HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարը Սերժ Սարգսյանին զեկուցել է առաջիկայում միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներգրավվածության ուղղությամբ աշխատանքների մասին

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Հանրապետության նախագահին զեկուցել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության ուղղությամբ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջիկա անելիքներն ու ձեռքբերումները, այդ թվում՝ օրերս Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթնաժողովում կայացված որոշման համաձայն Հայաստանի կողմից միջազգային հեղինակավոր այդ կազմակերպության նախագահության ստանձնումը, ինչպես նաև գագաթնաժողովի եզրափակիչ բանաձևում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցության ամրագրումը: 

Գագաթնաժողովն ամենաբարձր մակարդակով նախապատրաստելու և անցկացնելու ուղղությամբ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել Արտաքին գործերի նախարարին՝ ընդգծելով, որ միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը շատ կարևոր է մեր երկրի արտաքին հարաբերություններն արդյունավետ կառուցելու համար:

Նախարար Նալբանդյանը զեկուցել է նաև առաջիկայում Հայաստանի մասնակցությամբ միջազգային կազմակերպություններում տեղի ունենալիք մի շարք հանդիպումներում՝ Վիեննայում միջուկային անվտանգությանը նվիրված արտգործնախարարների հավաքում, ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱԳ նախարարական «Հաստատակամ աջակցություն» առաքելությունում, Փարիզում կայանալիք «Բաց կառավարման գործընկերության» գագաթնաժողովում, Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարական հանդիպմանը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին:

Հանրապետության նախագահը նախարարի ուշադրությունն է հրավիրել Փարիզում նախատեսված ՀՀ դեսպանների ավանդական հանդիպմանը դիվանագետներին տրվելիք հանձնարարականների վրա՝ ուղղված հատկապես տնտեսության բնագավառում հետևողական և ակտիվ աշխատանքին՝ նկատի առնելով կառավարության նոր ծրագիրը և մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումները: Սերժ Սարգսյանը հանձնարարել է Էդվարդ Նալբանդյանին հաջորդ դեսպանահավաքն անցկացնել Հայաստանում՝ ՀՀ բոլոր դեսպանների մասնակցությամբ: Սերժ Սարգսյանն իր մոտեցումներն է ներկայացրել տնտեսական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ աշխատանքի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter