զանգահարել է մորը` մտածելով, որ երեխան գուցե հիվանդացել է: Չստանալով խելամիտ որեւէ բացատրություն բացակայության վերաբերյալ` մյուս օրը Սիլվա Մկրտչյանն անձամբ է այցելել աշակերտուհու տուն, զրուցել Նառայի հետ: Վերջինս ասել է, որ Ռուսաստանում գտնվող ամուսինն արգելել է վեցամյա աղջնակին դպրոց տանել: Պատճառն էլ այն է, որ Հայկանուշը դպրոցի միակ առաջին դասարանի միակ աշակերտուհին է, ու ամենայն հավանականության, իրենք Հայկանուշին Հողմիկ գյուղում դպրոց կուղարկեն, որտեղ բնակվում են նրա մորական տատն ու պապը:

Սպասելով մի որոշ ժամանակ եւ տեսնելով, որ Նառան մտադիր չէ երեխային ոչ Քեթիի, ոչ առավել եւս Հողմիկի միջնակարգ դպրոց ուղարկել, Ալիսա Նիկողոսյանը սեպտեմբերի 29-ին պաշտոնական գրություն է ուղարկում համայնքի ղեկավարին` տեղեկացնելով, որ դպրոցահասակ Հայկանուշ Խաչատրյանը չի հաճախում դպրոց:

Նամակում նշվել է, որ իրենք բազմիցս տեղեկացրել են ծնողին դպրոց հաճախելու անհրաժեշտության մասին, սակայն դրական արդյունքի չեն հասել` ծնողն առանց հիմնավոր պատճառի հրաժարվում է երեխային դպրոց բերել: Ալիսա Նիկողոսյանը խնդրել էր համայնքի ղեկավար Թորգոմ Սահակյանի միջամտությունը: Խնդրին լավատեղյակ համայնքապետի առաջարկությամբ հոկտեմբերի 6-ին Քեթի համայնքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նիստ է գումարվել, որին մասնակցել է երեխայի մայրը` Նառա Խաչատրյանը:

Նիստի ընթացքում Նառա Խաչատրյանը որեւէ հիմնավոր պատճառաբանություն չի բերել, թե ինչու է 6-ամյա աղջկան հրաժարվում դպրոց տանել, խոստացել է հաջորդ օրը խնդրին տալ դրական լուծում, սակայն երեխան այդպես էլ չի հաճախել դպրոց: Հոկտեմբերի 18-ին գումարվել է հանձնաժողովի 2-րդ նիստը, որին այս անգամ մասնակցել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի իրավաբան Մանուկ Մանուկյանը:

Ծնողին բացատրվել է, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն` դպրոցահասակ երեխան պետք է առանց որեւէ պատճառաբանությունների պարտադիր ուսուցման ներկայանա: Տեղեկացրել են նաեւ, որ ծնողը կենթարկվի պատասխանատվության երեխայի իրավունքների ոտնահարման համար:

Հոկտեմբերի 28-ին համայնքի ղեկավարը նամակ է ուղարկել նաեւ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ, փոխգնդապետ Վ. Ենգոյանին եւ խնդրել միջամտել` հարցին դրական լուծում տալու համար: Նոյեմբերի 10-ին հայրենի գյուղ վերադարձած Կառլեն Սարգսյանին հրավիրել են ոստիկանության Ախուրյանի բաժին, նրա հետ զրուցել է անչափահասների գծով տեսուչն ու հորդորել որեւէ տարբերակ մտածել երեխային պարտադիր ուսուցումից դուրս չթողնելու համար: Կառլենի հետ զրուցել են նաեւ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավարն ու իրավաբանը:

Վեցամյա աղջնակը հարցիս, թե «դպրոցում լա՞վ էր», տարուբերում է գլուխն ու մի կարճ «չէ»-ով փորձում խուսափել հետագա հարցերից: «Բայց դու երկու շաբաթ հաճախել ես, մի՞թե այդքան վատ էր»,- փորձում եմ հասկանալ, թե ինչը կոնկրետ դուր չի եկել փոքրիկին: «Չէ, լավ էր»,- անկեղծանում է երեխան ու հայացքը հառում մորը:

Զրույցին ներկա են Հայկանուշ Խաչատրյանի ծնողները` Կառլեն Սարգսյանը եւ Նառա Խաչատրյանը: Երեխան կրում է մոր ազգանունը, Կառլենը դա բացատրում է նրանով, որ իրենք զագսավորված չեն, ժամանակ չունեն դրա համար, թեպետ 7 տարի է` ամուսնացած են, ու երկրորդ դուստրն էլ արդեն մի քանի ամսական է:

«Փաստորեն, դուք վատ եք զգում, որ Հայկանուշը սովորելու է 6 տղայի հետ նույն դասարանում, սակայն վատ չեք զգում, որ նա կրում է ոչ թե ձեր, այլ մոր ազգանունը»,- հարցնում եմ Կառլենին: «Չէ, հեչ վատ էլ չեմ զգա, ազգանունն ի՞նչ կապ ունի, եթե էրեխեն իմն է,- արդարանում է հայրը,- հըմի ես որոշել եմ, օր ինքն էս տարի դպրոց չէրթա: Ես, իմ սեփական էրեխեն, թող մնա, կդառնա 7 տարեկան, մյուս տարի կերթա, ի՞նչ է էղել»:

Երեխային դպրոց չուղարկելու հարցում երկու ոտքը մի մաշիկ մտցրած Կառլեն Սարգսյանն իր դիրքորոշումը չի թաքցնում մեր զրույցի ընթացքում: «Ըդիկ շատ լավ է, օր դուք լրագրող եք, ուրեմն լսեք ու ըսեք` ես ճի՞շտ եմ, թե՞ սխալ,- զրույցի հենց սկզբում նկատեց Հայկանուշի հայրը,- հասարակ օրինակ` էրեխես գնում է դպրոց, բա ընկերուհի չունենա՞ առաջին հերթին, ինչի՞ էրթա անկյունի վրա տխուր նստի կամ ուզենա զուգարան էրթա, թեւը բռնող, հետն էրթացող չեղնի: Հլը բերեք ըդոնք սաղ հաշվի առնինք: Մի ամիս չի, 6 ամիս չի ու մի տարի էլ չի, 12 տարի երեխես բդի սորվի 6 տղու հետ, բա էդ էրեխեն մեղք չէ՞: Ամեն ինչից հետ մնա, չթողնինք ծնունդ էրթա, էքսկուրսիա էրթա, 6 տղա ու թաք մե աղջիկմ: Թող մի տարի ուշ գնա: Ես ծնողն եմ, ես բդի տանջվիմ ու 12 տարի էդ կռիվը բդի մշտական մեր տան մեջն էղնի, ավելի լավ է էրեխես էդ 6 ամիսը սպասե, բան չկա, մյուս տարի թող էրթա, մանավանդ իմացել եմ, օր մյուս տարի 2 աղջիկ երեխա կա առաջին դասարան գնացող»:

Հայկանուշի մայրն էլ իր հերթին համաձայն չէ այն մտքին թե երեխան միայն իրենցը չէ, պետությանն էլ է: «Պետությունն ի՞նչ կենե իմ երեխայի համար, օր մարդիկ էլ կհայտարարեն, թե էրեխեն մենակ քուկդ չէ: Տվածները 3 հատ գիրք չէ՞, տունը դրած է, տանինք ետ կուտանք: Մեր երեխուն պահողն էլի մենք ենք, շոր ու կոշիկ առնողը, կերցնող-հագցնողն էլի մենք ենք: Հմի չեմ հասկնա` ի՞նչ գուզեն մեզնից: Մենք մեր երեխուն չենք ուզե էս տարի դպրոց տա, թող մնա, մյուս տարի կերթա»,- ամուսնուն է միանում Նառան:

Ամուսինները գոհ են թե դպրոցի տնօրինությունից, թե դասվար Սիլվա Մկրտչյանից, սակայն առաջին դասարանում 6 տղայի առկայությունը բացառում է իրենց զավակի դպրոց հաճախելու հանգամանքը:

Իրենք չեն պատրաստվում ոչ հարեւան Մայիսյան գյուղի դպրոցում տեղավորել իրենց դստրիկին, ոչ էլ առավել եւս ուղարկել Հողմիկ, ինչպես սկզբում խոստացել են:

«Եթե ես հմի էրեխուս ղրկեմ դպրոց, ուրեմն 12 տարի տանս մեջ վեճ ու կռիվ բդի էղնի, ես էլ էրեխուս զրկեմ բդի ամեն ինչից: Ես հերն եմ, ես չեմ ուզե իմ էրեխեն 6 տղու հետ դասի նստի, ընչի՞ չեն հասկնա: Ես կխոստանամ, օր իրա մերը հետը տունը կզբաղվի, ոտանավոր էլ կսորվցնե, պետք էղնի տառերն էլ կսորվցնենք, բայց էս տարի ես Հայկուշիկիս դպրոց չեմ ղրկե, վերջ»,- զրույցը եզրափակում է Կառլեն Սարգսյանը:

Մեկնաբանություններ (14)

A.G.
i uraxutyun bolor chisht mtacoxnerin asem vor erexayi hayr@ poqriki dzerqic brnac arden amen or tanum e dproc...
Վահագն
Երեխայի հետ կապված ցանկացած հարցի, այդ թվում խմանքի, կրթության, հոգևոր մշակութային կյանքին մասնակցելու, դաստիարակության և այլ հիմնախնդիրների լուծման պարտականությունը կրում են ծնողները և դա օրենքով դրված է նրանց վրա: Ընդ որում, այս հարցում ծնողները կրում են հավասար իրավունքներ և պարտականություններ և բոլոր հարցերը պետք է լուծեն երկկողմանի համաձայնությամբ: Եթե յուրաքանչյուր ծնող հասկանա, որ ինքը չպետք է բռնանա մյուս ծնողի կամքի իրականացման հարցում, հաստատ կշահի երեխան: Էսօր էս դեպքի հետ կապված մայր ծնողը անլեզու է, չեմ ասի, անխելք, չնայած մի փոքր էլ իրեն արժանի է: Յուրաքանչյուր մարդ ինքն է իրեն վատ դրության մեջ դնում, մարդկանց լավ ու վատ լինելն անմիջականորեն կախված է հենց իրենցից, իսկ երեխաների մասով հաստատ ծնողներից: Ծնողը պետք է վերանա իր կողը հաստատ բնավորությունից ու մտածի հանուն երեխայի բարեկեցության, ապագայի, նրա դաստիարակության առավելագույնս մակարդակների, կրթության բարձր վարկանիշի մասին, ու մնացած այլ ասպեկտներում իր կոնկրետ ասելիքների ու անելիքների հարցում պետք է ղեկավարվի ուրիշ անձի` այսինքն իր երեխայի իրավունքներով ու շահերով, բայց ոնց հասկանում եմ հայրը իր երեխային չափում է իր արշինով ու իր ապրած ու իր գլխով անցած դարձած իրավիճակներով, առանց երկար բարա անելու, որ իր զավակի հարցում ինքը պետք է ավելին անի: Իզուր չէր ասված Հով. Թումանյանի խոսքում. ապրեք, բայց մեզ պես մի ապրեք: Օրինակը իմ վրա կարող եմ բերել, իմ աղջիկը էնքան էր թախանձում մորը, որ իրեն տանի ու գրանցի բարսայի ֆաների կլուբում, մերը հակառակվում էր, ասում էր` ֆուտբոլից հեռու մնա, դու աղջիկ ես և այլն, և այլն: Էսօր ինքը Բարսելոնի ֆուտբոլային ակումբի հայաստանյան ֆաների ակումբի մասնակից ա: Ու մերը չգիտի էլ դրա մասին, որ իմանա ինչ պիտի անի? Երեխայի օրինական և զուսպ ցանկությունները խեղդել չի կարելի, նամանավանդ եթե դա վերաբերում է կրթությանը կամ դաստիարակությոնը: Ես փոքր ժամանակ, խնդրում էի ինձ տանել ֆուտբոլի, ինձ ասում էին ու տանում էին դաշնամուրի, ես էսօր ոչ կարգին ֆուտբոլ խաղալ գիտեմ, ոչ էլ դաշնամուր նվագել, բայց եթե տանեին ֆուտբոլի, միգուցե լավ ֆուտբոլիստ կդառնայի:
հայ տղա
մի մեղադրեք 7տարեկանից որ գնա ինչ պիտի լինի?
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայրը մասամբ ճիշտ է,բայց դե հիմա էդ է. հաշվի առնելով նաև այն,որ Հայաստանում բոլոր օրենքները ՉՈՏԿԻ գործում են:................... Թուրքիայում անլեգալ ու դպրոց չգնացող հարյուրավոր Հայ տղաներ ու աղջիկներ կան:Թուրքիայի այդ ցիգան Հայերը կարողա չեն ապրում? Մարդիկ արհեստ են սովորում-կոշիկ մաքրել,աման լվանալ,փողոց սրբել,տուն մաքրել,չայ հրամցնել,'էստի համեցեք' կանչել:
Ani
Dzer eq arnum? inch kap uni dasaranum menak tgherq en te ghchkerq?erekhan petk e krtutyun stana, sovori shepvele urishneri het-tekuz miayn tgherqi het. Cnoghe iravunq chuni ir erekhain but mecacni tane pahelov. Karogh e inqe hayr e baic erekhan anhat e vore uni ir kianqe ev cnoghnere petke ameninch anen vor erekhan zargana -vochte hakarake!!!!
GAYANE69
Thankagin hayrenakicner! Yes aprum em megapolisum,teev Hayreniqic durs enq,bayc ushi ushov aghjkas c'anothac'num em bolor norutyunnerin.Im 13 amya aghjka mot kardalis ,shat xelac'i xorhurd tvec i dep,vor chisht e arel hayr@,na aveli erkar e mtac'el,qan duq intelligenterd.Inchu,vorovhetev hishec ir dasaran@,hishecinq arajin qaylern u @nkeruhinerin,dasamijocin ur ein gnum yev mi xosqov hamozec,vor kdzandzrana aghjik@ u verj,pashtpanec u haskac'av hor dirq@.
Steve
Սիրելի՛ Թամարա, խնդրում եմ ավելի ուշադիր կարդալ հոդվածը ու հասկանալ, որ այստեղ ոչ մի «լեննաԳանցի» չկա: Ամեն դեպքում չարժե ինչ-որ մեկի քայլով բոլորին դատել...
Ani
Ay karcratipi orinak.....Zzveli karcratipi, vor kapkpum e mardu uxexy u erexayid el ches karoxanum dproc uxarkel...
Vahagn
Ինչից է հերն էդքան վախում: իրա դաստիարակություն տալու ունակությունից: Ինչ տարբերություն դասարանում մեկ աղջիկ է, թե 20 աղջիկ ու 100 տղա: Էս ինչ մտածելակերպ ա: Առնվազն մարդ պետք է ուղեղ ունենա որ իր երեխուն կարողանա դաստիարակել, վստահել ու մտածել նրա կրթության մասին: Էսօր շատ հեռավոր գյուղերում մարդիկ մտածում են` աղջկա ինչին է պետք կրթությունը, ամուսնանա, էտա կարևորը: առանց մտածելու, որ կրթություն չստանա համ ինքը չի կարողանալու արժանավայել ապրի, համ էլ հետո չի կարողանալու իրա ծնողների հոգսերն ու կարիքները հոգա: Սիրեմ Ձեր կարճ խելքը: Վաաբշետը էս դեպքերում ուր են կորում խնամակալության ու հոգաբարձության մարմինները: Բա էս դեպքում գյուղապետը բան ու անելիք չունի? Ինչի չունի որ: Օրենքով իրա վրա է դրված: Հլա մի հատ մտեք մի հատ գյուղական համայնք, ասեք խնամակալության հոգաբարձության հանձնաժողով ունեք, ասելու են էտ ինչ ա?
hay_mard
eeee joghovurd jan, es ur enk glorum? isk ete myus tari el chlini? ay Karlen jan isk inchu chek mtatsum vor 6 axpor mi kura linelu dser aghjike? isk tsnundnere ev ekskursianere hog chen, togh chgna ashkhare pul chi ga.
Թամարա
Իրոք, շատ համով, սիրուն էրեխեք են նկարի էրեխեքը: Հիմա կարող էր դպրոց գնալ Հայկուշիկը, հետո եթե պրոբլեմներ լինեին, դասարանը փոխեր կամ էլ միգուցե ուրիշ աղջիկ բերեին իրենց դասարան մի տարուց: Ամեն դեպքում երեխային դպրոց ուղարկելնն էր ճիշտ, բայց դե լեննաԳանցուն կրնա՞ս բան հասկըցնիս :)))) Բայց այստեղ նաեւ մտահոգիչ է, որ այդքան քիչ փոքրիկներ են առաջին դասարան գնում, ու որ աղջիկները այդքան քիչ են:
Karen
հլը էն տղա էրեխեքի նկարը նայեք դեմք նկար ա, դրանց  կանգնելու ձեւը, լավ էրեխեք են շատ, իսկ էն աղջիկ էրեխու հերը լրիվ քյարթ ա, ասա թե էս մի մատ էրեխեքը քո աղջկան ինչ պտի անեն՞
W. Wallace
Իսկ հորը հասկանալ կարելի է...չնայած առաջին մի քանի դասարաններում տարբերությունը այդքան նկատելի չէր լինի սեռերի, հետո էլ կարելի կլիներ փոխել դպրոց/դասարան
W. Wallace
Որքան հաճելի է, որ մարզերում այսպիսի հոգատար եւ գեղեցիկ դասվարներ կան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter