HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Աիդա Մուրադյան. «Ծնողների 40%-ը դաստիրակության մեթոդների մեջ կիրառում է ֆիզիկական բռնությունը»

Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանը հավաստում է, որ Հայաստանում երեխաների նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան, քանի որ ոստիկանությունը և հասարակական կազմակերպությունները միայն տեղեկություն են ունենում բռնությունների ընթացք ստացած դեպքերի վերաբերյալ: Այդ թիվը մի քանի անգամ գերազանցող բռնության դեպքերը, նրա խոսքով, մնում են չբարձրաձայնված։

Երեխաների հանդեպ կիրառվող բռնության դեպքերի ցուցանիշային տվյալների չնվազումը, բռնությամբ երեխաներին դաստիարակելու մեթոդի գործադրումը, ըստ ցանցի նախագահի, վկայում է, որ հասարակությունը համաձայնության չի եկել, թե երեխաների հանդեպ կիրառվող կամ ամուսինների միջև գործադրվող բռնությունը որքանով է հասարակական հոգածության առարկա, հասարակությունը այդ բռնություններին պետք է արձագանքի, թե ոչ։

Միրա Անտոնյանը կարծում է, որ այս հարցի վերաբերյալ հասարակական մտահոգիչ կարծիք կա, որ «կիրառված բռնությունը մեր խնդիրը չէ, ընտանեկան գործ է, այն պետք է լուծվի տան պատերի ներսում»։

Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ Աիդա Մուրադյանի փոխանցմամբ՝ իրենց կազմակերպությունը շուրջ 10000 ծնողների շրջանում կատարել է ուսումնասիրություն և պարզել, որ ծնողների 40 տոկոսը դաստիարակության մեթոդների մեջ կիրառում է ֆիզիկական բռնությունը։ Ասում է, այս հանգամանքը իրենց համար այդքան էլ նոր փաստ չէ, քանի որ դեռևս 2010 թվականին կատարված մեկ այլ ուսումնասիրություն արձանագրել էր նույն ցուցանիշը։ Այսինքն, մասնագետի խոսքով, արդեն հինգ տարի է` իրավիճակը դրականորեն չի փոխվել։

Նրա դիտարմամբ՝ այս իրավիճակը չի փոփոխվի, քանի դեռ ջանքեր չեն գործադրվում խնդիրը փոխելու ուղղությամբ։

Ցանցի խորհրդի անդամ Նունե Գեղամյանը, անդրադառնալով հաճախ հնչեցվող այն արտահայտությանը, թե երեխաների հանդեպ կիրառված բռնությունը ընտանիքի խնդիրն է և այն պետք է մնա ընտանիքի ներսում, ասում է, որ չի ցանկանա, որ հասարակությունը «գերին» լինի կարծրացած որոշումներին, մասնավորապես՝ «հայրական ապտակի» վերաբերյալ։ Նման պարագայում, ըստ նրա, որ կան փաստեր, որ բռնությունը դաստիարակության մեջ այլևս դիտարկվում է որպես նորմ։

Խոսելով բռնությանների վերաբերյալ դեպքերի արձագանքման մասին՝ Գեղամյանը նշեց, որ պետական մակարդակում ծառայությունների մատուցման կարիք կա։ Ըստ նրա, պետք է մատուցվեն պարտադիր վերականգնողական և կանխարգելիչ ծառայություններ բռնության ենթարկված անձին և ենթարկողին։ Նման ծառայությունների բացակայությունը մասնագետը համարում է Հայաստանում այս ոլորտի ամենամեծ բացը։

Երեխաների պաշտպանության ցանցի մյուս անդամ Արշակ Գասպարյանը նշում է, որ այսօր, երբ քննարկվում են «ընտանեկան բռնություն», «բռնությունից զերծ հասարակություն», «բռնությունից զերծ ընտանեկան միջավայր» երևույթները, «պետք է հասարակության մի շերտի բացատրել, թե ինչ է ընտանիքը, սերը» և այնուհետ պարզաբանել, որ այդ սերը բռնություն չի ենթադրում և որ ընտանիքի հոմանիշը սերն ու հարգանքն է։

Մասնագետը ոլորտի հաջորդ խնդիր է համարում կատարողական հատվածում գործընկերության բացակայությունը. «Յուրաքանչյուր ծառայություն՝ դա կլինի պետական, թե հասարակական սեկտորի, փորձում է ինքնուրույն լուծել խնդիրը՝ ինքնագլխության հասնելու տեսակետից։ Յուրաքանչյուր խնդիր, յուրաքնաչյուր պետական կառույց փորձում է իրենով անել, իր պատասխանատվության շրջանակներում լուծել»,- նշում է նա։

լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter