HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Կեղտի վրա չի կարելի մաքուր էջ սկսել. կամ նախկին թալանի լեգիտիմացման մեխանիկան

Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու այսպես կոչված համաժողովրդական պարտադիր տուրք սահմանելու գործընթացը վերածվեց բանակի և պետության հաշվին ապօրինի հարստացման լեգիտիմացման, խրախուսման և մինչ այսօր հարստացածների անձեռնմխելիության երաշխավորման հաղթարշավի: Իր ողջ «փայլով» այն դրսևորվեց խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկմանն իր ամփոփիչ ելույթում, անդրադառնալով  այդ տուրքը մտցնելուց առաջ մինչև հիմա բանակից կատարված յուրացումների բացահայտման անհրաժեշտության մասին քննադատություններին, ասաց. «Ինձ՝ որպես պաշտպանության նախարարի, շատ անհանգստացրեց այն շռայլությունը, որով ցեխ են շպրտում սպայակազմի և գեներալիտետի վրա: Հավատացեք, նրանք ցեխի պակաս չեն զգում: Եթե կա մեկը, որ արատավորել է (բանակը), մեր պարտքն է հայտնաբերել, ճիշտ քաղաքականությամբ բացառել ապագայում: Այո, նաև բռնել ձեռքը, կտրել և պատժել: Բայց եկեք չմոռանանք, որ կան պարկետի վրա ցեխի մեջ թաթախված թե´ երբեմնի զինվորականներ և թե´ քաղաքացիականներ: Եվ եթե այդ տրամաբանությամբ լիներ, ես պետք է մտածեի՝ Ազգային ժողով մի՞շտ է, որ ես պետք է գամ, թե՞ պետք է մեկին ուղարկեմ իմ փոխարեն, որովհետև այստեղ էլ կան մարդիկ, որոնք խորը թաթախված են: Ուրեմն եկեք մտածենք, թե ում վրա ենք ցեխ շպրտում: Եկեք հասկանանք, որ էն սպաների կամ գեներալների կողքին, ում վարքագիծը մեզ դուր չի գալիս, կան հարյուրապատիկները, ովքեր ամեն օր գնում են առաջնագիծ` վտանգելով ամենասուրբը` իրենց կյանքը...»:

Վիգեն Սարգսյանն, իհարկե, իրերը կոչում է իրենց անուններով: Նա խոստովանում է այն, ինչ կա իրականում և ինչի համար հասարակության մեծ մասը բողոքում է: Դրանով նա պատասխանում է ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի՝ ընդամենը մեկ օր առաջ արած այն հայտարարությունը, թե եթե մարդիկ կոնկրետ փաստ ու ապացույցներ գիտեն ՊՆ-ում չարաշահման դեպքերի մասին, ուրեմն թող հանդես գան համապատասխան հայտարարությամբ: «Մենք չենք կարող ապօրինի խոսել պատասխանատվության մասին` չունենալով ապացույցներ` մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել էր ՀՀԿ-ական պատգամավորը: Հիմա Վիգեն Սարգսյանը փաստացի ասում է, որ այդպիսիք կան և նրանցից ոմանք գտնվում են նաև խորհրդարանում:

Բայց Վիգեն Սարգսյանի այդ հայտարարությունը ոչ թե տալիս էր կուտակված հարցերի պատասխանը, այլ հարուցում նորերը:

Ովքե՞ր են կոռուպցիայի ցեխով թաթախված այդ նախկին զինվորական կամ քաղաքացիական պատգամավորները: Եթե նախարարը գիտի, որ խոհրդարանում կան այդպիսիք, ապա հավանաբար գիտի նաև նրանց անունները: 

Եթե համզոված եք, որ այդ մարդիկ թաթախված են կոռուպցիոն կեղտում ու հարստացել են դրա հաշվին, ինչո՞ւ են նրանք խորհրդարանում, այլ ոչ թե քրեակատարողական հիմնարկներում: Գոնե այն նախկին զինվորական-գեներալները, որոնք խորհրդարանում են, ու որոնց գուցե նկատի ուներ նախարարը, Աժ-ում ներկայացնում են ՀՀԿ-ական մեծամասնությունը: Խորհրդարան գործուղելիս իշխանությունը չգիտե՞ր նրանց «թաթախվածության» մասին:

Արդյոք կարելի՞ է նախարարի այն պնդումը, թե ԱԺ-ում էլ կան «խորը թաթախվածներ», համարել գլխավոր դատախազությանն ուղղված՝ հանցագործության մասին հրապարակային հաղորդում: Որովհետև եթե իշխանությունը գիտի թե´ կոռուպցիայով ցեխոտվածներին և թե´ նրանց տեղը, իրավապահ մարմիններին ի՞նչն է խանգարում զբաղվել նրանցով և կամ առնվազն նախարարից հարցնել՝ ովքե՞ր են այդ մարդիկ, ու՞մ նա նկատի ուներ:

Եթե դա հանցագործության մասին հաղորդում չէր, ապա ի՞նչ նպատակ էր հետապնդում Աժ ամբիոնից նման հայտարարություն անելը: Ցույց տալու համար, որ կեղտում թաթախված «ասֆալտի գեներալները» պատասխանատվության են ենթարկվել ԱԺ գործուղվելո՞վ, կամ որ ավելի ապահով է լինել ասֆալտի գեներալ ու Աժ պատգամավորական անձեռնմխելիությամբ օժտված վայելել ցեխոտ հարստությունը, քան բարձրանալ դիրքեր և զոհաբերե՞լ կյանքը: Փաստորեն, իսկական սպաներն ու զինվորները դիրքեր են բարձրանում նրա համար, որ «ցեխոտված» նախկին զինվորականներն ու քաղաքացիականները հայտնվեն պառլամենտում: Նրանք, փաստորեն կյանքի գնով պաշտպանում են այդպիսիների ապօրինի անձեռնմխելի հարստությունը և պետական կառավարմանը մասնակցելու նրանց շնորհված բացառիկ իրավունքը:

Հանցագործության միջոցով հարստացած պատգամավորների, պաշտոնյաների, «ասֆալտի գեներալների» առկայությունը հաստատող պաշտոնական հայտարարությունները՝ առանց գոնե մեկին պատասխանատվության կանչելուն ուղղված գործնական քայլի, ուղղակի թե անուղղակի նշանակում է հասարակությանը վարժեցնել այն մտքին, որ «գնացքն արդեն գնացել է», որ անհրաժեշտ է մոռանալ այդ ամենը և անցկացնել այսպես կոչված թալանի ու թալանողների բարոյա-հոգեբանական համաներում: Դա նշանակում է հասարակությանը վարժեցնել այն մտքին, որ չկա այլընտրանք այն իրողությանը համակերպվելուն, որ այդպիսիները շարունակելու են մնալ ազատության մեջ, հայտնվել խորհրդարանում կամ կառավարությունում և որոշումներ են կայացնելու իր անունից, բանակի, ազգի, հայրենասիրության ու բարոյական պարտքի մասին դասեր են տալու: Դա նշանակում է, որ իշխանությունն առաջարկում է կուտակված տիղմի վրա ամեն ինչ սկսել մաքուր էջից՝ բացառապես հավատալով այլևս նման երևույթներ չհադուրժելու, գողացողների ձեռքերը կտրելու իշխանության խոստումներին: Այն նույն իշխանության, որն իր ցուցակներով խորհրդարան է բերում ու գուցե բերելու պաշտպանության նախարարի ակնարկած ցեխոտվածներին, իսկ հիմնավորված ճչացող հանցագործությունների մեջ բացահայտված գեներալներին սիմվոլիկ մի քանի ամսվա ձերբակալությունից հետո ազատ է արձակում և ուղարկում վաստակած հանգստի:

Պաշտպանության նախարարն ասում է, թե վտանգավոր է, երբ ապօրինի հարստացածից ակնկալում ենք տուրքի ավելի վճարում: Որովհետև, ըստ նրա, դրանով լեգիտիմացնում ենք ապօրինի հարստացումը. «Եթե այդքան սկզբունքային ենք, պետք է պայքարենք յուրաքանչյուր գողացված լուման ետ բերելու համար»: Անհասկանալի է՝ ո՞ւմ է ուղղված նախարարի այս կոչը: Նախ՝ ո՞վ պետք է սկզբունքային լինի գողացված միջոցները ետ բերելու հարցում. շարքային քաղաքացի՞ն, ապօրինի հարստացողներն ու ցեխում թաթախված անձեռնմխելի արտոնյալնե՞րը: Ո՞վ է խանգարում պետությանը լինել սկզբունքային:

Իսկ ամենակարևորը՝ ապօրինի հարստացման լեգիտիմացումը բոլորովին էլ նրանցից ավել տուրքի վճարում պահանջելը չէ: Սա մանիպուլյացիա է՝ հարցը կրկին զուտ 1000 դրամի կամ տուրքի չափի պրիմիտիվ դաշտ տեղափոխելու համար: Առավելևս, երբ պահանջը ոչ թե ավել վճարելուն է վերաբերում, այլ ապօրինի ձեռք բերած հարստությունն ամբողջությամբ կամ գոնե մասնակիորեն վերադարձնելուն, հարստացման հանգեցրած ապօրինության համար պատասխանատվության ենթարկելուն: Լեգիտիմացումը ապօրինի հարստացողների անձեռնմխելիությունը երաշխավորելն է՝ համակարգային կոռուպցիայի շղթան վարից վեր չբացահայտելու մղումով: Լեգիտիմացումը ապօրինի հարստացողներին խորհրդարան, կառավարություն գործուղելն է, քրեակատարողական հիմնարկների փոխարեն նրանց իրենց տուն ուղարկելը՝ լռության դիմաց ազատությամբ հատուցելով: Լեգիտիմացումն այս թեման բերանի ծամոնի, պոպուլիզմի վերածելն է, շարքային բամբասանք դարձնելն ու պատասխանատվության գործոնի այս աստիճան արժեզրկումը: Լեգիտիմացումը քաղաքացիական պարտքի մասին բարոյախրատական ճառերի ներքո կոռուպցիայի դեմ պետության անզորության բնականոնացումն է:

Լուսանկարը` parliament.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter