HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ նախագահին և երկրի վերնախավը ձևավորող բոլոր անձանց

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջարկությանը, որն արժանացել է ձեր հավանությանը՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից տուժած զինծառայողների և նրանց ընտանիքների աջակցության նպատակով համազգային ապահովագրական հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ, կարծում եմ, որ այս գաղափարը, ընդհանուր առմամբ, ճիշտ է և անհրաժեշտ:

Հազիվ թե մեր հայրենակիցներից որևէ մեկը հրաժարվի օգնել մեր Հայրենիքի պաշտպաններին: Մեր հասարակության համար այս ապահովագրական հիմնադրամի ստեղծումը պարզապես հրամայական է...

Սակայն, ինչպես ասում են, փորձենք ցորենը զատել որոմից...

Մեր անկախության 25 տարիների ընթացքում մեր հասարակության մեջ ձևավորվել է մի խավ (բնակչության 10-15 տոկոս), որը հարստացել է բնակչության ճնշող մեծամասնության հաշվին՝ խայտառակ թալանի և յուրացման ճանապարհով, օգտագործելով պետական ֆինանսական միջոցների և ազգային բնական պաշարների «տաշտակին» իր «մոտ լինելը»՝ թաքնվելով կեղծ, «անհերքելի» փաստարկներով, որ իբր կուտակված հարստությունը նրան է անցել ժառանգաբար և հեռու-մոտիկ «կարեկից» բարեկամների աջակցությամբ, իսկ երբեմն էլ՝ մանկության ընկերներից:

Ժամանակակից լիբերալ հասարակությունը հաճախ քննադատում է մեր անցյալը՝ խորհրդային երկրում մարդու իրավունքների և ազատությունների խախտման համար: Այդ դեպքում, խնդրում եմ բացատրել, թե ինչպես ստացվեց, որ հայրենական «հզորների» տատիկ-պապիկները, լինելով այդ երկրի օրինապահ քաղաքացիներ, կարողացել են ոչ միայն բարիք ստեղծել երկրի համար (որ մինչ օրս թալանվում է), այլ թաքուն կուտակել այդքան հարստություն, որով այժմ իրենց թոռներն ու ծոռներն ձեռք են բերում հողատարածքներ, կառուցում դղյակներ, իրենց զավակների հարսանիքներն ու ծննդյան օրերը նշում արտասահմանում, տիրում ամբողջ շրջաններ և բնակավայրեր (ոչ պաշտոնական), ունեն միլիոնավոր արտարժույթային միջոցներ օֆշորային գոտիներում, թանկարժեք գույք ամերիկյան կամ եվրոպական երկրներում և այլն:  

Զարմանալի է, որ հայրենական նորահարուստները վերոնշյալին հասել են 25 տարվա տնտեսական, տրանսպորտային և տեղեկատվական շրջափակման ու Ադրբեջանի կողմից մշտական ռազմական ագրեսիայի պայմաններում:

Հանուն ճշմարտության պետք է նշել, որ երբեմն ներքին «ռազբորկաների» պատճառով, վերնախավից որևէ մեկը «դուրս է մնում», սակայն նրանք չեն անհետանում, այլ հայտնվում են պահեստազորում՝ «խորհրդատուների» կարգավիճակով, իսկ «սուրբ» անձին ավելի մոտ կանգնածները ստանում են դիվանագետի աստիճան: Կադրերին (հատկապես կարևորներին) անհրաժեշտ է փայփայել և պաշտպանել ժողովրդի զայրույթից: Հանրային ունեցվածքի ներկայիս և անցյալի թալանի առաջնորդներից և ոչ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել 25-ամյա մեր նորագույն պատմության ընթացքում:

Նույնիսկ ապրիլյան քառօրյա պատերազմի խուճապային վիճակը, որ պատել էր մեր «վերնախավին», շատ արագ անցավ, և ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր. Սակայն, իշխանության վերին էշելոններում ակտիվացան հայրենասիրական ելույթները:

Հաշվի առնելով վերոնշյալը և աջակցելով իրավական առումով չհիմնավորված նախաձեռնությանը` Ադրբեջանի ռազմական ագրեսիայից տուժած զինծառայողների և նրանց ընտանիքների աջակցության նպատակով համազգային ապահովագրական հիմնադրամ ստեղծելուն, առաջարկում եմ, առաջին հերթին ստեղծել նշված հիմնադրամի կանոնադրական կապիտալը՝ 1 տրիլիոն դրամ (կամ  ավելի), այս միջոցները թալանչիներից (անձերը ձեզ հայտնի են) սեփականազրկման ճանապարհով, իսկ այնուհետև իրավական հիմքով (հանրային քննարկումներ և այլն) օրենք ընդունել աշխատող քաղաքացիների պարտադիր հարկման մասին: Այլապես անարդար է, որ թե Կենտրոնական բանկի նախագահը, թե 60 հազ դրամ աշխատավարձ ստացող գյուղական ուսուցչուհին, հիմնադրամին մուծեն 1000 դրամ: Անհրաժեշտ է տարբերակում՝ կախված աշխատավարձից:

Նման մոտեցման դեպքում, միգուցե գումար մնա նաև Վանաձորում բնակվող Միրզոյանների ընտանիքին օգնելու համար, որոնց ընտանիքում 2016 թ. փետրվարի 18-ին ծնվեցին եռյակ տղաներ, իսկ ընտանիքը կարիքի մեջ է: Չէ որ այդ տղաները ևս մեր ապագա պաշտպաններն են: 

ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն

Մեկնաբանություններ (5)

lusik
Եթե գույքահարկը ահավոր չափսի հասնող առանձնատների վրա բարձրացվի, ինչը արված է շատ երկրներում, հարցը միանգամից կլուծվի: Իդեպ այդ քայլը կնվազեցնի կոռուցիան երկրում՝ հանուն այդ անիմաստ մոնստր կառույցների թալանվում է բյուջեն, բանակը, կաշառք է վերցվում: Ավարտելուց է հետո այդ ամենը շարունակում են, որ վարձատրեն սպասարկող անձնակազմին, մուծեն կոմունալ ծախսերը՝ ոչմի չինովնիկի աշխատավարձ չի հերիք անի: Այդ պալատների համար ոչնչացվում է բնությունը՝ տխուր վկան մոնումենտի տարածքը:
Մ.Բանդուրյան
Առաջարկում եմ նաև 1000 դրամ գանձել այն մարդկանց համար, որոնք զրկվել են աշխատանքից լուծարման կամ հաստիքների կրճատման պատճառով և պետությունը ոչ մի երաշխիք չի տալիս նրանց և նրանց ընտանիքներին. Ինչպես չհիշել Վիլյամ Սարոյանի սովյալներին...
Վաչե
եթե պարրտադիր գանձումներ են լինելու աշխատավարձերից՝ այսինքն միայն օրինական հաշվառված աշխատողներից, ապա աշխատող բնակչության մի զգալի մասը ( մոտ 20-30% ) անմասն է մնում հիմնադամի ձևավորման պրոցեսից։ Չի մասնակցի նաև սփյուռքահայությունը, քանի֊որ հանգանակություններն ու պարտադիր պահումները միևնույն հիմնադրամի մեջ հավաքագրելը իրվական տեսակետից անհամատեղելի է և լավագույն պայմաններն են ստեղծում հերթական թալանի ու յուրացման համար։ Հիմնադրամ ստեղծելու գաղափարը ինքնին դրական է և թերևս ուշացած։ Սակայն այն շատ ավելի արդյունավետ կաշխատի եթե լինի կամավոր հիմունքով , առանց ֆիքսված գումարի և վերաբերվի ողջ հայությանը։ Հիմնադրամի հաջողության համար շատ կարևոր է մեր ։ազգի անվանի մարդկանց դիմում֊ ելույթները հայ ժողովրդին՝ ԶԼՄ ֊ներով։
Մինաս
Պետրոս Ղազարյանի հարցին (հեռ.) թե - էդ ոնց են որոշել 60 հզ եւ 1,5 մլն ստացողներից նույն 1000 - ը գանձել, ինչքանով է դա արդար? - Արծրուն Հովհանիսյանը մի զարմանահրաշ բացատրություն տվեց՝ թե - Պետրոս ջան, եթե տոկոսով անենք ըստ աշխատավարձի, ապա գիտես ինչ սարսափելի դժվար կլինի հաշիվ անելը ! Վա՜հ, ոնց չենք գլխի ընկել: Ասել է թե՝ այս դեպքում ճիշտ է բոլորին գլուխներով հաշվել: Դե, այդ իմաստով չինովնիկ, օլիգարխ իհարկե .... գլուխներ են:
Մելո
Միանգամայն ճիշտ է նամակի կոչը: Սակայն ականջները վաղուց խլացել են, իսկ աչքերը կուրացել ագահությունից ու ապագայի վախից - թե ժաղովրդից, թե մեկը մյուսից: Դրա համար էլ խեղդվողի նման տարօրինակ բաներ են անում ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter