HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մուշ – Երգ ու պար

Հեղինակ՝ Արմինէ Յակոբեան

Մշու աշխարհ անուշ է․
Սարն ու ձոր մշուշ է․
Հիւսիս քամին քշէ զիս՝
Ուր ծոցի մէջ թաղէ զիս։ [1]

Մուշ անունը ժառանգութիւն ենք ստացել հնագոյն ժամանակներից ի վեր, և շատ ուսումնասիրողներ դրա ծագումն ու իմաստը, առաջացումը կապում են հնագոյն արձանագրութիւններում յիշատակուող ցեղերի ու աշխարհագրական անունների, քաղաքական դէպքերի, կամ բնական որոշ երևոյթների հետ։ Ժողովրդական ամենահին աւանդոյթներից մէկի համաձայն Մուշ անունը համարւում է «մշուշ»ից առաջացած։ Ըստ աւանդութեան, Արածանիում լողանալու ժամանակ` երիտասարդներից իր մերկութիւնը քօղարկելու համար, «մշուշ»ը արարում է սիրոյ աստուածուհին՝ Աստղիկը։ [2] Հեթանոսական ժամանակներից մեզ հասած այդ աւանդութեան արձագանգը կարելի է տեսնել նաև Կոմիտասի գրառած «Մշոյ սարեր մշուշ է» պարերգի մէջ.

Մշու սարեր մշուշ է [3]

Ձայնանիշներ PDF

Մշու սարեր մշուշ էր,
Հար նազ, հար նազ,
Հար նարկիս։
Մշու խոտ ջուր անուշ էր, 
Հար նազ, հար նազ,
Հար նարկիս։

Գիւղական պարզագոյն պարերգերից է, որ Կոմիտասը ժամանակին անուանում էր «Լէ - լէ»։ Բնագրում այդպէս էլ անուանուած է։ Լայնօրէն յայտնի է նաև շարունակութիւնը՝

Մշու կաքաւ հերկեն վիզ,
Մշու մարդեր ղոչաղ էր։ 
[4]

Կոմիտասի գրառած Մշոյ երգերից առանձնայատուկ պիտի նշել «Մշեցոց Բինկէօլ» ստեղծագործութիւնը, որը կարծես երգ-պոեմ կամ բալլադ լինի։ [5]

«Բինկէօլ» նուագարանային բնոյթի ձայնային յանկարծաբանական (վոկալ իմպրովիզացիայի) ոճով հիւսուած այն երգերից է, որոնք հայկական ժողովրդական երգարուեստում երաժշտական-ձևային մի առանձին ժանր են կազմում։ Այս ժանրի երգերը մասնաւորապէս բնորոշ են արևմտահայկական ժողովրդական երգարուեստին։ Սովորաբար այս երգերի եղանակները անուանուել են տեղանուններով։ Դրանով հաստատել են եղանակի տեղային ոճը կամ պարզապէս ստեղծման վայրը։ Երգուել են և՛ հայերէն և՛ թրքերէն։ «Մշեցոց Բինկէօլը» [6] Կոմիտասը գրի է առել 1891 թ․ մշեցի Մուշեղ անունով մի մարդուց։ [7]

Ինչպէս նշել է երաժշտագէտ Ռ․ Աթայեանը «Մշեցոց Բինկէօլը» իր երաժշտական-տեխնիկական յատկանիշներով և յուզականութեան բնոյթով նկատելիօրէն առանձնանում է սովորական գեղջկական երգերից և կարող է դիտուել նաև որպէս արհեստավարժ (պրոֆեսիանալ)-ժողովրդական ստեղծագործութիւն։ [8] Այդ երգը Ռ․ Աթայեանը համարում է ժողովրդական կամ արհեստավարժ (պրոֆեսիանալ)-ժողովրդական մեղեդիական մի բարձր նմուշ, որը իր բոլոր տուեալներով արժանի է դասուելու կոմիտասեան աւանդավիպային (ֆոլկլորային) խոշոր յայտնագործութիւնների թուին։ [9]

Մշեցոց Բինկէօլ (թրքերէն) [10]

Ձայնանիշներ PDF

Խարբուրդ եօլի վուրդում գելդիմ
Բինկէօլ - սուի նարդան աքար․
Արազ - սուի բող - բուլաղլար գեալէիմ․
Չայիր - չիման սավուղ սուլար Բինկէօլի, Բինկէօլի։

Ղարլի դաղլար աշար աշար
Բուրա գյալդըմ Բինկէօլ դաղնայ,
Ալուան-ալուան ղարլի դաղլար գեալէիմ․․․
Չիչագ սըմբուլ գիւլ հալամշար աշար եօլի Բինկէօլի։

Վիպական եւ պատմական երգեր

Կոմիտասի գրառած Մշոյ դաշտի վիպական և պատմական երգերից առանձնայատուկ է  նաև «Սուրբ Կարապետն էր մշեցի» (առասպելաբանական) նմուշը։ Հայ ժողովրդի մէջ այս ամենասիրուած ու մեծ հեղինակութիւն վայելող ուխտատեղիին նուիրուել են երգեր, որտեղ գովաբանուել են ուխտատեղիի արդարամիտ արարքներն ու շնորհները։ [11] Եղանակի կոմիտասեան այս գրառումը հայ  վիպական եղանակաւորուած պատումի դասական նմուշ է, բացի այդ Կոմիտասի գրառած Ս․ Կարապետին նուիրուած այս - և բոլոր մնացած նմուշները - [12] երգը ևս հարում է դէպի զարգացած և անհատականացուած եղանակին, որը գուսանական վիպերգի (բալլադի) տիպ ունի։ [13]

Սուրբ Կարապետն էր մշեցի [14]

Ձայնանիշներ PDF

Սուրբ Կարապետն էր մըշեցի,
Դոր որ կացի նա յիշեցի,
Մըտիցս ելաւ՝ նստայ լացի,
Մուրատս ետու՝ ելայ գնացի։
Մուրատատո՜ւր Սուրբ Կարապետ։
Սուրբ Կարապետ բարձր տեղ է,
Ուր չորս բոլոր հայոց գեղ է։
Մատաղ բերին գառան ու մագին,
Մատաղ էրին սուրբ կիրակին,
Մուրատատո՜ւր Սուրբ Կարապետ։
Սուրբ Կարապետ բաձրիկ բոլոր,
Իր ճամբախն ա ոլոր-մոլոր,
Իր դուռն կըգան շատ ըխտաւոր,
Որ պայաւոր, որ ձիաւոր․
Պայաւորին մուրատ իտայ,
Ձիաւորին՝ կարմիր խնձոր,
Մուրատատո՜ւր Սուրբ Կարապետ։

Կատակերգեր

Կոմիտասի գրառած Մշոյ երգերից ժանրային առումով առանձնանում է «Մայրամ կանչէք հանէք դուրս» կատակերգը, որը կապուած է կենցաղային հումորի ու երգիծանքի հետ։

Մայրամ կանչէք հանէք դուրս [15]

Մայրամ կանչէք հանէք դուրս,
Աստուած առնէր ազիզ լուս։


Սպ․ Մելիքեանի և Գ․ Գարդաշեանի «Վանայ երգեր»ում հետաքրքրական եղանակով կան հետևեալ խօսքերը՝ [16]

Արևն առէ լուսէ լուս,
Մայրամ կանչէք թող կեայ տիւս,
Էս ինչ խօսքյ էր իխան տիւս,
Աստուած առնէր ազիզ լուս։

Մայրամ առուն թռեր ի, 
Տէրտէր եախէն պռնիր ի,
Երկու չամիչ տուեր ի,
Տըսվերկու պաքյ առեր ի։
Ալուչի ծառ ծաղկեր էր,
Մայրամը տակ պառկեր էր,
Ալուչի ծառ կոճկեր էր,
Մայրամու փոր տըճկեր էր։

Հայ Մայրամ, Մայրամ, Մայրամ,
Ջան Մայրամ, Մայրամ, Մայրամ,
Ջան Մայրամ, Մայրամ, Մայրամ,
Իմ ջան քեո ջանին հայրան։

Այս երգի միայն բանաստեղծական տեքստի մի օրինակ կայ «Հայրենի երգ ու բան» ժողովածուի 3-րդ հատորում, որտեղ Մ․ Թումաճանը Մշոյ երգերի երգասաց Ա․ Ալիխանեանից ձայնագրել է հետևեալ խօսքերը՝ [17]

Լուսնակն ելաւ, լուսնէ լուս,
Մայրամ կանչէք հանենք դուրս,
Ատ ի՞նչ խօսք էր ձգեց դուրս․ 
Տէ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 
Տէր ․ ․ ․ Աւտուլին հարսներ ․․․։

Մայրամ յիջի խիյարնոց, 
Քաղեց խիյար, լցուց ծոց,
Կտրաւ իր վըզի վըզնոց։

Տէ վուրմա, վուրմա, վուրմա,
Ջուխտ մը մաքի ղավուրմա։

Կաքաւ հաւեր կըցեցին,
Կարմիր գինին խմցուցին։

Լուսնակ ձգեր պատին տակ,
Մայրամ պառկեր ջըլի տակ։

Աւտալի դուռ շըշերով,
Մայրամ տարան գիշերով։

Հարսանեկան երգեր

Կոմիտասի գրառած Մշոյ երգերի մէջ կան նաև մի քանի հարսանեկան երգեր՝ «Վե՛ր էլի, հա՜յ», «Խարսիկ վեր արէ՛», «Մը քորսէ դանինա», «Շկավէ զավէ»։ Հարսանիքը Մուշում մի իւրայատուկ արարողակարգ էր։ Հարսնացուի ընտրութիւն, աղջիկտես, նշանդրէք, հաց կտրել, հարսնատես, խոնչա-բոխչա, տաշտադրոնք, ազպալուածք, հինադրէք, կնտրել կամ թրաշ, պսակ, և այլն։ Նշուած բոլոր արարողութիւններում վառ ընդգծուած են մշեցիներին յատուկ սովորութիւնները, իսկ այս ամէնի անքակտելի մասն են կազմել երգն ու պարը։

Մշեցիք աւանդապահ ժողովուրդ են։ Իրենց ապագայ հարսնացուին ընտրում են դեռ օրօրոցում։ Այդ երգերը կոչւում են օրօրոցախազ (օրօրոցի կամարի վրայ այդ առիթով խազ էին քաշում)։ [18] Հնում հարսնացուի ընտրութիւնը կատարում էին ծնողները և պատահում էին դէպքեր, երբ միայն պսակի օրն էին հարսն ու փեսան միմեանց տեսնում։ Պսակի արարողութիւնը մշեցիների մօտ յագեցուած է երգով, պարով, նուագով, հետաքրքրական սովորութիւններով։ Ահաւասիկ դրանցից մի քանիսը։ Հարսնացուի հանդերձը հագցնելուց երգում էին․ [19]

Տնիկ ու շէմքիկ,
Էլ դուք մի՛ք ժաժա,
Մենք ինք ժաժալու,
Շողիկ տանելու։ 

Աղբրիկ էլ չծըմծըմաս,
Մաղիկ էլ չխըլվըլաս [շարժուել],
Մենք ինք երրալու,
Շողիկ երամէն ջոկելու։

Գիշե՛ր, դու տարի եղիր,
Աղօթրան դու լէ հեռացիր,
Մէր երա՛մ հասրաթ հանիր,
Էս անդարձ, օղուբ [յաջող] օրին։

Երբ հարսին հանում են հօր տնից, նրա գրպանը չամիչ են լցնում և մի քանի զոյգ փոքր գուլպաներ դնում, այս ժամանակ աղջիկները երգում են․ [20]

Զչամիչ մաղով մաղեցին,
Շողերի /հարսնացուի/ ջեբեր լցրեցին,
Զղարիբ ճամբայ դրեցին։

Սովորութիւն է, որ հարսնացուին տանելուց նրա հետևից չեն աւլում, որ հայրական տունը չաւերուի։ Այս առիթով աղջիկները երգում են․ [21]

Մէրիկ, մի՛ աւլի զտախտիկ,
Որ չաւրի քու աղջկայ հետիկ,
Թըղ մնայ քի նմուշիկ,
Որ հանիս քու սրտի հասրաթիկ։

Պսակ տանելիս հարսնացուի կօշիկների մէջ գիւղերում գարնանացան ցորեն են ածում, իսկ քաղաքում մանր դրամ, որպէսզի հարսի ոտքը բարով լինի։ [22] Իսկ ահա թագւորի տնից եկող հարսնածները աշխատում են հարսնացուի տնից գողանալ մի խուփ, որ ապագայ հարսը չխօսկան լինի, մի գդալ, որ նրա բաժին ղսմաթն էլ նրա հետ գնայ։ [23]

Այսպիսով, հարսին դհոլ զուռնայի առաջնորդութեամբ ուղևորում են դէպի եկեղեցի։ Երբ հարսին զուգուած զարդարուած հայրենի տնից դուրս են բերում, դրան առաջ այս երգն են երգում․ [24]

Խարսիկ վեր արէ՛ [25]

Ձայնանիշներ PDF

Խարս վեր արի, նազ մի անէ,
Փէշերդ տուր վեր, թոզ մի անէ։
Խարս, վեր արի քո թախտէն,
Գանգեատ մ’անէ քո բախտէն։
Խարս, վեր արի քո օդից, 
Գանգեատ մ’անէ քյո բախտից։ 
[26]

Եկեղեցում պսակի արարողութիւնը աւարտելուց յետոյ ուղևորւում են դէպի փեսայի տուն։ Երբ մօտենում են փեսայի տանը, մէկը երգում է՝

Թագուորի հէր տիւրս արի,
Փունջ մը շուշան ինք բերի,
Թագուորի մէր, տիւրս արի, 
Թոփ մի խութնի ինք բերի,
Թագուորի աղբէր, տիւրս արի,
Ապըշմէ փէժկիր մ’ինք բերի։ 
[27]

շարունակությունը՝ այստեղ։

Լուսանկարը՝ Մշոյ դաշտէն հայ գիւղական ընտանիք մը (Աղբիւր՝ Նուպարեան գրադարանի հաւաքածոյ, Փարիզ)

Մեկնաբանություններ (1)

raffi
Our culture is very rich ,so many dialects and songs etc...very proud to be armenian .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter