HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Լրատվամիջոցների խմբագիրները չեն հիշում դեպք, որ պատգամավորը ծեծեր լրագրողին

Այսօր կայացած ասուլիսին «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, անդրադառնալով դեկտեմբերի 7-ին hraparak.am կայքի լրագրող Վահե Մակարյանի և պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպին, ասաց, որ իր երեսնամյա լրագրողական գործունեության ընթացքում այսպիսի դեպք չի արձանագրել: Խմբագրի ձևակերպմամբ՝ «շմայսների», «թոխմախների» արարքները, այս դեպքի համեմատությամբ «հաճոյախոսություններ են», անգամ զուգահեռներ հնարավոր չէ անցկացնել։

Խմբագիրն ասաց, որ կարելի է լրագրողի հնչեցրած հարցը հավանել կամ չհավանել, դրա մասին լավ կամ վատ կարծիք հայտնել, սակայն այնքան զայրանալ, որ անցնել ձեռնամարտի՝ անհնար է։

Օհանյանի գնահատմամբ՝ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը ծրագրված, «խորամանկորեն, նենգամտորեն» լրագրողին տարել է այնպիսի մի տեղ, որտեղ չկան տեսախցիկներ, և իր գործողությունները չեն տեսագրվի։

«Այն ուժգնությամբ է խփել լրագրողի դեմքին, որ նա ընկել է գետնին։ Հետո սկսել է լրագրողին սեռական հայհոյանքներ տալ այն դեպքում, երբ մինչև վերջին պահը Վահե Մակարյանը նրան դիմել է «պարոն Հակոբյան» բառով։ Ես ուղղակի ապշած եմ, բառեր չունեմ»,- պատմեց օրաթերթի խմբագիրը։

Նման դեպքերից Օհանյանը հետեւյալ եզրակացությունն է անում՝ պատգամավորները ցանկանում են այնպես անել, որ դաշտում մնան իրենց համար հաճելի, դուրեկան հարցեր տվող, միայն իրենց քիմքին հաճո լրագրողները։

«Սա լրագրողներին վախեցնելու, նրանց զսպելու մի աննախադեպ փորձ է»,- հավելում է նա։

Newsbook.am կայքի գլխավոր խմբագիր Գոհար Վեզիրյանը ցավով շեշտեց, որ տեղի ունեցածին լրագրողական համայնքի արձագանքը շատ չեզոք, վախվորած, անձնական և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված լռության քող ստեղծեց, մինչդեռ, նրա դիտարկմամբ, եթե դա «շմայսները», «թոխմախները», «լիսկաները» արած լինեին, արձագանքը բոլորովին այլ էր լինելու։

«Կարծում եմ՝ մեր համայնքի խնդիրն էլ է, որովհետև մենք պարբերաբար նման դեպքերի առաջ ենք կանգնել և պարբերաբար չդատապարտելով, գործողությունների չգնալով, մեր սուբյեկտիվ, անձնական բաները մի կողմ չդնելով՝ հասցրեցինք այն վիճակի, որ այսօր արդեն մտավորականի քողի ներքո գործող պատգամավորն իրեն թույլ է տալիս նմանատիպ քայլ անել, հետո էլ նույն լրատվամիջոցների էջերով տարածել իր գոհունակության խոսքերը և ներկայանալ, որ նա էնպիսի տղամարդ է, որ բոլորի փոխարեն կարողացել է պատժել լրագրողին»,- ասաց նա։

Վեզիրյանը որպես գործընկեր իր աջակցությունը հայտնեց Վահե Մակարյանին և «Հրապարակ» օրաթերթին և նշեց, որ եթե լրագրողի փոխարեն նա լիներ, միջադեպը միգուցե կկարգավորեր իրավական ճանապարհով։

Իրավապաշտպան, «Լրագրողները հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը ևս պնդեց, որ լավ կլիներ լրագրողական կայքերի և համայնքի կողմից միասնական հայտարարություն արվեր։ Իրավապաշտպանի գնահատմամբ՝ այդ հայտարարությունը շատ «զորեղ» կհնչեր, քանի որ Սարի թաղի դեպքերը «ցույց տվեցին», որ միայն ընդդիմադիր թերթերի լրագրողները չեն, որ «ընկնում են» այդ հարվածի տակ։

Այս դեպքին անդրադառնալիս Ալեքսանյանը ևս հիշեց պատգամավորներ Մհեր Սեդրակյանին և Առաքել Մովսիսյանին՝ ասելով, որ երբ նրանք լրագրողներին սպառնում և հայհոյում էին, ակնհայտ էր, որ հետագայում պետք է ձեռնամարտ լիներ։ Իրավապշտպանի խոսքով՝ պատգամավորները այդ ազատությունը, իրենց արտոնյալ կարգավիճակը պետք է արտահայտեին, և այս պարագայում Ռուբիկ Հակոբյանը որոշեց միանգամից «դաստիարակել» լրագրողին։

ՀԿ նախագահը ևս ընդգծեց, որ նման դեպքերը ցույց են տալիս, որ պաշտոնյաները որոշել են լրագրողների համար իրենց զսպման մեթոդները ստեղծել, ու եթե լրագրողն իրենց հետ առնչվող երևույթի մասին ինչ-որ խոսք է ասում, նրանք փորձում են վրեժխնդրությամբ և հաշվեհարդարով պատասխանել դրան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter