HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հրանտ Բագրատյանը պաշտպանության նախարարի նախագծին այլընտրանքներ է առաջարկում

Ազգային ժողովի քառօրյա նիստին քննարկվող Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը փոխարինող տարբերակներ ունի։ Սակայն մինչ դրանց անդրադառնալը` պատգամավորը ելույթի սկզբում շեշտում է, որ ճիշտ կլիներ զոհված, առողջությունը կորցրած զինվորների հարցին զուգահեռ լուծել «կենդանի» զինվորների հարցը։

Պատգամավորը կարծում է՝ ավելի շատ հարգում են զոհվածներին, քան մտածում ողջ զինվորների մասին։ Որպես օրինակ` մեջբերում է այն հանգամանքը, որ մեծամասամբ հերոսի մեդալ են տալիս մահացածներին՝ փոքր-ինչ խուսափելով կենդանի մարդկանց այն շնորհալուց։ Բագրատյանը սա սխալ մոտեցում է համարում։

«Այո´, մարդը արյունը տվել է, պետք է մտածել՝ ինչպես փոխհատուցել։ Բայց սա Սովետական Միությունը չէ՝ հանրային սեփականության վրա հիմնված։ Ժամանակն է, որ զինվորին դրա համար տրվի լիարժեք աշխատավարձ»։

Պատգամավորը շեշտում է, որ ապահովագրական համակարգի ներդրման հարցը պետք է լուծել համալիր կերպով՝ ընդգծելով այն միջոցները, որոնք կապահովեն դրա իրագործումը՝ առանց 1000 դրամների հավաքման։

Իր հաշվարկներով` եթե զինվորներին տրամադրվի նվազագույն աշխատավարձ, պետությանը տարեկան անհրաժեշտ է լրացուցիչ 30 միլիարդ դրամ, իսկ միջին՝ 170 հզ. դրամ աշխատավարձի դեպքում պետք կլինի 80 միլիարդ դրամ։

Այս ամենը անելուց հետո, կարծում է, պետությունը պետք է լուծի այն զինվորների հարցը, ովքեր արյուն են տվել կամ առողջություն են կորցրել։ Իր դիտարկմամբ՝ այս հարցը եղել է 90-ականների սկզբին։

Բագրատյանը առաջարկում է զինվորների աշխատավարձի փնտրման համար օգտագործել վերաբաշխման միջոցը կամ գտնել այդ 30-80 միլիարդ դրամը։

«Պետք չի էստեղ ասել, որ բյուջեում այդ փողերը չկան։ Հանրապետությունը պղինձն ու մոլիբդենը արտահանում է օֆշորներ, օֆշորներից ծախում է իրական գնով։ Պղինձն արտահանվում է օֆշոր, ասենք,  2 հզ. դոլար, էնտեղից վաճառվում է 4-5,5 հզ. դոլար՝ նայած ինչն է համաշխարհային գինը։ Բոլորը դա գիտեն և բոլորը այդ փողի տեղը գիտեն»,- ասում է պատգամավորը։

Ապահովագրական համակարհի միջոցների բավարարման համար պատգամավորը առաջարկում է բարձրացնել գույքահարկը՝ հասցնելով ՀՆԱ-ի 1.5-2 %-ի։ Մասնավորապես՝ 500 մետրից ավել տան գույքահարկը բարձրացնել մինչև 1.5-2 %, 1000 մետրից ավելը՝ մինչ 3 %։ Իր հաշվարկներով՝ սա էլ մոտավոր 20 միլիարդ դրամ է ապահովելու։

«Ի՞նչ կնշանակի՝ մենք էստեղ 3-4 միլիարդի կռիվ եք տալիս, Կենտրոնական բանկի բյուջեն  33 միլիարդ է։ 15 միլիարդի էլ շինարարություն է անում։ Ո՞վ է տեսել Կենտրոնական բանկը շինարարություն անի։ Բացեք սահմանադրության 200 հոդվածը։ Այն սահամանադրությունը, որ դուք պաշտպանում էիք, որ պետք է  ընդունենք։ Տեսեք՝ այդ սահմանադրությունում 1-5 կետը վերաբերում է ֆունկցիաների մասին, նման ֆունկցիա չկա։ Հիմա էլ ավելացնում եք մի նոր ֆունկցիա։ Որը ինքը չունի այդ սահմանադրական լիազորությունները»։

Բագրատյանը նիստին ներկա գտնվողներին հարցնում է՝ Կենտրոնական բանկը  ի՞նչ է անում 33 միլիարդ, ինչու՞ պետք է 31 մեքենա ունենա, կամ ԱԺ-ն՝ 5-6 մեքենայի փոխարեն 53 մեքենա ունենա։ Պատգամավորը նաև հավելում է, որ Կենտրոնական բանկը 20 տարում իր՝ 250 հաստիքները դարձրել է 820,  ինչպես նաև կրկնակի ավելացել են կառավարության, նախարարության հաստիքները։ Պնդում է՝ սա այն դեպքն է, որ կարելի է կրճատել, որոնք կբերեն սպառման՝ չմեծացնելով գործազրկության ծավալները։

ՀԱԿ խմբակցության պատգամավորը պատերազմի հետևանքով առաջացած զոհերի, վիրավորների կյանքի ապահովագրման և փոխահատուցման խնդիրը համարում է շատ պարզ` մանրամասնելով. «Եկամտահարկը 23 % է, պետք է լինի ± 2-3%, որը կառավարությունը, ամեն անգամ բյուջեն հաստատելիս, նկատի ունենալով` արդեն ինչքան զոհ է տվել, հաստատում է բյուջեի մեկ տողով։ Հաշմվում է՝ 24-25 %, որից 23-ից վերև այդ 1-2 %-ը գնում է այդ նպատակների համար։ Ահա ձեզ լուծում։ Եվ ոչ ոք չի կարող ասել՝ սա սխալ լուծում է»,- նշում է նա։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորի համար անհասկանալի է 1000 դրամի տարբերակը, սակայն իր հաշվարկներով այն կազմելու է 4-5 միլիարդ դրամ։ Ասում է՝ իր եթե ունեանք 150-170 վիրավոր կամ զոհ, ապա այդ գումարը բավարար է, իսկ եթե ունենք 300 կամ 2000-ից ավելի՝ այդ գումարը 4-5 անգամ պակաս է լինում։ Հարցնում է՝ արդյոք այս ժամանակ նորից օրենք է ընդունվում` 1000 դրամը դարձնելով 2000 դրամ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter