HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Մենք օրիգինալ դեղեր չունենք»

Որոշ դեղատներում վաճառում են ժամկետանց դեղեր, և յուրաքանչյուր դեղատուն ունի այդ հարցը լուծելու իր տարբերակը՝ թաքցնելով ժամկետանց լինելու փաստը: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հադիպման ժամանակ, ասաց Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը:

Ըստ նրա՝ չի վերահսկվում դեղերի գովազդային շուկան, որը ապակողմնորոշում է սպառողներին: Դեղերի շուկայում գներն անվերահսկելի են և չեն կարգավորվում: Կ. Ավագյանը նշեց, որ կան ջեներիկ դեղեր, որոնք պակաս արդյունավետ չեն, քան բրենդային դեղերը, սակայն բուժաշխատողները հիմնականում չեն կիրառում ջեներիկ դեղերը, որոնք շատ ավելի մատչելի են:

Բացի դրանից՝ դեղատներում հաճախ աշխատում են ոչ մասնագետներ: Իսկ դա մեծ խնդիր է, որովհետև, Կ. Ավագյանի խոսքերով, «մեր հասարակությունը սովոր է ինքաբուժման», խորհրդատվություն է անցնում դեղատան ոչ մասնագետ աշխատողի մոտ:

Կարեն Ավագյանը նաև նշեց, որ բացի հայրենական արտադրության դեղերից՝ մյուս դեղերի տուփերից բացակայում է հայոց լեզվով մակնշումը: Ասուլիսի մյուս բանախոսը՝ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը, հավելեց, որ ծրագրվում է մինչև 2013թ. դեղերի ներդիր թերթիկները դարձնել հայերեն:

Անդրադառնալով Հայաստանում դեղերի անվտանգությանը՝ աշխատակազմի ղեկավարն ասաց, որ սահամանի վրա կատարվում է բոլոր տեսակի դեղերի վերահսկողություն, և կեղծ դեղերը տարածված չեն: Նրա նշեց, որ «Դեղերի պատշաճ արտադրության կանոնները» վերջանական ուժի մեջ կմտնի 2013 հունվարից, և կկանոնակարգվեն արտադրության հետ կապված խնդիրները:

Բացի սրանից՝ կառավարության աշխատակազմի հետ համատեղ հաստատվել է ծրագիրը, ըստ որի՝ պետք է մեծացվի տեսչական վերահսկողությունը դեղատներում, ինչի համար ստեղծվելու է հատուկ բաժին: Մինչև տարեվերջ կառավարությանը կներկայացվի նաև «Դեղերի և կենսակատիվ հավելումների մասին» օրենքը:

«Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ղեկավար Հակոբ Թոփչյանը նշեց, որ այսօր Հայաստանում կա 14 դեղարտադրող, գրանցված 4500 դեղատեսակ, որոնցից մոտ 500-ը՝ հայրենական արտադրության: Նրա խոսքերով՝ «մեր դեղերը ջեներիկ են, կրկնօրինակում են օրիգինալ դեղերին, և մենք օրիգինալ դեղեր չունենք»: Միակ օրիգինալ դեղը, նրա խոսքերով, «Արմենիկումն» է:

Հ. Թոփչյանը նաև նշեց, որ վերջին տարվա ընթացքում կեղծ դեղեր չեն հայտնաբերվել: 2001-ից մինչև 2011թ. հայտնաբերվել է ներմուծված 43 կեղծ դեղ եւ կենսաակտիվ սննդային հավելումներ: «Մենք այնքանով ենք պաշտպանված, որ չունենք ինտերնետային դեղատուն»,- ասաց Հ. Թոփչյանը:

Ըստ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ղեկավարի՝ վերահսկվում են թե դեղի հումքը, թե վերջնական արտադրությունը: Հիմնական հումքը ներկրվում է Չինաստանից, Հնդկաստանից: Կա նաև եվրոպական հումք, սակայն այն շատ թանկ է, և դրա ներկրման դեպքում հնարավոր չէ ապահովել մատչելի գներ: Սակայն Հ. Թոփչյանի խոսքերով՝ ներկրվող էժան հումքը անորակ չէ, Հայաստանում առկա դեղերը որակազրկված չեն:

Ս. Քրմոյանը հավելեց, որ ավելի քան մեկ տարվա ընթացքում դեղատնային գործունեությունը դադարեցնելու 34 հայց է ներկայացվել դատարան: Այս տարվա ընթացքում 17 սուբյեկտ տուգանվել է դեղատնային կանոնները խախտելու, 11-ը՝ չգրանցված դեղերի շրջանառության, 2-ը՝ ժամկետանց դեղեր պահպանելու պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter