HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գալիք ընտրությունները վճռորոշ կլինեն Եվրամիության հետ հարաբերությունների առումով. ԵՄ տեղական հայտարարությունը

Եվրոպական միության պատվիրակությունը ԵՄ անդամ պետությունների Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ տարածում է ԵՄ հաղորդագրությունը հետևյալի մասին.

Ի հետևումն իշխող կոալիցիայի և ընդդիմադիր կուսակցությունների միջև ընտրական բարեփոխումների ուղղությամբ ձեռք բերված համաձայնության իրականացման կարևոր առաջին քայլերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ունեցած խորհրդակցությունների՝ ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը  ջանք չի խնայի նշյալ բարեփոխումները կյանքի կոչելու համար: Բարձր ենք գնահատում իշխանությունների հանձնառությունը՝ ապահովել բաց և ազատ մրցակցության հնարավորություն: Ակնկալում ենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահ մարմինների և դատական համակարգի  կողմից կգործադրվեն առավելագույն ջանքեր այս խոստումը կատարելու համար: Արդար ընտրական գործընթացի ապահովման հիմնական նախադրյալ ենք համարում քաղաքական կամքի առկայությունը:

ՄԱԿ-ի և Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ` Եվրոպական միությունը դրական արձագանքեց ընտրական բարեփոխումների փաթեթի իրականացմանը ֆինանսական օժանդակություն տրամադրելու ՀՀ կառավարության խնդրանքին:  Եվրոպական միության կողմից տրամադրվող մինչև 7 մլն եվրո ֆինանսավորմամբ կլրացվի առկա ֆինանսական ճեղքվածքը՝ թույլ տալով սահուն կերպով իրականացնել ընտրական բարեփոխումների շուրջ ձեռք բերված համաձայնությունը: Սրանում ներառված է նաև աջակցություն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրականացմանը: Գերմանիայի և Միացյալ Թագավորության կողմից տրամադրվող ֆինանսավորման հետ միասին, եվրոպական աջակցությունը կկազմի ընտրական գործընթացների համար տրվող ֆինանսական ընդհանուր օժանդակության 90 տոկոսը:

Եվրոպական միությունը խիստ կարևորում է ընտրական գործընթացների թափանցիկությունը, ամբողջականությունը, համընդգրկունությունն ու արդյունավետությունը: Ուստի, կշարունակենք աջակցել շահագրգիռ բոլոր կողմերի ջանքերին՝ ապահովելու ընտրական գործընթացների լիարժեք համապատասխանությունը միջազգային չափանիշներին, ներառյալ վարչական ռեսուրսների կիրառման արգելում և ընտրությունների հետ կապված կոռուպցիոն դրսևորումների բացառում, ինչպես նաև դիտորդների և ԶԼՄ-ների  անխափան աշխատանքի երաշխավորում: 

Գալիք ընտրությունների ազատ և արդար լինելու ապահովումը վճռորոշ կլինի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և Եվրոպական միության հետ հետագա հարաբերությունների առումով: Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին դեպի ժողովրդավարություն իր ճանապարհի ընթացքում՝ ԵՄ-Հայաստան ապագա համաձայնագրի ու Արևելյան գործընկերության ավելի ընդլայնված շրջանակներում:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter