HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջվում են Ձմեռ Պապիկներ

Նոյեմբերի 17-ին մեկնարկել է ONEArmenia-ի երկրորդ ամենամյա «Պահանջվում են Ձմեռ Պապիկներ» նախաձեռնությունը, որի օգնությամբ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից հնարավորություն կունենան ամանորյա նվերներ հասցնել սիրիահայ երեխաներին` միաժամանակ աջակցելով տեղական արտադրությանն ու, հետևաբար,  Հայաստանի տնտեսությանը:

ONEArmenia-ն նպատակ է դրել ապագայում տեսնել մի Հայաստան, որը ոչ թե գոյատևում է, այլ առաջադիմում: 2011թ. սկսած՝ Հայաստանն ընդունել է մոտ 18,000 սիրիացի փախստականների: Նրանց մի մասին հաջողվել է հայրենիքում հաստատվել ու բիզնեսներ հիմնել, սակայն կան մի շարք այլ ընտանիքներ, ովքեր մինչ այժմ պայքարում են աշխատանք ու բնակության վայր գտնելու համար: Նրանք Հայաստանի բնակչության կենսական մասնիկ են ու կարևոր դեր ունեն ազգի կայացման գործում:

ONEArmenia-ն աշխատում է «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի հետ միասին` հասցնելու պրակտիկ, հետաքրքիր ու կրթական նվերներ վերջերս Հայաստան տեղափոխված երկու հարյուր սիրիահայ երեխաների: Նվերների նյութական ու գործնական օգուտը նախագծի միայն մի կողմն է: Դրանք նաև դրական հոգեբանական ազդեցություն կունենան երեխաների վրա: Իրենց տներն ու ընկերներին հետևում թողնելուց, նոր երկիր տեղափոխվելուց ու տեղահանության պատճառած անորոշությունը զգալուց հետո երեխաների վրա կարող են էական ազդեցություն թողնել այն նվերները, որոնք ստեղծվել են Հայաստանում` անձնապես իրենց համար:

Այս նվերները արտադրվել են տեղական յոթ ընկերությունների կողմից: Դրանք են AVA Shoes-ը, Huys-ը, #Sport-ը, «Զանգակ» հրատարակչությունը, Honey.am-ը, Այլ կերպը և Goghovit Knits-ը: Իսկ աջակցելու համար կարելի է նվիրաբերել $100 արժողությամբ փաթեթ, որի մեջ մտնում է`

Զրակայուն բաճկոն Huys-ի կողմից: «ՀԱԼԷՊ»-ը աշխատում է մեծ քանակությամբ երեխաների հետ, ովքեր չունեն համապատասխան ձմեռային հագուստ, որովհետև երբեք չեն զգացել դրա կարիքը: Huys-ի բաճկոնները կօգնեն երեխաներին պատրաստել գալիք ձմռանը:

Տաք շապիկ #Sport-ից: Տեղական ընկերություն, որն արտադրում է առօրյա հարմարավետ հագուստ:

Ձեռագործ շարֆ, որը կգործի Goghovit Knits-ը` Շիրակում բնակվող մի կին, ով այս մեծ պատվերի առիթով աշխատանքի կհրավիրի նաև այլ տեղացի կանանց:

Ձմեռային ամուր կոշիկներ, որոնք ձեռքով կարում է AVA Shoes-ը ու երաշխավորում, որ երեխաների ոտքերը տաք ու չոր կմնան ամբողջ ձմեռ:

«Զանգակ» հրատարակչության մեկից երեք գիրք, որոնք երեխաները իրենք կընտրեն: Իհարկե, հենց երեխաները ավելի լավ կիմանան, թե որ գիրքը ավելի մեծ սիրով կկարդան: Այս գրքերը նաև ընտիր լրացում կլինեն արևմտահայերենից արևելահայերեն տեղափոխված իրենց ուսումնական ընթացքի համար:

Կրթական ու զվարճալի սեղանի խաղ` Այլ Կերպիկ: Այն Հայաստանում մեծ տարածում գտած Այլ կերպ խաղի մանկական տարբերակն է: Անգլալեզու Taboo խաղի հայկական տարբերակը երեխաներին հնարավորություն կտա ուրախ ու մրցակցային միջավայրում զարգացնել արևելահայերենի իրենց գիտելիքները:

Տեղական ու բնական մեղր honey.am-ի կողմից: Այն լավ է երեխաների իմունային համակարգի համար, պայքարում է սեզոնային հիվանդությունների դեմ, ինչպես նաև խթանում է առողջ ապրելակերպ` վերամշակված քաղցրեցնողների փոխարեն բնական տարբերակ առաջարկելով:

Այս Նոր տարի դուք կարող եք դրական փոփոխություն մտցնել երկու հարյուր սիրիահայ երեխաների կյանքերում: Նվերների այս փաթեթները երեխաներին կօգնեն իրենց նոր կյանքին ընտելանալ մի քիչ ավելի ջերմ, մի քիչ ավելի ուրախ ու շատ ավելի դրական միջավայրում: Մասնակցեք արշավին  www.onearmenia.org/campaign կայքում:

Մեկնաբանություններ (1)

Arsen
Բարեգործության անվան տակ սփյուռքահայերն արդեն իրենց բիզնե՞սն են խթանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter