HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Զովունու չընտրված համայնքապետը հեռանալուց առաջ վաճառել է համայնքի հողատարածքները եւ մսխել բյուջեն

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության արդյունքներով` Կոտայքի մարզի Զովունի համայնքի ղեկավարի թեկնածու Վրույր Սիմոնյանը գործող համայնքապետ Սերժիկ Ավետիսյանին հաղթել է 17 ձայնի առավելությամբ: Սերժիկ Ավետիսյանը 19 տարի համայնքը կառավարելուց հետո միանգամից չի համակերպվել պարտության հետ եւ ընտրության արդյունքները վիճարկել է դատարանում: Հոկտեմբերի 14-ին վարչական դատարանը 5 դատավորի կազմով քննել է բողոքը եւ մերժել Ս. Ավետիսյանի՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջը:

Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով Վարչական դատարանի դատական ակտերը վերանայման ենթակա չեն եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Այնուամենայնիվ, Զովունի համայնքի նոր ղեկավարը պաշտոնը ստանձնել է վճռի հրապարակումից ուղիղ մեկ ամիս հետո՝ նոյեմբերի 14-ին:

Պաշտոնավարման վերջին 40 օրերը դեռեւս գործող համայնքապետ Սերժիկ Ավետիսյանը խիստ «արդյունավետ» է օգտագործել. փոխել է համայնքի պահուստային ֆոնդի հողերի նպատակային նշանակությունը՝ հիմնականում գյուղնշանակության հողերը փոխելով բնակավայրի նշանակության կառուցապատման ու հասարակական կառուցապատման հողատարածքների եւ դրանք վաճառել աճուրդով: Հողերի մի մասն օտարել է ուղղակի վաճառքով՝ կադաստրային արժեքով, մյուս մասն էլ անհատույց սեփականաշնորհել է:

Հատկանշական է, որ համայնքի պահուստային ֆոնդի հողերն ուղղակի վաճառքով օտարելը եւ անհատույց տրամադրելը նա կատարել է ոչ թե համայնքի ավագանու համաձայնությամբ (որոշումներով), այլ իր` համայնքի ղեկավարի որոշումներով: Միայն նոյեմբերի 11-ին՝ իր աշխատանքային վերջին օրը, նա հողերը մասնավորեցնելու վերաբերյալ 14 որոշում է կայացրել՝ հողամասն ուղղակի վաճառքով եւ պայմանագրային կարգով օտարելու եւ անհատույց տրամադրելու մասին:

Դրանցից մեկով՝ նոյեմբերի 11-ի թիվ 170 որոշումով, համայնքի ղեկավար Ս. Ավետիսյանն իրեն եւ իր ընտանիքի անդամներին անհատույց, սեփականության իրավունքով տրամադրել է գյուղատնտեսական նշանակության  մոտ 900 քմ հողամաս: Իր որոշումը համայնքի ղեկավարը հիմնավորել է այսպես. «Զովունի գյուղի բնակիչ Սերժիկ Զաքարի Ավետիսյանին, Անահիտ Հրաչի Ավետիսյանին, Արտյոմ Սերժիկի Ավետիսյանին, Հունան Սերժիկի Ավետիսյանին սեփականաշնորված գյուղատնտեսական նշանակության հողամասից ավել օգտագործվող գյուղատնտեսական նշանակության 0.08998 հա հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել»:       

Համայնքի ղեկավարը, դարձյալ իր որոշումով, համայնքային հողատարածքների վարձակալների հետ կնքել է լրացուցիչ համաձայնագրեր (վարձակալության պայմանագրերին կից) եւ հողերը կադաստրային արժեքով վաճառել է նրանց՝ պատճառաբանելով, թե «նշված հողամասը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով»: Այդպես է հիմնավորել, օրինակ, համայնքի բնակիչ Նվարդ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 0.5 հա մակերեսով հողատարածքին կից համայնքային սեփականություն հանդիսացող 4584 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքը կադաստրային արժեքով նրան ուղղակի վաճառքով օտարելը:

Ըստ Սերժիկ Ավետիսյանի՝ համոզիչ է, որ 4584 քմ մակերեսով հողատարածքը «հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով», եւ այն պետք է ուղղակի վաճառքով օտարել:

Մայիսի 20-ին կայացրած 55 եւ 56 որոշումներով Սամվել Ներսիսյանի «հողամասի ընդլայնման նպատակով» նրան ուղղակի վաճառքով օտարել է հողատարածքին կից համայնքային սեփականություն հանդիսացող 326 քմ  եւ 274 քմ բնակավայրերի նշանակության հողատարածքները: Հիմնավորումը դարձյալ նույնն է. «Քանի որ նշված հողամասը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր վաճառել»:

Պատկերացնելու համար համայնքին պատճառված նյութական վնասի չափը՝ նշենք, որ վաճառված հողատարածքների 1 քմ-ի կադաստրային արժեքը   4524 դրամ է: Այսինքն՝ 326 քմ հողամասի համար այն կազմում է 1 մլն 475 277 դրամ, իսկ 274 քմ հողամասի համար՝ 1 մլն 239 124 դրամ: Աճուրդով օտարելու դեպքում դրանց արժեքը կարող էր կազմել նշված գումարների առնվազն կրկնակին, գուցեեւ՝ ավելին:

Համայնքի պահուստային ֆոնդի հողատարածքների վաճառքին զուգընթաց Զովունի համայնքի չընտրված ղեկավարը հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին շարունակել է բյուջեից սոցիալական օգնություններ տրամադրել համայնքի բնակիչներին: Համայնքի 2016թ. բյուջեով սոցիալական օգնությունների համար նախատեսված 7 մլն դրամը նա գրեթե ամբողջությամբ սպառել է հեռանալուց առաջ: Գումարները բաշխելու գործընթացից ակնհայտ է դառնում, որ սեպտեմբեր ամսվա վերջից, այսինքն՝ ՏԻՄ ընտրությունների մեկնարկն ազդարարվելուց մինչեւ քվեարկությունը, Զովունի համայնքում կարիքավորության զգալի աճ է գրանցվել՝ միանգամից կարիքավոր է դարձել 98 բնակիչ: Համայնքային բյուջեից նրանց, ընդհանուր առմամբ, բաժանվել է 2 մլն 160 000 դրամ, յուրաքանչյուրին, հիմնականում, տրվել է 15 000-25 000 դրամ:


Create bar charts

Հատկանշական է, որ տարվա մեջ միայն 2 անգամ է հասցեական եղել դրամական օգնությունը: Մայիս ամսին Զովունի համայնքից Արցախ մեկնած  պայմանագրային զինծառայողներին եւ կամավորներին՝ 8 անձ, ընդհանուր առմամբ տրամադրվել է 140 000 դրամ, յուրաքանչյուրին` 15 կամ 20 հազարական դրամ: Գյուղի զոհված ազատամարտիկների ընտանքիներին` 15 000-ական դրամ, վիրավոր եւ հաշմանդամ ազատամարտիկներին` 15 000-ական դրամ: Մայիս ամսին այդ նպատակի համար հատկացվել է ընդամենը 500 000 դրամ:

Եւ միայն մեկ անգամ մեկ անձի տրամադրվել է 30 000 դրամ՝ նրա կնոջ մահվան կապակցությամբ:

Բացի նշված դրամական օգնությունից, բյուջեի սոցիալական օգնության գումարից 690 000 դրամ տրամադրվել է համայնքի 5 բնակիչների՝ «նրանց երեխաների ուսման վարձավաճարը փոխանցելու համար»·

1· Գենյա Արտավազդի Ավետիսյան 150 000

Համեստ խաչիկի Թումասյան  170 000 դրամ

Արմինե Ռաֆիկի Բադալյան 150 000

Արամ Սեդրակի Մեսրոպյան  70 000

Ռաֆիկ Գետեւոնի Հարությունյան 150 000                                                           

Համայնքի ղեկավարն առանձնակի բարեհաճությամբ է վերաբերվել աշխատակազմի առանձին անդամների: Մասնավորապես, իր տեղակալ Սուրեն Բաղդասարյանին մեկ անգամ պարգեւատրել է օգոստոսի 19-ին՝ 130 000 դրամի չափով, մեկ անգամ էլ ողջ աշխատակազմի հետ՝ հոկտեմբերի 24-ին: Նույն արտոնյալ կարգավիճակում է եղել նաեւ համայնքի ղեկավարի աշխատակազմի 1-ին կարգի մասնագետ Համեստ Թումասյանը: Վերջինիս երեխայի ուսման վարձավճարը տրամադրելուց զատ նրան պարգեւատրել է եւս մեկ ամսվա աշխատավարձով: Հեռանալուց առաջ էլ իրեն եւ աշխատակազմի 19 անդամներին պարգեւատրելու համար համայնքի ղեկավարը հոկտեմբերի 24-ին կայացրած իր որոշումով բյուջեից հատկացրել է ավելի քան 2 մլն 800 000  դրամ:

Վերջին օրերին եւս երկու որոշում է կայացրել սոցիալական օգնություն տրամադրելու մասին, որոնցով, ընդհանուր առմամբ, բաժանել է 470 000 դրամ:

Այդքան շռայլ գտնվելով համայնքի բնակիչների եւ աշխատակազմի նկատմամբ, այնուամենայնիվ, համայնքի արդեն նախկին ղեկավար Սերժիկ Ավետիսյանն իրավացիորեն պետք է հարց տար իրեն՝ որտե՞ղ է թերացել, որ 17 ձայն չբավարարեց վերընտրվելու համար:

Եվ այսպես, Սերժիկ Ավետիսյանը հեռացավ համայնքի պահուստային ֆոնդի հողատարածքները վաճառելուց եւ համայնքային բյուջեի վերջին մնացորդներն ամբողջությամբ մսխելուց հետո:

Սերժիկ Ավետիսյանը եղբոր՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի հետ

Տպավորություն չստեղծվի, որ նա ոչինչ չի թողել Զովունիի նորընտիր համայնքի ղեկավարին: Սերժիկ Ավետիսյանը՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի արդեն նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի եղբայրը, նոր համայնքապետին է թողել համայնքի քառամյա ծրագրում ամրագրված խնդիրները՝ խմելու եւ ոռոգման ջրագծերի անմխիթար վիճակը, նորակառույց թաղամասերի ճանապարհների ոչ բարվոք վիճակը, քայքայված կոյուղին, անջրդի հողերը, գերծանրաբեռնվածությամբ աշխատող միակ պոմպակայանը եւ այլն: Նաեւ՝ համայնքին սպառնացող վտանգները, որոնք նա չհասցրեց չեզոքացնել՝ «կոյուղաջրերի կուտակումը համայնքի բնակավայրի գրեթե կենտրոնում, տնտեսությունների թվի մեծացման հետեւանքով խմելու ջրի անբավարար քանակը ···»:

«...համայնքների ղեկավարները պետք է բացառեն սպառողի հոգեբանությունը: Նրանք, ովքեր արդյունավետ կաշխատեն, կստանան ավելի մեծ աջակցություն՝ «Ավելին՝ ավելիի դիմաց»,- հնչեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղական ինքնակառավարման 20-ամյակի հանդիսության ժամանակ:

Ըստ ՀՀ նախագահի՝ սա արդյունավե՞տ աշխատանք է: 

Լուսանկարները՝ Զովունի համայնքի կայքից