HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ՍԱՊԾ արտաբյուջետային միջոցներից 16 մլն դրամ՝ Հանրային հեռուստաընկերությանը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աջակցությամբ Հանրային հեռուստատեսությունը հեռարձակում է «Համի որակը» հաղորդումը, որի նպատակն է՝ «պարզել, բացահայտել մեզ հայտնի սննդամթերքի իրական բաղադրությունը, օգտակարությունը»։ Ինչպես հաղորդման ժամանակ է ասվում, այն «առաջնորդվում է բացառապես հանրային շահով և գովազդի նպատակ չի հետապնդում»։

Հաղորդման մեկ եթերաշրջանի համար ՍԱՊԾ-ն Հանրային հեռուստատեսությանը հատկացնում է 8 մլն դրամ՝ արտաբյուջետային միջոցներից: Ընդհանուր առմամբ, «Համի որակ» հաղորդման նկարահանման և հեռարձակման համար առ այսօր հատկացվել է 16 մլն դրամ:

Հաղորդման ժամանակ սննդամթերքը լաբորատոր փորձաքննության է ենթարկվում ՍԱՊԾ ենթակայությամբ գործող «ՀԱԲԼԾԿ» լաբորատորիայում:

Մինչ օրս նկարահանվել և հեռարձակվել է 26 հաղորդում: Փորձաքննվել է՝ կաթ, կաթնաշոռ, պանիր, նրբերշիկ, ապխտած, բժշկական, որսորդական երշիկներ, պաղպաղակ, թթվասեր, թան, կեֆիր, կոմպոտ, լեչո, բաստուրմա, սուջուխ, ֆիլե, պելմենի և այլն: Մինչև 2016թ. հոկտեմբերի 1-ը  հեռարձակված հաղորդումների ժամանակ անվտանգության առումով ոչ մի սննդամթերքում խախտում չի հայտնաբերվել, իսկ շեղումները եղել են «նորմայի մեջ» կամ անվնաս մարդու առողջության համար: 

Հայտնաբերվել են խմորասնկեր և աղիքային ցուպիկ, որոնց մասին հանրային իրազեկում չի եղել

Հոկտեմբերի 1-ին հեռարձակված «Համի որակ. Կեֆիր» հաղորդման ժամանակ անվտանգության ցուցանիշներով խախտումներ են հայտնաբերվել 4 նմուշներից 3-ում՝ «Չանախ», «Բոնիլատ», «Բիոկաթ» ընկերության կեֆիրներում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ : Տվյալ հաղորդման լաբորատոր փորձաքննության արձանագրությունը «Հետք»-ը ՍԱՊԾ-ին խնդրել էր տրամադրել դեռևս հոկտեմբերի 21-ին, սակայն վերջինս տեղեկությունը տրամադրելու համար մեկ ամիս ժամանակ էր պահանջել:

Այսօր մենք ստացանք «Համի որակ. Կեֆիր» հաղորդման համար արված լաբորատոր փորձաքննության արձանագրությունը: Ըստ դրա՝ փորձաքննությունն իրականացվել է 2016թ. օգոստոսի 31-ին, իսկ հաղորդումը հեռարձակվել է հոկտեմբերի 1-ին, այսինքն՝ մոտ մեկ ամիս անց:

Ըստ ՍԱՊԾ-ի՝ կեֆիրի փորձարկման արձանագրությունն իրենք ստացել են սեպտեմբերի 1-ին, իսկ հաղորդումը նկարահանվել է դեռևս հուլիսին, և «լաբորատոր հետազոտության արդյունքները ստանալու պահին կեֆիրների խմբաքանակները սպառված կամ ժամկետանց էին, որի պատճառով նշված խմբաքանակների հետկանչ կամ ոչնչացում կատարել հնարավոր չէր»:

Այնինչ վերջերս ՍԱՊԾ-ն, մեկնաբանելով «Հետք»-ի կողմից իրականացված սննդամթերքի փորձաքննության վերաբերյալ հրապարակումը (նրբերշիկի անվտանգության մասին) հորդորել էր «լաբորատոր արդյունքները հրապարակել ոչ թե հոդվածի հրապարակման օրը, այլ  ստանալուն պես, կամ էլ՝ նույն օրը դրանք ուղարկել Ծառայություն» : Այսինքն, լրատվամիջոցից պահանջում էր իրականացնել այնպիսի գործողություն, որը ինքը որպես ոլորտը վերահսկող և լիազոր մարմին չի իրականացնում:

«Համի որակ» հաղորդման ընթացքում վերջերս (հոկտեմբերի 8, 29) աղիքային ցուպիկ է հայտնաբերվել նաև «Համի որակ. ըմպելի յոգուրտ» («Բոնիլատ», «Բիոկաթ»՝ շեղում նաև խմորասունկ ցուցանիշով), «Համի որակ. Վաֆլի շոկոլադե միջուկով» («Դարոինք», «Ասա»՝ շեղում նաև խմորասունկ ցուցանիշով) հաղորդումների ժամանակ:
Թե երբ է կատարվել այս երկու հաղորդման լաբորատոր փորձաքննությունը, մեզ հայտնի չէ:

Ամեն դեպքում, դրանց վտանգավոր լինելու մասին չի կատարվել հանրային իրազեկում՝ համաձայն «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի։

Բացի այդ, «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լիազոր մարմինը հայտնաբերված վտանգավոր սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների մասին «զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է ազգաբնակչությանը»: Նշված խախտումների մասին տեղեկություն եղել է միայն մեկ հաղորդման շրջանակում, ՍԱՊԾ-ն իր պաշտոնական կայքում այդ մասին ևս չի հայտնել:

Ըստ նշված օրենքի՝ եթե սննդամթերքն արդեն իրացվել է, ապա վաճառողը պարտավոր է հետ վերցնել այդ սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով բավարարել սպառողների պահանջները:

Նույն հոդվածի 4-րդ մասով՝ հավատարմագրված լաբորատորիայի կատարած փորձաքննության արդյունքների հիման վրա վտանգավոր խմբաքանակի սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները ենթակա են առանձին հաշվառման ու պահման՝ հետագայում օգտահանելու կամ ոչնչացնելու համար:

Մինչ օրս վերը նշված որևէ ապրանքատեսակի հետկանչի, օգտահանման կամ ոչնչացման մասին տեղեկություն ՍԱՊԾ-ն չի տարածել: Այդ ապրանքատեսակներն արտադրող որևէ տնտեսվարողի գործունեություն, թեկուզ ժամանակավորապես, չի կասեցվել, գործունեության արգելք չի եղել, որևէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության. համենայդեպս, այդ մասին չի կատարվել հանրային իրազեկում և, հնարավոր է, վտանգավոր սննդամթերքը շարունակել է մնալ վաճառքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter