HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործարար․ «Ֆակտուրան գործելու դեպքում կբացահայտվի օլիգարխների ստվերային շրջանառությունը»

Սպտեմբերի 4-ին Ազգային ժողովը «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածը վերանայել և 2017թ.-ի համար  սահմանել է  ոգելից խմիչքների և ծխախոտի  տուրքերի նոր դրույքաչափեր: Դրանք սահմանելիս օրենսդիրը հաշվի է առել ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքով զբաղվող տնտեսավարողների  առևտրի զբաղեցրած տարածքները՝ արտահայտված քառակուսի մետրերով:

Ալավերդիում առ այսօր մեծ սուպերմարկետները փոքր ու միջին խանութների հետ ոգելից խմիչքների նույն՝ 12 հազար դրամ, իսկ  ծխախոտի վաճառքի 10 հազար դրամ տուրքեր  են վճարում համայնքի բյուջեին: Սա մշտապես առաջացրել է  փոքր խանութների տերերի դժգոհությունը:

Ալավերդցի գործարարների ասելով` դա էլ «Տեղական տուրքերի ու վճարների» մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը վերանայելիս և ծխախոտի ու ոգելից խմիչքների նոր դրույքաչափեր սահմանելիս շահարկվել է խորհրդարանական մեծամասնության կողմից՝ի վնաս փոքր ու միջին խանութների տերերի:

Համայնքի ավագանին  նոյեմբերի 30-ին առաջնորդվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի  փոփոխություններով` իր 75-Ն որոշմամբ հաստատել է քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի առաջարկությունները  և սահմանել է համայնքի  տարածքում ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի տուրքերի 2017թ.-ի միասնական նոր  դրույքաչափեր: (Տես աղյուս.)

ծխախոտի առևտրի կազմակերպման տուրքերի   

                          դրույքաչափեր                         

Տարածքի մակերես

ք.մ.- ով

օրենքով սահմանված տուրքի դրույքաչափ(դրամ)

ավագանու որոշմամբ սահմանված տուրքի միասնական դրույքաչափ(դրամ)

մինչև 26ք.մ.

   մինչև   10.000

     10.000

 26ք.մ-50ք.մ.    

     մինչև   13.000

     10.000

51ք.մ.-100ք.մ.

   մինչև    20.000

     16.000

101ք.մ.-200ք.մ.

    մինչև    25.000

    18.000

201ք.մ.-500ք.մ

    մինչև    45.000

    25.000

501ք.մ. և ավելի

    մինչև   100.000

    60.000

ոգելից  խմիչքների առևտրի կազմակերպման

                             տուրքերի դրույքաչափեր     

Տարածքի մակերես

ք.մ.- ով

օրենքով սահմանված տուրքի դրույքաչափ(դրամ)

ավագանու որոշմամբ սահմանված տուրքի միասնական դրույքաչափ (դրամ)

մինչև 26ք.մ.

     մինչև   10.000

        10.000

26ք.մ-50ք.մ.    

     մինչև   13.000

        12.000

51ք.մ.-100ք.մ.

      մինչև   20.000

        16.000

101ք.մ.-200ք.մ.

      մինչև   25.000

        20.000

201ք.մ.-500ք.մ

      մինչև   45.000

        30.000

501ք.մ. և ավելի

     մինչև   100.000

        70.000


Ավագանուն ներկայացրած իր առաջարկությամբ Կ.Փարեմուզյանը որևէ լումա չի նվազեցրել մինչև 26քմ մակերեսի վրա առևտրով զբաղվողների ոգելից խմիչքի և ծխախոտի տուրքերի դրույքաչափից: Այն մնացել է 10 հազար դրամ:Դրա փոխարեն 500ք.մ. և ավելի առևտրական  մակերեսի վրա ոգելից խմիչք և ծխախոտ  վաճառող խոշոր տնտեսավարողների համար օրենսդրի կողմից առաջարկվող մինչև  100 հազար դրամ տուրքից Կարեն Փարեմուզյանը 2017թ.-ի եռամսյակի համար  սահմանել է ծխախոտի 60 հազար, ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության 70 հազար դրամ տուրքեր: 201ք.մ.-ից 500ք.մ. մակերեսի վրա առևտուր կատարող սուբյեկտների համար ծխախոտի առաջարկվող մինչև 45 դրամ դրույքաչափից սահմանել է 25 000 դրամ, իսկ ոգելից խմիչքի վաճառքի համար 30 հազար դրամ տուրքեր:

Ալավերդու  գործարարները վրդովմունքով են ընդունել ինչպես «Տեղական տուրքերի ու վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածի փոփոխություները, այնպես էլ  դրանցից բխող ավագանու նոյեմբերի 30-ի 75-Ն որոշմամբ ընդունված Ալավերդու տնտեսավարողների տուրքերի միասնական դրույքաչափերը:

Գործարարները մեզ հետ զրույցում մեղադրեցին նաև 75-Ն որոշումը  միաձայն քվեարկող ավագանու անդամներին՝ առանց իրենց կարծիքը լսելու քաղաքապետի առաջարկը միաձայն քվեարկելու համար: Ավագանու անդամներ Արտուշ Աբելյանը և Աշոտ  Առաքելյանը 75-Ն որոշման իրենց քվեարկության հետ կապված «Հետքին» բացատրեցին, որ  քաղաքապետի առաջարկությանը կողմ են քվերակել հաշվի առնելով քաղաքի փոքր, միջին և խոշոր տնտեսավարողների ոգելից խմիչքների ու ծխախոտի տուրքերի վճարման անհավասար պայմանները:  

«Որպես բիզնեսմեն ես տրամաբանում եմ՝ ենթադրենք իմ 100ք.մ. տարածքի 1մ լայնությամբ և 2 մ բարձրությամբ մի պահարանում վաճառում եմ ծխախոտ, մի 2 մետրի վրա էլ 50 շիշ ոգելից և ալկոհոլային խմիչք: Բայց ես իմ առևտրի 100 մետր տարածքում վաճառում եմ նաև տնտեսական ապրանքներ, կահույք,բաջարեղեն, միս: Մի՞թե  արդարացի է իմ առևտրի ամբողջ մակերեսը հիմք ընդունել ոգելից  խմիչքի կամ ծխախոտի տուրք սահմանելու համար»,- ասում է  «Մանվել Ռամազյան» ԱՁ  խանութի սեփականատերը:

Վերջինիս խոսքով  տվյալ դեպքում Ալավերդու տեղական ինքակառավարման մարմինը քաղաքի տնտեսավարող սուբյեկտից առևտրի շրջանառության հարկ չի ուզում, նա ընդամենը տուրք է ուզում ծխախոտի և ալկոհոլային խմիչքի վաճառքի կազմակերպման համար: Մինչև 26 քմ տարածքում առևտրով զբաղվող «Սիլվա Փարեմուզյան» ԱՁ մթերային խանութի վաճառող Էդիկ Օհանյանը մասնագիտությամբ տնտեսագետ է. «Ավագանու որոշումով 2017թ.-ի հունվարից եռամսյակում  պետք է վճարենք 10 հազար դրամ ոգելից  խմիչքների և 10 հազար դրամ ծխախոտի վաճառքի տուրքեր:Մի քանի  տարի առաջ վճարում էինք 7 հազար դրամ տուրք:   2014թ-ից քաղաքապետարանը տուրքերը կտրուկ բարձրացրեց՝ ոգելից խմիչքների համար սահմանեց 12 հազար դրամ, ծխախոտի համար 10 հազար դրամ տուրքԷդիկ Օհանյանի ասելով ոգելից խմիչքների և ծխախոտի տուրքերն ու վճարները սահմանելուց առաջ Հայաստանի առևտրում ամեն ինչ  պետք է կատարվի ապրանք ֆակտուրայով, որպեսզի խանութի տերը քաղաքապետարանին ներկայացնի, թե ահա խնդրեմ, ինքը ֆակտուրայով այսքան ապրանք է ստացել, և պատրաստ է վճարել իր ստացած ոգելից խմիչքի ու ծխախոտի քանակին համարժեք տուրքեր:

«Ճիշտը  սա կլիներ: Որ Հայաստանում ֆակտուրան կեղծ է, ու չի գործում՝ գործելու դեպքում էլ կբացահայտի  օիգարխների ստվերային  շրջանառությունը, տուրքերի և վճարների մասին օրենք սահմանողները դա գիտեն: Դրա համար չեն կարողանում կողմնորոշվել օրինական տուրքեր և վճարներ սահմանելու գործում»,- բացատրում է Է. Օհանյանը: Գործարար Սեյրան Ռամազյանը իր 100ք.մ.առևտրի տարածքում  լավաշ է արտադրում, վաճառում է նաև հացկաթնամթերք, կոնֆետներ և մի փոքր տարածքի վրա ոգելից ու ալկոհոլային խմիչք և ծխախոտ։

«Ինչ անենք,  փակենք մեր գործը: Շուրջ 7 աշխատողների թողնենք անաշխատանք, ինչու է պետությունը մեզ ստիպում գնալ դրան: Ինչ է նշանակում  մեկ մետրի վրա վաճառվող ծխախոտի և մի քանի մետրի վրա  վաճառվող ոգելից խմիչքի  վաճառքի թույլտվության  տուրք սահմանելու համար հաշվարկել լավաշ թխելու, կոնֆետ ու  երշիկեղեն վաճառելու իմ ամբողջ տարածքը»,- ասում է  Ս. Ռամազյանը:

Ալավերդիում  մթերային  խանութների պակաս չկա, սակայն բացառությամբ մի քանի սուպերմարկետների,մանր ու միջին խանութները աշխատում են հսկա պարտքացուցակներով: Սոցիալական ծանր վիճակում հայտնված բնակիչները իրենց  ընտանիքների գոյությունը պահում են այդ խանութներից վերցրած ապառիկ սննդամթերքի հաշվին։

«Արդեն 1,5 մլն դրամի պարտք ունենք, որը չենք կարողանում պարտքատերերից հավաքել»,-ասում է մինչև 26 քմ տարածքում աշխատող փոքր խանութի տերերից Կ.Վ.-նՎերջինս պատմեց, որ օրերս զանգահարել է խանութի իր պարտքատերերից մեկին և հիշեցրել  մի քանի տարի առաջ վերցրած մթերքների 80 հազար դրամ պարտքի մասին: «Դեռ էդ պարտքի մասին չե՞ս  մոռացել»,- պատասխանել է պարտքատերը:

«Սոցիալապես անապահով բնակչության  գոյատևելու բեռը Ալավերդիում իրենց ուսերին տանում են  փոքր ու միջին խանութների տերերը»,- ասում է Մանվել Ռամազյանը, ով անթույլատրելի է համարում իրենց առևտրի տարածքների մակերեսով  տուրքեր և վճարներ սահմանելը: «Հիմա իմ փոքր խանութի ծախսերը հաշվեմ՝ 22 հազար տուրքեր, 30 հազար դրամ հարկ հարկայինին, ամիսը 35 հազար դրամ խանութի տարածքի վարձակալության վճար, 25 հազար դրամ էլեկտրաէներգիայի վարձ: Տեղական տուրքերի և վճարների  վերջին բարձրացումը անիմաստ էր: Լրիվ անիմաստ: Այսօր մարզերի ոչ մի խանութ հարկային նման պայմաններում  հնարավորություն չունի առաջարկվող հարկերը վճարելու»,- բացատրեց Կ.Վ.-ն:

«Սննդի 10,20 դրամներով փող աշխատող փոքր և միջին խանութների համար ալկոհոլային խմիչքների և ծխախոտի  առաջարկվող անգամ 10 հազար դրամ տուրքերը աղետ են»,- ասում է տնտեսագետ Էդիկ Օհանյանը: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ասելով, խորհրդարանում «Տեղական տուրքերի ու վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի վերանայման ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը իր հիմնավորումները ներկայացրել է Երևանի փոքր ու միջին  խանութների օրինակով: Բայց մենք գիտեինք, որ առաջարկվող դրույքաչափերը մարզերում, առավել ևս Ալավերդու նման քաղաքներում  իրենց չեն արդարացնելու: Այս  առումով ես կիսում եմ  նաև Ալավերդու գործարարների կարծիքը՝ ֆակտուրաներով ապրանքների քանակով տուրքեր սահմանելու հետ կապված: Սակայն այդ դեպքում, ճիշտ են նրանք, կբացահայտվի խոշոր մատակարարների ստվերային շրջանառությունը, որն էլ ձեռք չի տալիս խորհրդարանական մեծամասնության քվեարկողներին: Ես այդ մասին հայտնել եմ  հարցի քննարկման իմ ելույթում: Ցավոք իմ առաջարկությունները խորհրդարանում չեն անցել: Նայեք  քվեարկության արդյունքները և դուք կհասկանաք, թե ինչու»,- ասաց պատգամավոր Մ. Մելքումյանը: