Ահմեթ Բալքըշ․ «Գոյություն չունի թուրքական ազգ, կան Թուրքիայի ազգեր»
Թուրքիայում 2015թ. ամռանից նոր թափ ստացած ներքաղաքական զարգացումներն ու բախումները թեև աստիճանաբար մեկուսացնում են երկիրը արտաքին աշխարհից և ավելի հաճախ են այն բնութագրում որպես բռնապետական ռեժիմ, բայց դրա բացասական ազդեցությունը առաջին հերթին կրում է ոչ այնքան իշխանությունը, որքան այս երկրի հանրությունը: Քաղաքացիների առաջ փակվում են Արևմուտք տանող ճանապարհները, երկրից հեռանում են օտար ներդրողները, գործազրկության մասշտաբները մեծանում են, նույնիսկ երկրի ներսում մարդիկ զրկվում են ազատ տեղաշարժվելու իրավունքից:
Պատմությունը ցույց է տալիս, միշտ այսպիսի իրավիճակների եզրահանգումը ժողովրդական ընդվզումն է լինում՝ արտահայտված արյունահեղությամբ: Ի՞նչ կլինի Թուրքիայում, պայքարի ինչպիսի՞ միջոցներ կընտրի այդ երկրի հանրությունը: Թեմայի վերաբերյալ իր կարծիքն է հայտնում Թուրքիայի քաղաքացիական հասարակության ամենաակտիվ գործիչներից մեկը՝ երկրի մի քանի տասնյակ ՀԿ-ներ ներառող կառույցի՝ Դերսիմի ասոցիացիաների դաշնության գլխավոր տնօրեն, ազգությամբ քուրդ Ահմեթ Բալքըշը:
-Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական գլոբալ փոփոխությունները տարբեր կերպ են ընկալվում թուրքական հասարակության կողմից: Դուք, որպես հանրության հետ առավել սերտ աշխատող գործիչ, ի՞նչ անվանում կարող եք տալ դրան:
-Թուրքական հանրությունն, իրոք, շատ դժվար ժամանակաշրջան է ապրում: 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո արտակարգ իրավիճակ է ամբողջ երկրում: Մի քանի ամիս է, այդ վիճակից չենք կարողանում ազատվել: Չնայած խորհրդարան առաջին անգամ անցել է մի քաղաքական ուժ, որը ժողովրդի վստահությունն է վայելում, բայց իշխանությունը ամեն ինչ անում է՝ թույլ չտալու ԺԴԿ (HDP) կուսակցության առաջխաղացում և դիրքերի բարելավում: Անիմաստ մեղադրանքներով ձերբակալվում են կուսակցության անդամ քաղաքապետեր, խորհրդարանի պատգամավորներ: Հասարակությունը չի կարողանում հասկանալ, թե ինչու է ուժային կառույցներին՝ հատկապես ոստիկանությանն ու դատախազությանը տրվել բացարձակ ազատություն, նույնիսկ անարխիայի հասնող, և դրա պատճառով փակվում են հաստատություններ, ձերբակալվում քաղաքացիներ: Թուրքիայում փակվել են գրեթե բոլոր ընդդիմադիր ԶԼՄ-ները:
Իշխանությունն այս մեթոդները գործի է դրել՝ լռեցնելու հասարակության ակտիվ զանգվածին, որպեսզի կարողանա առանց ավելորդ խնդիրների երկրում հաստատել նախագահական կառավարման համակարգ:
-Ձեր կարծիքով, թուրքական քաղաքացիական հասարակությունը ունի՞ պայքարի հնարավորություն և գործիչներ:
-Թուրքիայում այսօր քաղաքացիական հասարակության ձեռքից խլվում են բոլոր ազատությունները: Բայց մենք գիտենք, որ ժողովրդի իշխանությունն, ի վերջո, ամենաուժեղն է: Ժամանակակից Թուրքիան բաղկացած է բազմաթիվ ազգերից և ազգություններից: Մի կողմ թողնելով բոլոր տարաձայնությունները՝ մենք պետք է կարողանանք միավորվել մեկ ընդհանուր գաղափարի ներքո և պայքարել ընդհանուր շահերի համար: Նախևառաջ, պետք է Թուրքիայում փաստ դառնա մեկ ճշմարտություն՝ ոչ թե կա թուրքական ազգ, այլ Թուրքիայի ազգեր: Սա իրողություն է, որի հետ պետք է հաշտվի այս երկրի իշխանությունը, մինչդեռ մենք դեռևս ականատես ենք լինում բռնաճնշումների խորացման:
-Վերջերս Թուրքիայում ընդունված և նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից հաստատված օրենքով խորհրդարանի պատգամավորները զրկվեցին անձեռնմխելիությունից: Ավելի ուշ եղան HDP կուսակցության պատգամավորների ձերբակալություններ: Ո՞րն էր այդ քայլերի իրական նպատակը:
-Ձեր նշած օրենքը գրվել էր հենց այն նպատակով, որ ձերբակալվեն քուրդ պատգամավորները: Նախևառաջ իշխանության կողմից խնդիր էր դրված բանտ նստեցնել HDP առաջնորդներ Սելահաթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին, ընդհանուր առմամբ 10 պատգամավորներ փաստացի պատանդ դարձան իշխանության ձեռքին: Նրանց համար ձայն էր տվել 6մլն մարդ, բայց նրանք կալանավորվեցին ոչ այդ 6մլն մարդու կամքով:
Իշխանությունը բացի քաղաքացիական հասարակության քայլերից, վախենում է նաև քուրդ բնակչության ազատության ձգտումներից: Թուրքիայի արևելյան շրջաններում հիմնականում քրդեր են ապրում, շատ կան նաև հայեր և զազաներ: Դա անհանգստացնում է իշխանությանը, քանի որ նրանք կարող են ազատության, ինքնորոշման ձգտումներ ունենալ:
Ազգերին մշտապես ճնշելու համար հաճախ ուժային կառույցների ձեռքով իշխանությունը հաշվեհարդար է տեսնում ակտիվ զանգվածի հետ: Հավանաբար գիտեք, մեկ տարի է, պարբերաբար պարեկային ժամ է հայտարարվում Թուրքիայի արևելյան տարբեր բնակավայրերում, սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորությունը:
Աշխարհում ընդունված է ջանք չխնայել ժողովրդավարության հաստատման համար, որ պետության բոլոր ծրագրերի և գործողությունների հասցեատերը պետք է ժողովուրդը լինի: Ցավոք, Թուրքիային դա չի վերաբերում: Այստեղ ժողովուրդը միայն բռնաճնշումների հասցեատերն է:
-Իշխանության գալուց հետո երբեմնի վարչապետ, այսօր նախագահ Ռեջեփ Էրդողանը աստիճանաբար հարաբերությունները փչացրեց բոլոր հարևանների հետ (Իրաք, Սիրիա, Հունաստան): Իրանի հետ լարվածությունը խորանում է օր օրի, Հայաստանի հետ թշնամական են հարաբերությունները, Ռուսաստանի հետ թեև կա համագործակցություն, բայց դա ևս մազից է կախված: Ի՞նչ ապագա եք տեսնում Թուրքիայի արտաքին քաղաքականության համար:
-Թուրքիան վերածվել է մի երկրի, որի ներքին լարվածությունը զգացվում է նրա սահմաններից շատ-շատ հեռու: Եթե Ռեջեփ Էրդողանը նորից գնա Դավոս, էլի կլինի Իսրայելի իշխանության հետ բախման հավանականություն: Եթե ռուսական օդանավը նորից պատահմամբ խախտի Թուրքիայի օդային տարածքը, էլի Թուրքիան կօգտվի առիթից ու կոչնչացնի այն: Գրեթե բացակայում են հարաբերությունները Եվրոպայի հետ, որի պատճառով օրեցօր անկում է ապրում երկրի տնտեսությունը:
Այս բացասական միտումը կանգնեցնելու և երկիրը կայուն ռելսերի վրա բերելու համար անհրաժեշտ է կատարել մի քանի քայլ. վերականգնել սահմանադրական կարգը, ապահովել քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, կանանց իրավունքների, բնապահպանական կազմակերպությունների, էթնիկ խմբերի իրավունքների պաշտպանությունը:
Քանի դեռ Թուրքիայում իշխում է ատելությունն ու բռնատիրությունը, այս երկիրը ապագա ունենալ չի կարող:
Հարցազրույցը՝ Նաիրի Հոխիկյանի
Մեկնաբանել