HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արամ Մանուկյան. «Դու քո միլիոնը պահում ես, ուրիշի 1000 դրամն ես ուզում»

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, այսօր ԱԺ քառօրյա նիստին անդրադառնալով ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգի ներդրմանը, ասում է՝ խնդրի դրվածքը, նպատակը հասկանալի է բոլորին, ընդունելի է բոլորի կողմից և այս հարցում լիարժեք համաձայնություն է։

Այլ պատգամավորներին հորդորում է չասել, որ այս համակարգը լավ գաղափար է, քանի որ պնդում է, որ բոլորին էլ հասկանալի է, որ պետությունը ունի սուրբ պարտականություն իր զինվորին պահելու, նրա կյանքն ու առողջությունը ապահովագրելու։ Այս համակարգում պատգամավորը առարկություն է համարում ընտրված՝ յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց 1000 դրամ գանձելու միջոցը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ այս համակարգի իրագործումը պետք է պետական մենաշնորհ լինի, պետությունը իր բոլոր հնարավոր միջոցներով պետք է այս բոլոր խնդիրները լուծի, ստեղծի միջավայր, որ այդ միջավայրում հասարակությունը օգտակար լինի, նվիրատվություն անի, գումարներ ներդնի։

Սակայն Մանուկյանը պնդում է, որ չկա այդ միջավայրը։ Որպես օրինակ մեջբերում է 1991 թվականի «Մեկ գրամ ոսկի» նախաձեռնությունը, երբ պետությունը ծանր սոցիալ-տնտեսական վիճակում է եղել, դիմել է քաղաքացիներին, և նրանք կամավոր մեկ գրամ ոսկի են հանձնել։ Ասում է՝ ես էլ կամավոր մեկ գրամ ոսկի հանձնել եմ և այժմ հպարտությամբ պահում եմ այն վկայականը, որ ես իմ պետության ծանր օրերին, իմ կնոջ մեկ գրամ ոսկին հանձնել եմ։

Մանուկյանը շեշտում է, որ կամավորությունը մարդուն բերում է հերոսության, պարտադրանքը հերոսությունից հետ է տանում. «Պարտադրանքով հերոսություն, քաջագործություն չես կարող ստիպել։ Կամավորով, սեփակական օրինակով կարող ես ստեղծել»,-նշում է նա։

Պատգամավորը ԱԺ ամբիոնից թվերով և տվյալներով հիմնավորում է, որ այս համակարգի ներդրման համար պետությունը ունի միջոցներ և հնարավորություններ։ Մասնավորապես նշում է՝ Հայաստանից տարեկան դուրս եկող 1-1,5 միլիարդ դոլար ապօրինի կանխիկ գումարը։ «Այդ գումարները հետ բերեք բյուջե»,-ասում է Մանուկյանը։

Հաջորդիվ առանձնացնում է Հայաստանի միլիոնատերերին և միլիարդատերերին։ Ասում է՝ սոված, աղքատ երկրում գիտի հինգ միլիարդատիրոջ և ԱԺ դահլիճում պաշտոնապես վաթսուն միլիոնատեր կա։ Շեշտում է՝ աղքատության 33 % ունեցող երկրում, օրինական կերպով, կարճ ժամանակում այսքան արագ չեն հարստանում. «Այդ մարդկանց որևէ մեկը պետք է ասի՝ վիճակներս վիճակ չի, եկեք, մի բան էլ դուք վերցրեք ձեր վրա»,- ասում է պատգամավորը։

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգի ներդրմանը համար հատկացող հաջորդ միջոց է դիտարկում ստվերային տնտեսության բացահայտումը։ Հավաստում է, որ բոլորը գիտեն, որ Հայաստանում նվազագույնը 40 % ստվերային տնտեսություն կա, և եթե ցանկանում են այդ գումարը բերել բյուջե, իր համեստ հաշվարկով, այն կազմում է մեկ միլիարդ դոլար։ Պատգամավորը հռետորական հարց է տալիս՝ դժվար է այդ գումարները բերել բյուջե, պատասխանում է՝ այո, քանի որ դրանք ձեր (ԱԺ-հեղ.) մեջ են, ԱԺ-ում նստած են։

Ելույթի ընթացքում Արամ Մանուկյանը դիմում է Աժ մյուս պատգամավոր Սեյրան Սարոյանին. «Սեյրան ջան, ախր դու զինվորական մարդ, կուլուրական մարդ, գեներալ մարդ, կռված մարդ.. Ես ու Լյովը, ջանդամ, կարող ա չիմանանք ՝ բանակում ինչ ա կատարվում, դու չգիտես ովքե՞ր են գողացողները։ Եթե գիտես, Աստված պիտի՞ պատժի էդ գողացողներին»,-ասում է նա։

Հիշելով գեներալ-պատգամավորին՝ Մանուկյանը մանրամասնում է, որ Հայաստանը ունի 150 գեներալ, որով 20 հզ. բնակչին «ընկնում է» մեկ գեներալ։ Համեմատում է Ռուսաստանի Դաշնության հետ, որտեղ 200 հզ. բնակչին է «բաժին է հասնում» մեկ գեներալ, տասն անգամ պակաս։

Հաշվարկելով ոստիկանության քանակը, ասում է՝ փաստ  է, որ աշխարհում դրա քանակով Հայաստանը առաջին հորիզոնականներում է։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ պատգամավորը առաջարկում է կրճատել ոստիկանական համակարգի աշխատողների թվաքանակը։

Մանուկյանը հաջորդիվ ապահովագրական համակարգին տրամադրվող 1000 դրամի փոխարինող միջոց է համարում հինգ կառույցների արտաբյուջեն, ասելով, որ այդ բյուջեի միջոցները հասնում են 100 միլիոն դոլարի։ Նա այս հանգամանքը որակում է կոռուպցիոն դաշտ, լիարժեք ստվեր. «Ինչի՞ համար է այդ բյուջեից դուրս բյուջեն»,-ասում է նա։

Պատգամավորը այս  օրինագծին դեմ լինելու իրենց հանգամանք է ընդգծում այլընտրանք միջոցի կիրառումը։

«Դու քո միլիոնը պահում ես, ուրիշի 1000 դրամն ես ուզում։ Այստեղ է անբարոյականությունը։ Սա մուրացկանություն է, եթե այս մեթոդն ես կիրառում։ Եղբայր, էնքան միջոց կա այս երկիրը շտկելու. փոքր, մի բուռ ազգ ենք։ Բոլորս, բոլորիս գիտենք։ Էդ միջոցները թողել ես։ Իմ գրպանին մի կպի, իմ դրամապանակին չկպնես»,- հավելում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter