HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետական գյուղապետ Արթուր Հովհաննիսյանի հետընտրական հաշվեհարդարը Արևածագում

Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո Արևածագը բաժանված է թշնամական 2 բանակների: Գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը իր լիազորություններն ընդունելուց 2 օր հետո՝ նոյեմբերի 23 –ին համայնքային ծառայողներ, գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Սիլվա Բաղդասարյանից և հաշվապահ Ռուզաննա Հարությունյանից դիմում է պահանջել՝ աշխատանքից ազատվելու համար: «Ես ձեզ հետ չեմ աշխատելու: Դուք խոչընդոտել եք ընտրությունները, նրա կողմից եք եղել, դուք ձեր ընտանիքներով նրա կողմն եք եղել»,- ասել է Ա.Հովհաննիսյանը:

Ի, դեպ, նման գործելակերպ է ունեցել նախկին գյուղապետը՝ Սամվել Սարգսյանը: Վերջինս նույնպես գյուղապետի թեկանծու էր։ 

Գյուղապետարանը

Սիլվա Բաղդասարյանի ասելով՝ Արթուր Հովհաննիսյանը, մինչ գյուղապետի ընտրության օրը, այցելել է իր տուն՝ պարզելու, թե թեկնածուներից ում կողքին է լինելու նրա ընտանիքը: «Ես իրեն հարցրի՝ ի՞նչ ծրագրեր ունեք գյուղապետ ընտրվելու դեպքում: Ասաց, իմ ծրագիրն այն է, որ գամ մի քանիսի բերանը ջարդեմ, մի քանիսի լեզու կարճացնեմ»,-պատասխանել է Ա. Հովհաննիսյանը:

Աշխատակազմի ղեկավարը դա գյուղապետին վայել խոսք չի համարել, հոկտեմբերի 2-ին գերադասել է ընտրել նախկին գյուղապետ Սամվել Սարգսյանին:

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ համայնքային աշխատողը աշխատանքից կարող է ազատվել 1-ին հերթին իր  անձնական դիմումի համաձայն: Ա. Հովհաննիսյանը փորձել է օրենքի  այս պահանջի՝ ամեն գնով կիրառմամբ ազատվել աշխատակազմի քարտուղարից և հաշվապահից: Նա նոյեմբերի 23-ից մինչև 29-ը Սիլվայից և Ռուզաննայից «երկու ոտքը մի կոշիկում դրած» պահանջել է իր ցանկացած դիմումը: Մի քանի դիմումներով Սիլվան և Ռուզաննան բացատրություն են պահանջել Ա. Հովհաննիսյանից: Գյուղապետը չի ընդունել և չի պատասխանել: Նոյեմբերի 29-ին Ռուզաննան և Սիլվան իրենց ասելով՝ ճարահատյալ դիմում են գրել աշխատանքից ազատվելու համար: Նրանք ասում են, որ գյուղապետն իրենցից պահանջել է դիմումում անպայման գրել «խնդրում եմ  ազատել» բառակապակցությունը:

«Եթե ես պայքարեի, նա ինձ երբեք չէր կարող ազատել աշխատանքից, քանի որ օրենքը իմ կողմն էր, սակայն առողջությունս այլևս չէր դիմանում գյուղապետի ոտնձգություններին»,-բացատրեց Սիլվան:

Ա. Հովհաննիսյանը Ռուզաննային զգուշացրել է, որ դիմում չգրելու դեպքում, աշխատանքային գրքույկում այնպիսի գրառում կանի, որ ոչ մի տեղ այլևս չեն ընդունի աշխատանքի: Դեկտեմբերի 15-ին գյուղապետարանում մեզ  հետ զրուցելիս Արթուր Հովհաննիսյանը ժխտեց դա. «Ոչ գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարից և ոչ էլ հաշվապահից ես նման բան չեմ պահանջել: Ես այդ իրավունքը չունեմ, նրանք համայնքային ծառայողներ են: Իրենց դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից»:

«Երեք օր անընդհատ գալիս էր գյուղապետարան մեզ հետ վիրավորական բառերով խոսում: Ասում էր՝ ինձ համար ցանկալի կլիներ, որ ես գայի ձեզ ոչ մեկիդ այստեղ չտեսնեի: Ավելի ճիշտ կանեիք դուք նախօրոք ազատվեիք աշխատանքից՝ գայի տեսնեի այստեղ մարդ չկա»,- պատմում է Սիլվան:

Սիլվան 20 և ավելի տարիներ աշխատել է Արևածագի գյուղապետարանում, որից 9 տարին եղել  է աշխատակազմի քարտուղար, մինչ այդ վարել է համայնքի հողի հարկի բազան: Որպես համայնքային ծառայող՝ իր բարեխիղճ աշխատանքի համար բազմաթիվ շնորհակալագրեր է ստացել: Նա աշխատակազմի քարտուղար է աշխատել նաև Ա. Հովհաննիսյանի հետ:

Ռուզաննան գյուղապետարանում հաշվապահ է աշխատել 8 տարի: Նա մասնագիտությամբ ուսուցիչ է: Ռուզաննային գյուղապետարանում աշխատանքի է հրավիրել հենց Ա. Հովհաննիսյանը:

«Ճիշտն ասած՝ ցանկացած համայնքապետ իրավունք ունի իր թիմը ստեղծելու, բայց նորից եմ կրկնում, իմ կողմից որևէ ճնշում չի եղել, նախկին աշխատակիցների նկատմամբ: Ուղղակի  նրանք հասկացան, որ մեր համատեղ աշխատանքը անկարելի է»,- պնդեց  Ա.Հովհաննիսյանը:

Հարցիս, թե աշխատանքից ազատելու դիմում պահանջուց առաջ և ազատելուց հետո Ս. Բաղդասարյանի և Ռ. Հարությունյանի աշխատանքում որևէ խախտում հայտնաբերե՞լ է: Ա.Հովհաննիսյանը պատասխանեց ՝ոչ: «Նրանք կարգապահական ներքին կանոնների խախտումներ են թույլ տվել, ես նախազգուշացրել եմ: Դե, հանձնարարությունս չեն կատարել, թուղթ կար լրացնելու, բնակչին ուղարկեցի, որ քարտուղարը լրացնի տեղեկանքը, ինքը չէր լրացրել, որի համար ես նախազգուշացում եմ տվել նրան: Դրանից մեկ, թե երկու օր հետո, չեմ հիշում, դիմում է ներկայացրել դեկտեմբերի 1-ից աշխատանքից ազատվելու համար: Հաշվապահը՝ նույնպես»,-հայտնեց գյուղապետը:

Սիլվա Բաղդասարյանը գյուղապետի իրեն տրված նախազգուշացման հետ կապված  մեզ պարզաբանեց. «Իր աշխատանքային 3-րդ օրը՝ երեկոյան ժամը 6-ին 10 պակաս Ա. Հովհաննիսյանն իրեն կողմնակից մարդկանցից մեկի հետ բանկային տեղեկանքի բլանկի ձև էր ուղարկել ինձ մոտ, որ մենակ ընտանիքի կազմի տվյալները լրացնեմ և հետ ուղարկեմ իրեն: Այդ տեղեկանքը կազմված է 3 բաժնից ՝ընտանիքի կազմ, անասունի և հողային տվյալներ: Եթե անասունի տվյալները ես չգրեի, նա ինչ ցանկանար, էն պետք է գրեր բլանկում: Բայց անասունների տվյալները ես հունվարի 1-ի դրությամբ հաշվառել եմ, ես հիմար չեմ, որ  էդքան գործընթացը անելուց հետո, իրեն ասած կեղծիքներն անեի: Գյուղացին որքան անասուն ունի, տեղեկանքում այդքան պետք է գրվի, ոչ թե ավել: Իսկ ինձանցի Ա. Հովհաննիսյանը այդ էր պահանջում»:

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 25-ի 4 –րդ կետի համաձայն՝ համայնքային ծառայողին չեն կարող տրվել բանավոր կամ գրավոր  այնպիսի հանձնարարականներ, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին. «Եթե համայնքի ղեկավարը գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա համայնքային ծառայողը պարտավոր է  դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի ՀՀ օրենքներով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության»,-հայտնում է օրենքը:

Տվյալ դեպքում գյուղապետը աշխատակազմի ղեկավարից պահանջել է լրացնել անօրինական տեղեկանք՝ իր քրեական հետևանքներով, որը Սիլվա Բաղդասարյանը իրավացիորեն չի կատարել: Այստեղից էլ գյուղապետի աշխատակազմի ղեկավարի նախազգուշացման մասին որոշումը եղել է անհիմն:

Ա.Հովհաննիսյանն իր թիվ 30 որոշմամբ նոյեմբերի 28-ին նախազգուշացում է տվել նաև հաշվապահ Ռ. Հարությունյանին, որտեղ հայտնել է. «Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով  չկատարելու, ինչպես նաև աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու համար աշխատակազմի առաջատար մասնագետ՝ հաշվապահ Ռուզաննա  Հարությունյանին տալ նախազգուշացում»: Թե կարգապահական  ինչ կանոն է խախտել, կամ  ծառայողական որ պարտականությունը չի կատարել հաշվապահը՝ գյուղապետը չի նշում:

Ռուզաննան  հայտնեց, որ Ա. Հովհաննիսյանը իրենց համատեղ աշխատանքայինի մի քանի օրերին իրեն ընդամենը հանձնարարել է վճարել գյուղապետարանի աշխատողների աշխատավարձը՝ ինքը բարեխղճորեն կատարել է հանձնարարությունը:

Արթուր Հովհաննիսյանը հաշվեհարդար է տեսել նաև ազատամարտիկ Աբգար Վարդանյանի ընտանիքի հետ: Աբգարի կինը՝ բազեդովյան հիվանդությամբ տառապող Լաուրա Չատինյանը մեզ պատմեց, որ իր ընտանիքը գտնվում է սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում: Ընտանիքը 88-ի երկրաշարժից հետո ապրում է տնակում: Ողնաշարից հիվանդ ազատամարտիկ Արգամը վերջապես տուն կառուցելու և ընտանիքի գոյությունը պահպանելու համար մի քանի ամիս առաջ մեկնել է  Ռուսաստանի դաշնություն՝ աշխատելու: Նրա ընտանիքն իր գոյությունը պահում է Աբգարի մոր՝ 86-ամյա Աստղիկ Վարդանյանի 40 հազար դրամ կենսաթոշակով. «Ասթմայով հիվանդ եմ, թոշակս նույնիսկ  իմ դեղերին չի հերիքում, ինչ ասեմ»,- դժգոհեց Աբգարի մայրը:

Նախկին գյուղապետը Աբգարի ընտանիքին գոյատևելու համար գյուղի հանդիսությունների սրահի սպասքի տրամադրման գործը տվել է Լաուրային: «Մարդիկ ուրախության և տխրության արարողություններից հետո մեզ ուտելիք, թխվածք, երբեմն փող էին տալիս, դրանով էինք յոլա գնում: Ընտրություններին մենք Արթուր Հովհաննիսյանին չենք ընտրել, քանի որ նա իր նախորդ պաշտոնավարման ժամանակ գյուղից բանակում ծառայող զինվորների ընտանիքներին 2 հազար դրամ օգնություն տվեց՝ իմ զինվոր տղայի համար մեզ չտվեց»,-պատմեց Լաուրան:

Ազատամարտիկի ընտանիքի հետք կապված «Հետքը» բացատրություն խնդրեց Արևածագի գյուղապետից. «Սպասքի գործը հաստիքային աշխատանք չէ,  բայց այդ գործը Լաուրայից վերցրել և տվել եմ իմ թիմակից Ռիմային»,-պատասխանեց Արթուր Հովհաննիսյանը: 

Մեկնաբանություններ (22)

Սրապ
Աղջիկներ ընթերցելով այս կոռուպցիոն երևույթների մեկնաբանությունները, լիարժեք զգացվում է, որ Սիլվան և Ռուզաննան իրոք ընտրությունների զոհն են և իզուր չէ նրանց վրդովմունքը: Իզուր մեկնաբանություններում անտեղի կողմնապահություններ միք անի և ձեզ կոռեկտ պահեք, որովհետև կյանքը մարդուն մեկ անգամ է տրվում:
Աստղիկ
Անուշ ես թույլ չեմ տվել ինձ վիրավորել ու նույմը կարող եմ ասել ձեզ, որ ձեր մեկնաբանություններից է երևում թե դուք ով եք ու ինչ եք ձեզնից ներկայացնում: Այն ինչ ես գիտեմ բավարար է ինձ կարծիքս կազմելու համար և ձեր և մնացածների մասին: Իսկ դուք ավելի լավ է քծնելու փոխարեն այլ բաներով զբաղվեք
Սամվել
համոզված եմ,որ եթե Սիլվան ու Ռուզաննան նույնիսկ դիմեն դատարան,չեն կարող իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու,համատարած կոռուպցիան ու հովանավորչությունը խեղդում են մեր երկիրը
Անուշ
Աստղիկ հերիք է այդ մարդկանց քո ոչ լիարժեք ինֆորմացիաներով քննադատես, քո թույր կարծիքները քեզ պահիր ու եթե այդքանը գիտես ինչու չես գրում, որ այդ գյուղապետը իր պաշտոնավարման ընթացքում ազատել է այս էլ արդեն 7/յոթ/ մարդու, քանդել է յոթ տուն` չմտածելով, որ կյանքում լավ բաների չի հասնի աստված կպատժի... քեզ լավ մի զգա, որ դու չես քննադատվում. ընդհակառակը ասում են.> իրեն ճանաչելով հասկանում ենք թե դու ով էս....
Նաիրա
Ւսկ ու՞ր մնացին «գյուղապետի» թիկունքին կանգնած հաշվապահները: Գյուղն արդեն 20 օր է հաշվապահ չունի: Հիմա երեվում է ձեր պատրաստակամությունն ու թիկունկը: Դուք ինքներդ ձեզ խայտարակեցիք պարոն:
Աստղիկ
Հարգելի Հարութ, իսկ գյուղում գրանցվածները չունեն ընտրության իրավունք? Այդ ինչպես է, որ դուք կարող եք ընտրել, իսկ նրանք ոչ:
Աստղիկ
Հարգելի Ռուզաննա Իհարկե հոդվածն ինձ հետաքրքեց, իսկ եթե դուք 4 տարի աշխատել եք նրա հետ, ուրեմն նա ձեզ վստահել է ու հետո պատճառներ են եղել ներկա վիճակի, իհարկե դա ինձ չի վերաբերվում, ես միայն կարծիքս եմ արտահայտում: Բայց արժե արդյոք այսքան աղմուկ բարձրացնել, եթե պատճառները կարող եք յուրաքանչյուրդ ինքներդ ձեր մեջ հասկանալ, որովհետև ժողովրդի քվեն ասում է արդեն, թե մարդիկ ում ես վստահում
Հարութ
Սամվել Սարգսյանին բան չասեք,կարգին գյուղապետ,կարգին մարդա:Իմիջիայլոց էս ընտրությունների արդյունքների հիմնական մասը գյուղում բերված գրանցվածների հաշվին էր...
Ռուզաննա
Աստղիկ եթե միայն մեկ անկյունից նայելիս լինենք այսքան աղմուկ չէինք բարձրացնի, ու եթե այդքան հետաքրքիր է քեզ համեցեք մեր մոտ, ամեն ինչը ուղիղ և հստակ իմացիր : Այս ամենը նորից եմ կրկնում կապված է ընտրությունների հետ: Շատ լավ կլիներ դեմ առ դեմ հանդիպեինք և ամեն ինչ հասկանայիր: Չեմ հասկանում ինչու է ազդել գրվածը քո վրա, թե քեզ թվում է մենք կրթված չենք: Ի դեպ 25 տարի մանկավարժ եմ աշխատել, իսկ եթե այդքանը քո հետ կատարված լիներ ինչ կանեիր: Մի բան էլ ԱԴԵԼ քեզ` այդ կիրթ գյուղապետի հետ չորս տարի աշխատել ենք ու այսօր ինքը հենց այդ կանացի բամբասանքների արդյունքով գործեց,/ մարդը նույնիսկ գերեզմանում հավերժ տեղ չունի..../ ու լավ կլիներ մեր նման իսկական անունդ գրեիր.... տարիները անցնելու են, բայց մենք նույն գյուղում ենք ապրելու..
Աստղիկ
Հարգելի Ռուզաննա, եթե ամեն ինչը դիտենք միայն մեկ տեսանկյունից, պատկերն իհարկե սա կլինի, բայց մարդիկ նախ և առաջ պետք է իրենք իրենց սխալներին նայեն ու հետո նոր աղմուկ բարձրացնեն: Հաստիքների կրճատում տարբեր ժամանակներում էլ եղել է, ինչու եք միայն այս դեպքն արձանագրում: Եթե թաքցնելու բան չունեք, բոլոր դեպքերն էլ քննարկեք
Էլմիրա
Այս բոլոր մեկնաբանությունները կարդալով լավ էլ երևում է, որ Աստղիկը չգիտես ինչու մենակ է պայքարում գործող գյուղապետի համար: Դե գոնե մի քանի մարդ հավաքեր ու նստեին ժամանակակից ձևով` պայքարեին: Մեկ է ինչքան էլ գրեք, ամեն ինչից պարզ երևում է, որ էդ հին գյուղապետը կարգին մարդ է եղել: Մենակ, որ նորը իր պաշտոնավարման տարիներին այդ յոթ մարդուն ազատել է այդքանը բավական է կարծիք կազմելու: Հետո էլ ժողովուրդ ջան էսա ամեն ինչ փոխվելու է, այսքան մեք պայքարի: Համայնքները կխոշորացնեն ու ամեն ինչ կընկնի իր տեղը, այսպես, թե այնպես այդ ժամանակ էլ պիտի կրճատվեիք: Զենքներդ վայր դրեք....
Armen
Աստղիկ չես զգում,որ չես կարա քո անիմաստ ու զռռացող մեկնաբանություններով բան փոխես,ինչքան զակազով քիչ գրես էնքան քիչ կխայտառակես
Հասմիկ
Աստղիկ , մեր գյուղից նախկին գյուղապետ Սամվել Սարգսյանի կատարած հաշվեհարդարի դեպքերից մեկն էլ է հոդվածում քննարկված: Հոդվածի սկզբում Սամվել Սարգսյանի ազգանվան վրա մկնիկով խփեք և հոդվածը կբացվի, կարդացեք:
Ադել
ժողովուրդ ջան մենք ամեն ինչ գիտենք,ամեն ինչից տեղյակ ենք,այս ամենը մի մեկնաբանեք ձեր օգտին..Չէ՞ որ ոչինչ հավերժական չէ այդ թվում նաև աշխատանքը...խնդրում եմ մի մեղադրեք ոչ-ոքի,մեղքը փնտրեք հենց ձեր մեջ, հանգիստ թողեք գործող նախագահին..նա կիրթ և գրագետ մարդ է...իսկ մնացած խոսակցությունները ընդամենը կանացի բամբասանք է.
Անուշ
Ինչքան մեզ հասանելի է այդ գյուղապետը 2008թվականին, երբ ընտրվեց գյուղապետ այդ ժամանակ աշխատանքից ազատեց ևս 5/հինգ/ աշխատակիցների, որոնցից մեկին չկարողանալով ազատել ստիպված հաստիք կրճատեց, որ իր նպատակին հասներ:Ժողովուրդ սա է իրականությունը և ճիշտը կլինի այն, որ մեր կառավարությունը օրենքը փոխի և բոլորը լինեն նշանակովի, որպեսզի այս մի ճկութի չափ մնացած հայերը միմյանց չուտեն` ... > .. դե Ձեզ տեսնենք պատկան մարմիններ.....ապրեն մեր հերոս աղջիկները, որ անվախ հայտնել են իրենց մտքերը... էդ գյուղապետն էլ թող զգույշ լինի հանկարծ մկնիկի օրը չընկնի
Ռուզաննա
Հարգելի Աստղիկ, չգիտեմ նյութը կարդալուց հետո ինչպես ես ընկալել, բայց ամեն դեպքում եթե լրագրողին հրավիրել ենք այստեղ և այդքան նյութը հրապարակվել է ինձ թվում է պետք է կռահեիք, որ այդտեղ գրվածը հստակ ապացուցում է իրականությունը և ողջ ճշմարտությունը, միևնույն ժամանակ այդ> գյուղապետը ասում է, որ իր համար ոչ կառավարություն,ոչ մարզպետ և ոչ մեկը նշանակություն չունեն ինչ ուզենա այն էլ կանի: Ահա մեր գյուղի կարևորագույն դեմքը և գյուղապետը:
Աննա
Առաջարկում եմ այս հոդվածը ուղարկել վարչապետին, մեծ աշխարհ է, մեկ էլ տեսար․․․․
Աննա
Ոչ ոք միամիտ չէ ու գիտի որ Հայաստանի շատ գյուղերում մարդիկ հիմնականում ընտրում են վախից ու քծնանքից դրդված, ոմանք նաեւ գործը չկորցնելու հույսով։ Հատկապես գյուղում մարդը շատ ավելի խոցելի ու կախյալ է զգում իրեն, մանավանդ երբ սրան ավելանում է տգիտությունը։ Էնպես որ հասկանում ենք Աստղիկն ով է։ Իսկ այս կանայք հերոսներ են որ չեն վախեցել ու արտահայել են իրենց կամքը։ Ամոթ մեր իշխանությանը եւ հանրապետական կոչվածներին ովքեր թույլ են տալիս որ գյուղացին այսքան խեղճանա ու նման խուժանները գլուխ բարձրացնեն։ Ու սա կշարունակվի, ավաղ․․․ԱԱԾ-ն էլ արդարության մասին ընկերական զրույցները կվարի․․․քանի դեռ մեր նախագահը գրքի ու գիտելիքի մասին խոսելու է այսպես հետաքրքիր, ստեպանակերտյան ոգով։
Ռուբեն
Լսի՛ր,թյուրիմաց գյուղապետ.ուժեղները ներում են,թույլերը՝վրեժ լուծում...
Աստղիկ
Իսկ դուք ինչ գիտեք ով է ճիշտ ու ով սխալ: Հիմա այնքան հեշտ է մարդուն վարկաբեկելը, բայց իրականոըթյունը վստահեցնում եմ այլ է: Իսկ լրագրողներից փորձել են գյուղացիների հետ խոսել, նրանց դիրքորոշումը լսել, որովհետև վստահ եմ, որ լրիվ այլ պատկեր կստացվի: Ընտրությունների արդյունքներն ինքնին խոսում են թե ում է գյուղն ընտրել, ում է սիրել, որովհետև մարիդկանց մասին խոսում են իրենց կատարած գործերը, ոչ թե վարկաբեկելով զբաղվելն ու գյուղի եղածը մաս-մաս անելը: Ինչ-որ մեկին վարկաբեկելուց առաջ կարելի է նաև նրա մասին հարցնել գյուղացիներին, այդօես վստահ եմ, որ այլ պատկեր կստացվեր
Գեւորգ
Ժողովուրդ, ինչու՞ եք կուրացել, ձեր խիղճ ու մարդկությունը ո՞նց եք կորցրել, ինչու՞ եք մեկդ մյուսին ուզում ոչնչացնել, ինչ որ թրիքոտ պաշտոնի, մի քանի կոպեկի համար, ձեր հարեւան - բարեկամությունը ինչու՞ եք ծախել: Առանց այդ էլ գյուղերը ծերանում են, դատարկվում ու հանգչում են, իրար օգնելու փոխարեն ի՞ նչ եք անում ...
Էրիկ
Եվ նման համայնքապետերից մեր կառավարությունն ու վարչապետը ակնկալում են համայնքի զարգացման ծրագրեր և երազանքներ լսեն:Հավանաբար սա միակ օրինակը չի > կարգախոսով աշխատող համայնքապետի:Եթե իրավասու մարմինները իրենց լիազորություններից օգտվեն և վաղաժամկետ դադարեցնեն ժողովրդի գլխին փորձանք դարձաց քյոխվաների լիազորությունները,գոնե մյուսները մի քիչ կոռեկտ կլինեն մարդկանց հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter