HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Թող ընպես ընեն, որ էս երկրում գյուղացին կրնանա շունչ քաշե, ես էլի կդառնամ հող կմշակեմ»,-ասում է Կամո գյուղի բնակիչ Զարզանդ Գորգորյանը

Լուրը, թե Կամո գյուղից մեկ ամիս առաջ 3 ընտանիք, կողպելով տան դռները, մշտական բնակության է մեկնել Ռուսաստանի Դաշնություն, համայնքի ղեկավար Ռոբերտ Ղազարյանը լսեց զարմանքով ու անմիջապես էլ ժխտեց:

«Չկա նման բան, չգիտեմ' ձեզ ով է այդ մասին ասել, բայց սխալ տեղեկություն է տվել: Գյուղից արտագնա աշխատանքի մեկնողներ ունենք, ասենք' սեզոնին մի 80-100 մարդ գյուղից գնում է, բայց որ ընտանիքներով լքեն, էդպիսի բան չկա: Կամոն գաղթականների գյուղ է, հիմի՞ էլ գաղթեն»,- հարցին հարցով է պատասխանում համայնքապետ Ռոբերտ Ղազարյանը:

Ախուրյանի տարածաշրջանի նախկին Հաջինազար, ներկայիս Կամո գյուղի հիմնադրման տարեթիվ նշվում է 1772 թվականը: Սկզբնական շրջանում եղել է թուրքաբնակ: 1935 թ.-ից գյուղը վերաբնակեցվել է Կարսից, Տարոնից, մեծամասամբ Մուշից գաղթած հայերով: Բնակչության շրջանում գերիշխում է Մշո բարբառը: Գյուղացիները հիմնականում զբաղվում են դաշտավարությամբ ու անասնապահությամբ: 88-ի աղետից գյուղում ավերվել են պետական նշանակության շինությունները:

 «Հարեւան գյուղից էլ էին գալիս մեր մոտ, լավ դահլիճ ունեինք, բայց երկրաշարժին քանդվեց: Լավ դպրոցական շենք ենք ունեցել 320 աշակերտի համար, էդ էլ քանդվեց: Սոցներդրումների միջոցներով 2000 թ. գյուղում դպրոց սարքեցին 220 աշակերտի համար, բայց սպորտդահլիճ չունի, հանդիսությունների դահլիճ չունի, կաթսայատուն չկա, դասասենյակները փոքր են,-դժգոհում է համայնքապետը,- գյուղապետարանն էլ տեսաք' դոմիկի մեջ ենք: Պետական որեւէ ծրագրով շինարարություն Կամո գյուղում, որպես երկրաշարժից տուժած տարածք, չի իրականացվել»:

1570 բնակիչ ունեցող համայնքում ծնելիության աճ կա: 2009 թ. 22 ծնունդ է գրանցվել, 2010 թ.' 24: Համայնքապետի հավաստմամբ, եթե մանկապարտեզի շենք ունենային, մոտ 60 երեխա կկարողանար հաճախել: Խորհրդային տարիներին գյուղը 80 երեխայի համար մանկապարտեզի տիպային շենք է ունեցել, որն ավերվել է 1988-ին:

«Մենք էն եզակի համայնքներից ենք, որ ցանկություն եւ հնարավորություն ունենք մանկապարտեզ պահելու, սակայն համապատասխան շենք չունենք,-ասում է Ռոբերտ Ղազարյանը,-ճանապարհների հարցն է շատ անհանգստացնող: Հիմա նամակ եմ գրել մարզպետին ու պիտի դիմեմ Կառավարությանն էլ, որ գոնե գյուղ մտնող 3400 մետր ճանապարհը պետական որեւէ ծրագրում ընդգրկեն, ասֆալտապատեն»:

Կամոն ոչ հարուստ, ոչ էլ աղքատ գյուղ է: Մարդիկ աշխատասեր են, պարզապես հնարավորություններն են քիչ: Սարերում ունեցած սեփականաշնորհված հողերը մշակելու անհնարինությունից մարդիկ դրանք վերածել են արոտավայրերի: «110 հա-ից ավել սեփականաշնորհած անջրդի հող ունենք, 860 հա էլ ջրովի, եւս 53 հա վարձակալում ենք,- պարզաբանում է համայնքապետը,- Կառնուտի, Ջաջուռի, Սարիարի, Հացիկի համեմատ մենք տրտնջալու տեղ չունենք: Մեր մոտ, համեմատած մյուս համայնքների հետ, չմշակված հողատարածքներն էլ են քիչ»,- վստահեցնում է Կամո գյուղի համայնքապետը:

Խորհրդային տարիներին այս համայնքում հեկտարներով ճակնդեղ են մշակել: Ախուրյանի Շաքարի գործարանի կառուցումը կամոցիներին ուրախացրել է, բայց մեկ է' մշակման մտքից հրաժարվել են. պատճառը մթերման համար առաջարկված ցածր գներն են եղել: Այս տարի նախկին 26 դրամի փոխարեն գործարանը գյուղացիներին առաջարկել է ճակնդեղը մթերել 1կգ-ը 40 դրամով, բայց կամոցիներն այս տարի էլ այն չեն մշակի: «Դե որովհետեւ ուշ ասեցին գնային փոփոխության մասին, մեկ ամիս առաջ են ասել,- տեղեկացնում է գյուղապետը,- պիտի աշնանը ասեին, որ մարդիկ հողը ցրտահերկ անեին, պատրաստեին, որոշակի տարածք առանձնացնեին: Դրա համար էս տարի էլ մեր գյուղից ճակնդեղ մշակող չի լինի: Այ, եթե էս նույն գինը պահպանվի մինչեւ աշուն, արդեն 2012-ին մենք էլ ճակնդեղ կմշակենք»:

Կամոյում եւս վարկառուներ կան: Գյուղացիներն ասում են, որ առանց վարկերի հնարավոր չէ գյուղատնտեսական աշխատանքներ ձեռնարկել: Սակայն բարձր տոկոսադրույքներն ու կարճ ժամկետները գյուղացուն փակուղու առաջ են կանգնեցնում, որից ելք որոնելիս հայտնվում են իրենց իսկ ստեղծած «սարդոստայնում»: Մեկ բանկից գումար վերցնել մյուս բանկի պարտքը փակելու համար կարուսելային տարբերակին այս գյուղում էլ են ծանոթ:

 «Ես որ վարկ կվերցնեի, ըսոնք վարկ բառն էլ չիդեին,- մատնացույց անելով հարեւաններին' ասում է Անուշ Հարությունյանը,-12 տարվա վարկառու եմ, հենց հմի էլ երկու բանկից վարկ ունիմ վերցրած, պարտաճանաչ կփակվիմ, բայց օգուտը չեմ տեսնի: Ինչխոր սաղ տարին էդ բանկերի համար աշխատինք: Մե քանիմ օր առաջ «Արեգակից» էին եկել գյուղ, ըսին' արդեն 20 տոկոսով պիտի վարկը տանք, տոկոսներն իջեցրել ենք, բայց որ դուզը խոսանք, 20-ն էլ է շատ, գյուղացուն գոնե պիտի 6-7 տոկոսով տան, օր մարդիկ բան հասկնան»:

52-ամյա Անուշ Հարությունյանն ասում է, որ ընտանիքով աշխատում են, բայց էլի եկամուտ չունեն: Ամուսինը' Հարությունը, թեպետ բողոքում է առողջությունից, բայց քանի որ վարկային կարզմակերպություններին վճարելիք տոկոսային գումարները չեն հասցնում տալ, որոշել է կրկին հովվությամբ զբաղվել' գյուղի ոչխարի հոտն է արոտ տանում:

«Վախտին մենակ մենք 200 գլուխ ոչխար ունեինք, ըդիկ մե 10 տարի առաջ էր, Ղուկասյանի ամառանոցները կպահեինք: Աղջկաս հետ 14 հատ կով կկթեինք, պանիր կսարքեինք, կուտայինք խանութներին, լավ էլ կապրեինք: Հմի տղես էլ կաշխատի, նվագող է, ամսվա մեջ 10-15 հատ հարսնիք կնվագե, մենք էլի կաթ ու մածուն կծախենք, բայց ավելի լավ չենք ապրի,- դժգոհում է տիկին Անուշը,- ամեն ինչ թանգըցրին, կյանքը թանգըցրին, հմի ես հիվանդ եմ, կվախենամ, օր բժշկի էրթամ: Մե բանմ կստուգեն, 1000 դոլար փարա կառնին»:

«Կյանքը թանկացել է» ասելով' տիկին Անուշը նկատի ունի այն ամենը, ինչ կապ ունի վար ու ցանքի հետ' սերմ, պարարտանյութ, թունաքիմիկատ, ջրի վարձ եւ այլն: Կարտոֆիլի սերմ պիտի առնի, 1կգ-ը 250-300 դրամ է, 1000 մետր հող ունի, որ կարտոֆիլի մշակման համար է նախատեսել: 15-ից 20 պարկ 150 հազար դրամի սահմաններում պարարտանյութ է առնելու: Վառելանյութն էլ պիտի ինքը գնի, որ տեխնիկան բերի հողը վարի: Այս տարի գազար ու բազուկ է մշակելու, դրանք էլ առանձին ծախս են, բավական մեծ բանջարանոց ունի, դա էլ պիտի մշակի:

«Գարունը կբացվի, գյուղացու ձեռքին փող չի մնա, ուզե-չուզե' բդի դիմե բանկերին: Հմի կըսեն, թե պետությունը 14 տոկոսով վարկ գուզե տա: Տեսնինք' բանմ օգուտ բդի էղնի՞ գյուղացուն, թե՞ չէ: Էսօրվա օրը մենք, փաստորեն, կաշխատինք բանկերի համար, բայց ըդոնք էլ չեղնին, հեչ բան չենք կրնա էնե ախր: Չիդես' որ դռնով դուրս գաս, օր լավ էղնի»,-ծիծաղում է տիկին Անուշը:

 Գորգորյան Զարզանդը Կամո գյուղի ամենալավատես բնակիչն է: 5 զավակ ունի, մեկ թոռ: Ընտանիքը կերակրելու համար տարիներ շարունակ արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան եւ Ուկրաինա: 55-ամյա Զարզանդը երեք տարի է' «խոպանի» էստաֆետը հանձնել է կրտսեր տղային, սակայն չի համարում, որ իր ընտանիքի առաջընթացի համար այդ ուղին է ճիշտ: «Ես խոպան գնացել եմ մենակ էն բանի համար, որ աշխատիմ, գամ հողի պարտք փակեմ: Գուզեմ ըսեմ, օր էդ խոպանն էլ մե բանմ չէ: Գյուղացուն բդի իրա տան, դռան վրա աշխատանք էղնի: Էդ դսի փողն ինչխոր գուքա, ըդպես էլ կերթա»,- տրամաբանում է Զարզանդը:

Ունեցած 2 հա հողը Զարզանդն արդեն 5 տարի է' չի ցանում: Ասում է, որ ժամանակին արտագնա աշխատանքով վաստակածը ներդնում էր հողի ու անասնապահության մեջ: Տան իրերից էր շատ ժամանակ ինչ-որ բան վաճառում, որ վերջին կոպեկներով պարարտանյութ գնի կամ անասունի համար կեր: Բանկերին երբեք չի դիմել, պատճառաբանում է, որ ավելի լավ է սոված քնի, քան' խիղճն անհանգիստ:

«Իմ հաշվարկով' մենակ մեկ հա ցորեն մշակելը վրես 1000 դոլար փող կնստեր: Այ ըդուր համար որոշեցի անասունն էլ վերացնել, հողն էլ չմշակել: Գեղ կապրիմ, բայց լրիվ քաղքցի եմ: Ինչ ֆինանս էլ որ ձեռս հմի կընգնի, տանս վրա կծախսեմ: Թող ընպես ընեն, որ էս երկրում գյուղացին կրնանա շունչ քաշե, ես էլի կդառնամ հող կմշակեմ, բայց քանի էս վիճակն է, ավելի լավ է ես մնամ քաղքցի»,- ասում է Զարզանդը:

«Ռուսաստանների համը տեսած» Զարզանդը արտագաղթի միտքը համարում է վատթարագույնը' գոնե իր համար: Մի տղան ընտանիքով Սոչիում է, սակայն, Զարզանդի պնդմամբ, ժամանակավոր: Անպայման վերադառնալու են:

«Ես ըստեղ սոված կմնամ ու չեմ թողնի, օր երեխեքս հանկարծ այլազգի մեջ գաղթական հանդես գան: Ես ազգասեր եմ, եթե հանկարծ երեխեքս էլ որոշեն մնալ, ես կխցկվիմ էդ հարցի մեջ ու կստիպեմ, օր վերադառնան: Հմի իմ փոքր տղես Սոչի է, բայց ես էն կարգով եմ վիզա հանել, կնոջս հետ ես տվել եմ էնքան ժամկետով դավեռնստ, օր ինքը ստիպված էղնի օգոստոսին հետ գալ, հոկտեմբերի 10-ին իրա ծնունդն էնեմ, օր աշնան պռիզիվ բանակ էրթա: Կարողա՞ գիտե ընձնից լավ տղա է,- ծիծաղում է Զարզանդը,- թող գնա ծառայե իրա հայրենիքին: Երկու տղես փառքով ծառայեցին եկան, թող երրորդն էլ ծառայե»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter