HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

​Մոսկվայից Քարվաճառ․ Ծարի բնակիչները

Քարվաճառից մոտ 20 կմ հեռավորության վրա ճամփաբաժանից աջ Ծար գյուղի ցուցանակն է, իսկ սլաքը ցույց տալիս դեպի վերև։ Հողե ոլորանների ծայրը կարծես մինչև երկինք է հասնում։ Ծարից Արմենի «ՈՒԱԶ»-ը թափահարելով մագլցում է սարն ի վեր։ Հերթական ոլորանը հաղթահարելուց հետո հասկանում ես, որ ձեռքի մի սխալ շարժում, ու մեքենան կարող է հայտնվել անդունդում։ Ծարը ծովի մակերևույթից 2100մ բարձր է։

Մոտ 2 կմ վերելքն հաղթահարելուց հետո հայտնվում ենք հարթավայրում, որտեղ էլ ցաքուցրիվ փռված են գյուղի տները։ Տներից մեկի մոտ Արմենը մեքենան կանգնեցրեց ու հարևանին մի քանի տուփ ծխախոտ փոխանցեց։ 

«Գյուղում ինտերնետ ունենք, բայց խանութ չկա, իսկ մոտակա քաղաքակրթությունը 20 կմ հեռավորության վրա է»,- ասում է Արմենը։ Միջին հասակի, կոշտացած ձեռքերով Արմենին տեսնողի մտքով էլ չէր անցնի, որ նա մասնագիտությամբ ֆրանսերենի թարգմանիչ է։  

«Ես ծնվել ու մեծացել եմ Մոսկվայում։ Սրանից մոտ 8 տարի առաջ որոշել եմ քաղաքից գյուղ տեղափոխվել։ Հայաստան կամ Ղարաբաղ գալը պարտադիր պայման չէր։ Բայց այնպես ստացվեց, որ հայտնվեցի Արցախում ու ոտքով մի քիչ շրջեցի այստեղ, ծանոթացա մարդկանց հետ», - պատմում է Արմեն Ալվարովը։

Ղարաբաղի հետ նրա միակ կապը հայրական կողմից պապիկի եղբայրն է, ով դեռևս խորհրդային տարիներին Բաքվից տեղափոխվել էր Ստեփանակերտ։ Կարո Ալվարյանը Ստեփանակերտի Վ․Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադիրներից է։

Արմենը կատակով ասում է, որ տեղացի քահանաներից մեկը, իմանալով Կարո Ալվարյանի հետ նրա բարեկամական կապի մասին, ասել է․ «Ավազակի մեկն է եղել նա, եկեղեցին քանդել է ու տեղը թատրոն կառուցել»։ Արմենը վստահ է, որ դժվար իր բարեկամն իրավասու էր նման կարևոր որոշում կայացնել։ Այսպես երկար փնտրտուքից հետո Արմեն Ալվարովը կնոջ՝ Սվետլաննայի հետ հաստատվեց Շահումյանի շրջանի ամենաբարձրադիր Ծար գյուղում։

«Առաջինը, ինչ տեսել ենք, ահավոր կեղտոտ Վարդենիս քաղաքն էր ու քանդված տներով Քարվաճառը։ Ճիշտ է, վերջին տարիներին Քարվաճառում ահագին բան է արվել, մեր աչքն էլ այլևս չեն ծակում ավերված տները։ Այդքանով հանդերձ  կարող եմ ասել, որ այստեղի  գյուղերն ավելի շատ առավելություններ ունեն, քան ռուսական մի շարք գյուղեր։ Մանավանդ ազատագրված տարածքներում գյուղատնտեսությամբ զբաղվելն ինչ-որ տեղ ավելի հեշտ է։ Եվ՛ կլիման է ավելի մեղմ, և՛ մարդիկ են ավելի բարյացակամ։ Մի բան միանշանակ կարող եմ ասել` եթե չսիրես գյուղական կյանքը, երկար չես ձգի»,- ասում է Արմենը։

Այսօր Ծարը մոտ 50 բնակիչ ունի։ Դպրոց կա, որը, Արմենի խոսքով, գյուղի կեսը կերակրում է։

Մոտակայքում հէկեր են կառուցվում, մարդկանց մի մասը այնտեղ է աշխատում։ Զրուցակիցս ասում է, որ շուտով նաև հանք կբացվի, որը նույնպես աշխատատեղ ու մշտական եկամտի աղբյուր կլինի գյուղացիների համար։

Գյուղատնտեսության համար էլ կան բոլոր բարենպաստ պայմանները։ Ի տարբերություն մի շարք գյուղերի` ոռոգման ջրի խնդիր չկա այստեղ։

Արմենը տարակուսում է՝ ինչու մինչև հիմա սփյուռքահայերը չեն վերաբնակեցվել Արցախում։ Ասում է` բոլոր չափանիշներով առնավազն երիտասարդների համար պետք է հետաքրքիր լիներ։

«Քո առաջ մի շարք հնարավորություններ են բացվում աշխատելու ու ստեղծելու։ Ես չեմ հավատում այն հեքիաթներին, որ ինչ-որ մեկն անպայման կխանգարի։ Միգուցե, եթե ունենաք 10 մլն դոլլար, տեղական իշխանության հետ կոնֆլիկտ ունենաք, բայց չգիտեմ որևէ դեպք, որ մի քանի տասնյակ միլիոն վաստակելու գործում ինչ-որ մեկը խոչընդոտի», - ասում է նա ու հավելում, որ եթե մարդ ուզում է գյուղտնտեսությամբ զբաղվել, նրան բոլորը միայն աջակցում են, վարչակազմի ղեկավարից սկսած մինչև հարևանը։

Ծարում ապրելն իր դժվարություններն ունի։ Ճանապարհները դժվարանցանելի են, իսկ ձմռանն, ընդհանրապես, գյուղը հայտնվում է շրջափակման մեջ։ 

Ծարի ամենամեծ առավելությունն Արմենի համար այն է, որ այստեղ՝ ծովի մակարդակից 2100 մետր բարձրության վրա,  կարողանում ես լիաթոք շնչել։

Արմենի հետ բակում նստած խոսում էինք, երբ մեզ մոտեցավ նրա կինը՝ Սվետլանան, թեյի հրավիրելու։ Տեսնելով, որ ամուսինը հարցազրույց է տալիս, կատակով ասաց․«Այդպես է, մեր տանը հասարակայնության հետ կապի գծով Արմենն է, իսկ ես գոմն եմ մաքրում ու ոչխարներին հանդից բերում»։

Մոսկվայի գիմնազիաներից մեկի անգլերենի ուսուցչուհի Սվետլանան ասում է, որ մեգապոլիսում ապրելու ժամանակ երազում էր գյուղական կյանքի մասին։

«Հիմա, իհարկե, ծիծաղում եմ ինքս ինձ վրա։ Դեռ ամուսնացած չէինք, որ մորս ասում էի՝ երանի թե գյուղում ապրեինք, փայտե վառարանը վառեինք, կողքին տաքանայինք։ Իսկ այսօր երազում եմ տանը սովորական ջրի ծորակի ու լվացքի մեքենա ունենալու մասին»,- ասում է նա։

Կիսակառույց տունը, որտեղ այսօր ապրում են Ալվարովները, 8 տարի է` չեն կարողանում ավարտին հասցնել։ Մի քանի տարի առաջ հէկի աշխատողների համար հաց էին թխում։ Այսօր Սվետլանան գյուղի դպրոցում ուսուցչություն է անում, իսկ Արմենը շինարարությունում՝ բանվորություն։

«Ես որ կյանքում հաց թխած չկայի, մի օրում կես կիլոգրամանոց մոտ 100 հաց էի թխում։ Հետո մոտակայքում էլի հացի փուռ բացեցին, մենք չդիմացանք մրցակցությանը», - ժպտալով ասում է Սվետլանան` կածես ինչ-որ տեղ ուրախ լինելով, որ այլևս ստիպված չէ ամեն օր հաց թխել։

Երկար Սվետլանայի հետ խոսել չհաջողվեց, նա շտապում էր։ Պետք էր մինչև մութն ընկնելը ոչխարները տուն բերել։ 4-ամյա Աննան, որ սկզբից մեծ խանդառավությամբ վազում էր մայրիկի հետևից, ճանապարհի կեսից հանձնվեց։ Նա թամբեց իր փայտե ձին (ձեռքի ճիպոտն)  ու վերադարձավ տուն՝ նորածին գառնուկին կերակրելու։ Աննան դեռ չի որոշել՝ ինչ անուն է տալու գառնուկին, նա մի օր առաջ է ծնվել։

 Հ․Գ․ Արմենն ասում, որ երբ դուստրը՝ Աննան, դպրոցական դառնա, մտածում են, Ստեփանակերտին մոտ գյուղերից մեկում հաստատվել, իսկ Ծարում կշարունակեն գյուղատնտեսությամբ զբաղվել։ 

Լուսանկարները՝ Քնար Բաբայանի և Արմինե Վանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter