HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2017թ. «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները տեղի կունենան ապրիլի 24-ից մայիսի 28-ը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ 1 միլիոն դոլարի նվիրատվությամբ «Ավրորա» մրցանակն ստեղծվել են Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների: 2016թ. ապրիլի 24-ին Երեւանում կայացած «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության ընթացքում Բուրունդիի REMA հիվանդանոցի եւ Խաղաղության տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն դարձավ մրցանակի առաջին դափնեկիրը:

Բարանկիցեն գնահատանքի արժանացավ այն բացառիկ ազդեցության համար, որ նա ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին՝ փրկելով հազարավոր կյանքեր եւ օգնության ձեռք մեկնելով որբերին ու փախստականներին: Հետեւելով այս բացառիկ մրցանակի կանոններին՝ դափնեկիրը 1 միլիոն դոլար դրամաշնորհը տրամադրել է իրեն ոգեշնչած կազմակերպություններին՝ «Բրիդերլեխ Դելեն» (Լյուքսեմբուրգ) հիմնադրամին, «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամին եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամին:

Հայերը փորձում են վերափոխել ընկալումը՝ զոհից արժանապատիվ եւ ստեղծարար քաղաքացիների: Հավատարիմ մնալով այդ ջանքերին՝ «Ավրորա» մրցանակաբաշխությունը փառաբանում է մարդկայնության համընդհանուր ոգին եւ տոկունությունը: Այս անգամ այն իր գագաթնակետին կհասնի մայիսի 28-ին Երեւանում:

Մայիսի 28-ը՝ Առաջին հանրապետության օրը, Հայոց ցեղասպանությունը վերապրողների կամքի դրսեւորումն է, որոնք Եղեռնից ընդամենը երեք տարի անց հռչակեցին  Հայաստանի առաջին հանրապետությունը: Մրցանակի հանձնման արարողությունը եւ ուղեկցող միջոցառումները կարժեւորեն այդ ուղին՝ մահից դեպի կյանք, սարսափից դեպի հույս, կործանումից՝ վերածնունդ:

2017 թվականի «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին: Հավակնորդներից մեկը մայիսի 28-ին Երեւանում կճանաչվի 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր: Դափնեկրին եւ հավակնորդներին կորոշի «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը՝ 66 երկրից ներկայացված 558 առաջադրումներից:

««Ավրորա» մրցանակի հիմքում այն մարդկանց հարգանքի տուրք մատուցելու ցանկությունն է, որոնք իրենց կյանքը նվիրել են այլոց փրկության գործին: Ուրախալի է, որ այս կարճ  ժամանակում նախաձեռնությունը հնչեղություն ու ճանաչում ձեռք բերեց աշխարհի տարբեր երկրներում եւ համայնքներում», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«1918թ. մայիսի 28-ին ցեղասպանությունը վերապրողները համարձակություն ունեցան հռչակելու անկախություն: Նրանց այս քայլը փաստում է, որ վերապրողները ոչ միայն հաղթահարում են սարսափելի դժվարությունները, այլ նաեւ դառնում են համաշխարհային հանրության ստեղծարար ու նվիրված անդամներ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կարեւորում է հուսալքությունից լավատեսություն վերափոխման հեռանկարը. հնարավորություն, որը բոլորինն է», - նշեց նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Ապրիլի 24-ից մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն աշխարհով մեկ կկազմակեպի մի շարք միջոցառումներ՝ ներկայացնելով մրցանակի 2017 թվականի հավակնորդների ոգեշնչող պատմությունները, ինչպես նաեւ մարդասիրական գործունեությունն աշխարհում: Միջազգային մարդասիրական գործիչների մասնակցությամբ Aurora Dialogues քննարկումների շարքը մեկնարկել է Երեւանում՝ «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության օրերին: Այս քննարկումները եւս կընդլայնվեն՝ դառնալով «Ավրորայի» միջոցառումների հիմնական բաղադրիչներից մեկը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» նախաձեռնության նպատակն է ստեղծել համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է Հայոց ցեղասպանություն, որին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն հայ, ու հիմնված է այդ տարիներին տեղ գտած խիզախության ու վերապրումի ոգեշնչող պատմությունների վրա։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են բացառապես խիզախ անհատների եւ մարդասիրական կազմակերպությունների միջամտության շնորհիվ։ Մեկ դար անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը եւ փառաբանելով մարդասիրությունը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծում, ներառում եւ օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ եւ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, Երախտագիտության նախագծերը եւ 100 LIVES նախաձեռնությունը։

«Ավրորա» նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։ Այն ներկայացված է երեք հիմնադրամների կողմից՝ 100 Lives հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ

Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի շնորհվելու է 100.000 դոլար պարգեւ եւ բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած եւ գործի մղած կազմակերպություններին։ Մրցանակի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրություն առաջ մղելու վրա։

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter