HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Վահե Քոչար. «Ես ունեմ քայլելու իմ տեղը» (վիդեո)

Երեւանում ստեղծված բարդերի ակումբի մասին պատմելիս խոսել էինք նաեւ այն մտավախության մասին, որ ունեն բարդերը' նոր սերնդի մեջ գտնել իրենց գործը հավատարմորեն շարունակողներին եւ ինչու ոչ` ժամանակին հանձնել էստաֆետը: Ոմանց կարծիքով` այս դերը կարող է ստանձնել երիտասարդ հեղինակ-կատարող Վահե Քոչարը, ով չնայած երկու ամիս է, ինչ միացել է ակումբին, այնուամենայնիվ, հասցրել է իր յուրօրինակ ստեղծագործություններով հարստացնել հեղինակային երգի երեկոների մթնոլորտը:

Վահե Քոչարի կարծիքով, իրենից բացի` կան մարդիկ, ովքեր ստեղծագործում են, պարզապես ոչ մեկը չգիտի նրանց տեղը, ոչ մեկը չի տեսնում նրանց:

«Եթե ես օրերից մի օր չհայտնվեի Ակումբում ու չերգեի, կարելի էր մտածել, որ մարդ չկա: Կարող եմ ասել, որ անձամբ էլ ճանաչում եմ մարդկանց, որոնք ստեղծագործում են, բայց ոչ մի տեղ ելույթ չեն ունենում: Դա ինձ համար մի քիչ անընդունելի է: Եթե չես ուզում, որ քեզ լսեն ու ծափ տան, գոնե ցույց տուր, որ քո սխալը ուրիշից զգաս, ցույց տուր, որ դիմացինի հայացքը զգաս' իրեն դուր եկա՞վ, թե՞ դուր չեկավ, իրեն ձանձրացրե՞ց, թե՞ ոչ: Որովհետեւ եթե տվյալ երգը շատ մարդկանց ձանձրացնում է, օր է գալու' քեզ էլ է ձանձրացնելու, սկսելու ես մակերեսային նայել դրան ու զգալու ես, որ մեջն արժեք չկա: Ես էլ չեմ տառապում հայտնի դառնալու ցանկությամբ, բայց սիրում եմ, երբ, անկախ գնահատականի ձեւից, ինչ-որ բան եմ ստանում դիմացինից: Բեմն ինձ, անկախ իր բարձրությունից ու չափից, շատ մեծ էներգիա է հաղորդում նոր, ճիշտ ու ավելի գեղեցիկ ստեղծագործություններ գրելու համար: Իմ գնահատմամբ' ամենալավ երգերը ես գրել եմ բեմի վրա' ակումբներում, բարձրանում եմ բեմ ու սկսում նվագել, երբ մարդ չկա»,- ասում է նա:

Իսկ թե ինչպես Վահե Քոչարը հայտնվեց բարդերի ակումբում' կարելի է միայն երեւակայել: «Ես ընդհանրապես չգիտեի, որ բարդերը հավաքվել են իրար հետ, եւ համերգներ են տեղի ունենում Ակումբում: Պատահական մի օր հայտնվեցի Ակումբում, ու տեսա, որ հեղինակային երգիչները հավաքվել, երգում են: Գործիքին հեռվից նայելիս մոտս խանդ է առաջանում, մանավանդ, երբ մի քիչ գինովցած եմ, հենց գիտեմ` բոլոր գործիքներն իմն են: Ու մեծ ցանկություն առաջացավ, որ ես երգեմ, հարցրի` ումից թույլտվություն խնդրեմ, ասեցին' գնա Վախթանգին ասա: Մոտեցա Վախթանգին ու գլուխս թեքած փորձեցի այնպես անել, որ ինքը չզգա, որ ես փոքր-ինչ հարբած եմ, ասացի` ուզում եմ երգել: Վախթանգը մի քիչ զարմացավ, երեւի մի քիչ վախեցավ, բայց թույլ տվեց, որ երգեմ»,- հիշում է նա:

Առաջին անգամ էր Վահե Քոչարը բեմում երգում որպես հեղինակային երգ կատարող: Այդ օրվանից էլ ամեն ինչ սկսվեց: «Ասացին` կարող ես գալ: Շատ երաժիշտ ընկերներ ունեմ, շատ երաժշտական միջավայրերում կամ, բայց այստեղ միջավայրն ուրիշ է, մարդիկ ասես անընդհատ երգեն, ամեն հասարակ բանի մասին իրենց կարծիքը, իրենց արտահայտվելու ձեւը, իրենց տրամադրությունը, որն ուզես, թե չուզես' փոխանցվում է քեզ, ինձ շատ բան է տալիս»:

Երաժշտությամբ Վահե Քոչարը սկսել է զբաղվել 1997-ից: Հիշում է' երբ փոքր էր, բակում մշակութային կենտրոն կար, որտեղ տղաներ էին հավաքվում, փորձեր անում, ռոք խումբ էր: Ընկերների հետ թաքուն գնում էին, լուսամուտից նայում: Համերգների ժամանակ հետեւի մուտքից էին կարողանում ներս մտնել: Մի անգամ, երբ համերգն ավարտվեց, մի քանի ընկերներով մոտեցան այդ տղաներին ու խնդրեցին թույլ տալ շոշափել գործիքները:

«Դե ոնց որ միշտ' չթողեցին: Ու երեւի հենց այդ պահին ինձ մոտ առաջացավ շատ մեծ ցանկություն. ես որոշեցի, որ պիտի սովորեմ նվագել»,- հիշում է Վահեն:

Սկզբնական շրջանում Վահեն հեռուստացույցով համերգներ էր նայում` ուշադիր հետեւելով, թե մատները որտեղ են դնում կիթառի վրա: Այդպես որոշ բաներ է սովորում, մինչեւ սկսում է ավելի լուրջ զբաղվել երաժշտությամբ: 2000 թ. Վահեն գրում է իր առաջին ավարտուն երգը: «Դրանից հետո ամեն ինչ ավելի լրջացավ»,- ասում է նա:

Վահե Քոչարը խոստովանում է, որ որպես երաժիշտ ինքը մի մեծ թերություն ունի` վախենում է նոտաներից: «Երբ լսում եմ, շատ եմ սիրում, բայց երբ պիտի նայեմ, վախենում եմ: Երբ կիթառ էի պարապում, ուսուցիչս ամեն կերպ փորձում էր նոտա սովորեցնել, պարտիաներ էր գրում նոտաներով ու մի քանի անգամ նվագում էր, որ ես տեսնեմ, հետո գնամ այդ նոտաները կարդամ, սովորեմ: Ես ողջ ուշադրությամբ իրեն էի նայում: Նույն բանը սովորում էի, գնում էի տուն, անգիր էի անում, այդ նոտայի տետրը չէի բացում: Գալիս էի նոտայի տետրը բացում, դնում էի իր դեմը, այդպես անգիր արած նվագում էի: Այդ պահին չէի գիտակցում, որ նոտաներին չեմ նայում: Հենց սկսում էին ինձ ստիպել, որ նոտա սովորեմ, փախչում էի այդ դասատուի մոտից: Չնայած այնքան են ստիպել, որ ամեն մեկից մի քիչ-մի քիչ սովորելով` հիմա որոշակիորեն գիտեմ: Հիմա էլ երգ գրելիս ես թղթի վրա չեմ պատկերացնում»,- պատմում է նա:

Վահե Քոչարը հիշում է նաեւ, որ Օպերային թատրոնում ընկերներ ուներ, ովքեր որոշեցին, որ իրեն պետք է տանեն վոկալ պարապելու եւ համոզում էին, որ իր երգերը դասականի նման կատարի: «Կանգնում էի դաշնամուրի կողքը, ճիշտ ձեւով շնչում էի, երգում: Հետո իրենք հասկացան, որ հեղինակային երգում չպետք է ամեն ինչ ճիշտ անես, որովհետեւ ավելի կարեւոր է հոգեվիճակը: Եթե այդ պահին ես զգում եմ, որ դա պետք է երգեմ կոկորդով, ինձ պետք չի համոզել, որ պետք է երգեմ դասական ձայնով»,- ասում է նա` հավելելով, որ երգելիս առհասարակ չի մտածում` ինչ կարելի է ասել, ինչ չի կարելի ասել, բառերից չի վախենում, կապակցված, կոնկրետ ուղղվածության նախադասություններից` նույնպես:

Վահեն երկար ժամանակ նվագել ու երգել է ռոք խմբերում: 2 տարի եղել է «J.E.M.» խմբում, որը համարում է իր ամենասիրած ու խումբը: «Այդ ժամանակ ավելի երիտասարդ էինք, արյունը մեջներս եռում էր, ջղային-ջղային բաներ էինք նվագում, տարօրինակ բաներ էինք անում, որ այդ ժամանակ մարդկանց համար մի քիչ անտանելի էր, շորեր էինք հանում բեմի վրա, կոշիկներ էինք շպրտում: Պոռթկումներ էին, որոնք կյանքի յուրաքանչյուր տարիքում լինում են, պարզապես ձեւն է տարբեր: Հիմա էլ եմ մեկ-մեկ նման բաներ անում, բայց երբ մենակ եմ»,- խոստովանում է նա: Վերջին խումբը «Մ.Ե.Ն.Ք.»-ն էր, որի կազմով բազմաթիվ համերգներ են ունեցել եւ ձայնագրություններ կատարել: Խումբը Վահե Քոչարը հիմնադրել էր Րաֆֆի Ղազարյանի հետ: «Մ.Ե.Ն.Ք.» խումբը ստեղծվեց 2006 թ., սկզբում` ակուստիկ ոճով, հետո խումբը համալրվեց, սկսեցին նվագել 70-ականների ռոք երաժշտության ոճով` որոշ ժամանակ անց նորից վերադառնալով ակուստիկին:

Այնուամենայնիվ, Վահե Քոչարը որոշեց մենակ հանդես գալ, որովհետեւ, ինչպես ինքն է ասում, այսօրվա հայաստանյան ռոք ասպարեզում մի քիչ ավելի թերացած է խոսքը, խոսքի արժեքը:

«Երբ դու ավելի շատ շեշտը դնում ես խոսքի վրա, երաժշտությունն իր «դրայվը» սկսում է կորցնել: Իսկ ռոքի մեջ, բոլորս գիտենք, որ ավելի կարեւոր է դրայվը, էներգիան, որի միջոցով ես կարողանում փոխանցել: Երգերս էլ, ճիշտն ասած, անընդհատ ուզում էի ձեւափոխել, գցել այդ իսկական ռոքի մեջ: Հետո ինքս ինձ խոստովանեցի, որ չեմ կարող նման բան անել, ավելի լավ է` անեմ այն, ինչ կարող եմ»: Այսօր, երբ ընկերներով հավաքվում են, Վահեն զգում է իր «առավելությունը»: Երբ գալիս է երգելու եւ ուրախանալու ժամանակը, ռոք նվագող ընկերները փորձում են էլեկտրոկիթառներ, լարեր, դինամիկներ փնտրել, դրանից հետո էլ հենց երգում են, ասում են` դե քանի որ այս էֆեկտը չկա, քանի որ այս դինամիկը լավը չէ, այս երգն այդպես չի հնչում: Իսկ հեղինակ-կատարող Վահե Քոչարը պարզապես վերցնում է իր կիթառը ու սկսում երգել...

Այնուամենայնիվ, նրա կարծիքով` ռոքն ու հեղինակային երգը նման են իրար: «Մեր հեղինակային երգիչների երեւի մեծ մասը սկսել է հենց այդ ամենից, թեկուզ եթե ինչ-որ խմբերում չեն էլ նվագել, հաստատ կապված են այդ երաժշտության հետ: Խաչվող տեղեր ունեն, բայց համատեղել, իմ կարծիքով, անիմաստ է»,- ասում է նա:

Վահեի կարծիքով` հեղինակային երգում ասելիքը սկզբունքորեն տարբերվում է մնացած երաժշտական ոճերից, այն ավելի բանաստեղծական է: «Ինչքան էլ տվյալ երգի իմաստը քննադատական լինի, նմանվի ինչ-որ հոդվածների, այն ավելի գեղեցիկ է, նման է կարդալուն, պարզապես երգելով ես կարդում: Մի քիչ ավելի վեր է փողոցի ասֆալտից, դրանով շատ ավելի գեղեցիկ է»,- ասում է նա:

Վահե Քոչարի ասելիքն էլ ժամանակի ընթացքում փոխվել է, երգերի թեմաները, որոնց նա անդրադառնում է այսօր, տարիների ընթացքում են ձեւավորվել, չնայած կենտրոնում, միեւնույն է, մնում է մարդը` իր ներքին աշխարհով, արտաքինով, առօրյայով: «Ինչքան մեծանում ես, այնքան գլխիդ տարբեր տիպի ցեխոտ բաներ են թափվում: Ինչքան էլ քեզ հեռու ես պահում այդ ամեն ինչից, գալիս հանգում ես այդ կետին: Ես հիմա, ցավոք, հասել եմ այդտեղ ու սկսել որոշակիորեն անդրադառնալ նման բաների: Չնայած մեկ-մեկ, երբ սկսում եմ երգել հին երգերից, շատ հետաքրքիր ու հաճելի զգացմունք է առաջանում, այնքան պարզ ու սիրուն է ամեն ինչ, այնքան կեղտերից հեռու...,- ասում է Վահե Քոչարը:-Չնայած չեմ սիրում քննադատել ոչ մեկին, որովհետեւ այդ քննադատողները, երբ հայտնվում են նման իրավիճակում, անում են նույնը, ինչին հակառակվում էին: Վերջին հաշվով, բոլորիս մեջ արդեն որոշակիորեն մտել է կեղտ` անկախ մեզանից, պարզապես մեկը թաքուն է պահում այդ կեղտն իր մեջ, մեկը կարողանում է կիսով չափ արտահայտել, մեկն էլ չի կարողանում»:

Ասյօր Վահեն ոչ միայն ամեն ինչ զգում է ականջով, այլեւ սովորում է տեսնել: Այս տարի` 28 տարեկանում, ընդունվել է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ: Հիմա փոքրիկ էտյուդներ է նկարահանում, մտադիր է նաեւ թատերական բեմադրություն անել, իհարկե կիթառի մասին:

«Էս երկրում ասողներն այնքան շատ են, սիրուն բառեր, սիրուն մտքեր... Մենք բոլորս գիտենք` մեզ ինչ է պետք, բյաց փոխանակ փնտրենք ու գտնենք այն, ինչ մեզ պետք է, սկսում ենք ուրիշներից խոսել, ով ունի այն, ինչ մեզ պետք է, սկսում ենք քննադատել, որ իրենը լավը չէ, մերը ավելի լավն է լինելու: Ու քանի որ իրենը լավը չէ, ես չեմ կարողանում իմը գտնել, ինքն է մեղավոր, որ ես իմը չունեմ: Մի գնացեք ուրիշի ոտքերի ետեւից, որ ասեք` լավը չէ, իր համար էլ դա է լավը: Ես չեմ բողոքում ոչ մեկից, ինձ համար շատ գեղեցիկ է ամեն ինչ, շատ սիրուն է, որովհետեւ ես գիտեմ` ես որտեղ եմ, թեկուզ քաղաքում փողոցներ կան, որ չեմ քայլում այդ փողոցներով, ես ունեմ քայլելու իմ տեղը, ունեմ հանգստանալու իմ տեղը, քաղաքի մեջ իմ փոքր քաղաքն եմ ստեղծել ու ապրում եմ, ու երջանիկ եմ»:

«Եթե գումարենք բոլոր հեղինակային երգերն իրար, կդառնա մի մեծ պատմություն, մի մեծ գիրք: Այն կլինի ավելի անկեղծ, քան այն պատմությունները, որոնք ժամանակի ընթացքում մարդիկ նոր հասկանում են, որ հորինված են: Այն պատմությունը, որ մենք սովորել ենք, այն պատմությունը, որ մեզ ստիպողաբար ասել են` գնա անգիր արա, որ հինգ ստանաս: Իրականում պատմությունը ուրիշ է, իրականում պատմությունն այն է, որը մարդիկ ինչ-որ թագավորի պատվերով չեն գրել, էս մի թագավորի գլուխը գովացել, էն մի իշխանի ձիուն սարքել աստված: Դա մարդկանց ներքինի պատմությունն է, քայլելու պատմությունն է, սիրելու պատմությունն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter