HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանի նախագահը կանգառ է անում Հայաստանում՝ մեսիջ ուղարկելու Իսրայել

Նաիրի Հոխիկյան

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի երկրորդ կեսին պաշտոնական այցով լինելու է Հայաստանում: Երևանում նախատեսված մի քանի առանցքային հանդիպումներից հետո նույն օրը մեկնելու է Ղազախստան և Ղրղզստան: Բարեկամ Իրանի ղեկավարը Հայաստանում կանգառ կանի 24 ժամից էլ պակաս՝ շեշտը դնելով արարողակարգային հանդիպումների վրա:

Ռոհանիի այցի մասին լուրը, սակայն, ալիք է առաջացրել ադրբեջանական փորձագիտական ու մեդիադաշտում, իսկ վերջին օրերին նաև իշխանության շարքերում՝ սպառնալով որպես պատասխան կազմակերպել Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Իսրայել: Ասել է, թե՝ ակն ընդ ական, մինչդեռ իրանական քայլը արդեն իսկ պատասխան է ադրբեջանա-իսրայելական խաղին:

Երկու երկրների լրատվամիջոցները վերջին մի քանի օրերին հայտարարում են՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեկտեմբերի 13-ին պաշտոնական այց է կատարելու Բաքու, հանդիպելու այդ երկրի բարձրագույն իշխանության հետ, նույնիսկ քննարկվելու են Ադրբեջանի որոշ ռազմական օդանավակայանները համատեղ օգտագործելու հարցեր: Ո՞ւմ պետք է սա առաջին հերթին անհանգստացներ, եթե ոչ Իրանին: Թել-Ավիվն ու Թեհրանը հնարավոր բոլոր առիթներով նշանառության տակ են վերցնում միմյանց, իսկ եթե Իսրայելին հաջողվի հասնել Ադրբեջան, ապա դա միանշանակ Իրանի քթի տակ բույն դնելու փաստ է: Միջազգային հարաբերությունների փորձագետները հասցրել են սա անվանել դիրքային պայքար՝ շեշտելով, թե Իրան-Իսրայել հակամարտության այս հատվածում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են դառնալ խամաճիկ կամ որ ավելի վատ է, թատերաբեմ:

Հայաստանում թեև առանձնակի ոգևորությամբ են սպասում Ռոհանիի այցին, բայց կողմերից որևէ մեկը չի նշում միջպետական համագործակցության կոնկրետ ուղղություն, ոլորտ, որի զարգացման կարմիր ժապավենը կկտրվի երկու նախագահների մասնակցությամբ: Այդ դեպքում ի՞նչ է խոսելու Հասան Ռոհանին Երևանում Սերժ Սարգսյանի հետ:

Թեհրանի թիվ մեկ տարածաշրջանային ծրագիրը տրանսպորտային ուղիղ հաղորդակցության ստեղծումն է Պարսից Ծոցից մինչև Սև ծով, և այդ ուղին անցնելու ցանկալի տարբերակը, ըստ իրանցիների, Հայաստանն է: Տարիներ շարունակ շահարկվող այս միտքը իրանական կողմը արդարացնում է մեկ նախադասությամբ՝ Թուրքիայի ուղին թանկ է և անհուսալի, Ադրբեջանի հետ քաղաքական հարաբերությունները անկայուն են, իսկ Հայաստանը կարճ և անվտանգ ճանապարհ է: Այդ համատեքստում, սակայն, Իրան-Հայաստան երկաթուղին մնաց լուսանցքում՝ 3,5մլրդ դոլար պակասի պատճառով: Հայկական կողմը գերադասեց ուղղակի փակել միջտարածաշրջանային կամուրջ լինելու իրական ծրագիրն ու մի քանի միլիոնով կառուցել երկաթբետոնե ու ասֆալտե ճանապարհներ՝ երկաթուղու առավելությունները ևս թողնելով Ադրբեջանին: Նույն հաջողությամբ Ռեշտ-Աստարա հեռանկարային երկաթուղու շնորհիվ Ադրբեջանին է մնում Ռուսաստանը Իրանին կապող ցամաքային ուղին, որը օգոստոսի 8-ին Բաքվի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնագրով, դառնալու է 7000կմ-ոց էներգետիկ միջանցք ոչ միայն երեք երկրների, այլև տարածաշրջանի հետ կապվող այլ պետությունների համար:

Այս առումով իրանական կողմին Հայաստանը փորձելու է առաջարկել մրցակցային էներգետիկ մի նախագիծ, որը գայթակղիչ կարող է լինել Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի համար միաժամանակ: Խոսքը Հայաստանի տարածքով իրանական գազի մատակարարումն է Վրաստանին, իսկ խողովակաշարերի սպասարկումն իրականացնում է ռուսական Գազպրոմը: Ստացվում է՝ մեր տարանցիկությունը կարող է լինել նաև ռազմավարական անվտանգության ինչ-որ աստիճանի երաշխավոր, բայց խնդիրն այն է, որ այդ ռազմավարական ծրագրերը դեռ մեկ տարի առաջ առանց մեզ հետ քննարկել են վրացիներն ու իրանցիները, իսկ ռուսական կողմը հայտարարել էր, թե դեմ չի լինի այդ գործարքին:

Այսպիսով, հռետորական հարց է առաջանում՝ ի վերջո, ի՞նչ է քննարկելու Իրանի նախագահը Երևանում, եթե հնարավոր բոլոր ծրագրերը քննարկվել ու համաձայնեցվել են մեզնից անկախ, ավելին, համեղ պատառները բաժին են հասել ադրբեջանական ծրագրերին: Պատասխանը նորից գնում է Իրանի ու Իսրայելի դիրքային պայքարի դաշտ:

Իրանական դիվանագիտությունը 2013-ից ի վեր խուսափում է նախագահի այց կազմակերպել Հայաստան՝ չվնասելու Ադրբեջանի հետ ընթացող տնտեսական ու քաղաքական նուրբ գործընթացին: Այդ համատեքստում միայն Ռոհանին մի քանի պաշտոնական այց կատարեց Բաքու, խոսեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, իսկ Երևան այցի ամսաթվերը պարբերաբար հետաձգվում էին անորոշ ժամկետով:

Անակնկալ կերպով դեկտեմբերին նախագահի այցը կազմակերպելու որոշումը եղավ Իսրայելի վարչապետի այցին զուգահեռ՝ որպես մեսիջ ադրբեջանական դիվանագիտությանը: Բաքվում դա լավ են հասկացել՝ համարժեք հետևանքներով: Իսկ թե կոնկրետ երբ Երևան կգա Հասան Ռոհանին (որոշ տվյալներով՝ դեկտեմբերի 21-ին) և ինչ կասի այստեղ, առաջին հերթին կախված կլինի նրանից, թե ինչ կանեն Ալիևն ու Նեթանյահուն Բաքվում: Երբ բացված կլինեն ադրբեջանա-իսրայելական խաղաթղթերը, կբացվեն նաև հայ-իրանական ծրագրերը:

Մեկնաբանություններ (2)

Արմենակ Եղիայեան
Արդեօք մեր արեւելահայ եղբայրները չե՞ն նախընտրեր «մեսիջ» բառին փոխարէն գրել «պատգամ»: Ամօ՞թ է հայերէն գրել:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանը,ցավոք, իր արտաքին քաղաքականության ղեկը հանձնել է «բարեկամ» ռուսին ու էակա՛ն-լուրջ քայլեր չի անում հայ-իրանական ուղղությամբ: ՀԳ. «Մեսիջ» բառը «պատգամ» չի նշանակում,այլ «ուղերձ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter