HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում կատարվող փոփոխությունները

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով չորս հարցերի քննարկում։ Մասնավորապես ԱԺ-ն այսօր քննարկելու է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը, կուսակցությունների, ԱԺ-ի կանոնակարգը և ԱԺ պատգամավորների գործունեության երաշխիքների մասին հարցերը։

ԱԺ արտահերթ նիստը ելույթով բացեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՄԻՊ-ի մասին ՀՀ սահմանադրական օրենքի և հարակից օրենքների փոփոխության նախագծերին։

Տեղակալի դիտարկմամբ՝ այս նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015 թ.-ի դեկտեմբերի 6-ին կայացած սահմանդրական փոփոխություններով։

Ըստ նրա՝ նախագծով ընդլայնվում են մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները։ Մասնավորապես՝ այն հնարավորություն է տալու պաշտպանին հետևել ոչ միայն պետական և ՏԻՄ պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, այլև օրենքով սահմանված դեպքերում, կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը։

Հովհաննիսյանը, սահմանդրական փոփոխություններից բխող մյուս անհրաժեշտ փոփոխություն է համարում մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման գործում պաշտպանի մասնակցությունը։ Նախագծով նախատեսվում է մարդու իրավունքների և ազատություններին վերաբերող օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը՝ մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին ուղարկելու պահանջը։

Բացի այդ, երբ պաշտպանը իրեն հասցեագրված բողոքների ուսումնասիրության արդյունքում կամ սեփական նախաձեռնությամբ սկսած հարցի քննարկման ընթացքում, պարզում է, որ դրանցում բարձրացրած հարցերը նորմատիվ իրավական ակտերում լուծում չունեն, համապատասխան իրավական կարգավորումները բացակայում են, առկա են թերի կարգավորումներ, կարող է առաջարկություն ներկայացնել նորմատիվ իրավական ակտ ընդունող մարմնին՝ մատնանշելով իրավական ակտի կատարելագործման անհարժեշտությունն ու սահմանները։

Նախագծով սահմանվել են նաև պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լիազորությունները, ամրագրվել է նրա լիազորությունները՝ ներգրավել անկախ մասնագետներ և ՀԿ-ների ներկայացուցիչներ, ովքեր ձեռք են բերում կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետի կարգավիճակ։

Նախագծով պաշտպանին վերապահվել է նաև երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիայի դրույթների կիրառության մոնիտորինգի, ինչպես նաև երեխայի իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության իրավասությունը։

Հաշվի առնելով պաշտպանի գործունեության ընթացքում նախկինում արձանագրված խնդիրները՝ հատկապես տարբեր հաստատություններ անարգելք մուտք գործելու խոչընդոտման հանգամանքը, նախագծով հստակեցվել է ազատազրկման վայրերը։

Մարդու իրավունքների պաշտպանի մասին նախագծով նաև կարևոր երաշխիքներ են նախատեսվել պաշտպանի արդյունավետ գործունեությունը ապահովելու համար։ Դրանով պատասխանատվություն կնախատեսվի պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու համար։ Գործող Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծով ընդլայնվելու է նշված հանցագործության սուբյեկտների շրջանակը. հանցակազմը տարածվելու է ոչ միայն պաշտոնատար անձանց վրա, այլև նրանց վրա, ովքեր կխոչընդոտեն կամ այլ կերպ կմիջամտեն ՄԻՊ-ի գործունեությանը։

Օրենքի ընդունման պարագայում խստացվելու է նաև ՄԻՊ-ի հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելու կամ սահմանված ժամկետում պահանջվող նյութերը չտրամադրելու համար նախատեսված վարչական պատասխանատվություն՝ 20 հզ. դրամից հասցնելով 100 հազ. դրամ տուգանք։

Նախագծով սահմանվել է, որ պաշտպանը իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո, չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել՝ պաշտպանի իր կարգավիճակից բխող գործունեության շրջանակներում, այդ թվում ԱԺ-ում հայտնած կարծիքի համար։

Իսկ պաշտպանին դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց կարող է հարուցվել միայն ԱԺ-ի համաձայնությամբ, նաև առանց այդ համաձայնության պաշտպանը չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, եթե բռնվել է հանցանք կատարելու պահին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter