HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կստեղծվի «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի կառավարության և Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակության ապահովման ու զարգացման նպատակով «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ ստեղծելու առաջարկը: Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս կառավարության։ Գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու Բագրատ Եսայանը։

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը այս նախագիծը ներկայացնող կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հայտնեց, որ նախագծում նշված է, որ բյուջեից ֆինանսավորում չի պահանջվելու, սակայն հետագայում գրված է, որ բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություն է լինելու: Նախարարը հետաքրքրվեց, թե ինչ փոփոխության մասին է խոսքը։

«Ներկայումս բյուջեից հատկացվում է 500 միլիոն դրամ։ Ամեն տարի միջին ժամկետի նախագծով նախատեսված է, որ մարզ-մարզ պետք է ներառվի նախագծի մեջ և այս տարվա ընթացքում մեկ մարզ է ավելացվել, որը բյուջեով նախատեսված է։ Այս իմաստով լրացուցիչ ծախս չի նախատեսվում»,- նշեց Մկրտչյանը։

Համաձայն կառավարություն ներկայացված որոշման նախագծի՝ հիմնադրամը անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է կրթական, սոցիալական, առողջապահական, տնտեսական, և այլ հանրօգուտ նպատակներ: Հիմնադրամի շահառուներն են ուսումնական հաստատություններն ու դրանց սովորողները:

Հիմնադրամի նպատակներն են՝ ապահովել ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան սննդի մատակարարում, նպաստել սովորողների կրթության որակի, առողջության, սոցիալական պաշտպանվածության բարելավմանը, նպաստել ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպման առողջ ապրելակերպի  մշակույթի ձևավորմանը, խթանել տեղական արտադրությունը, ներգրավել համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ՝ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում:

Իսկ հիմնադրամի առաջնային գործառույթներն են`սննդի և սննդամթերքի պատրաստման և մատակարարման կազմակերպումը, ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման պատասխանատուների մասնագիտական վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպումը, դպրոցական սննդի կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների, գույքի և սարքավորումների ապահովումը, սննդի կազմակերպման ոլորտում միջազգային և տեղական փորձի ուսումնասիրումը, փոխանակման ծրագրեի իրականացումը.

Ինչպես մանրամասնվում է որոշման նախագծում՝ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն, որ Հայաստանի կառավարության կողմից հիմնադրամի ստեղծման դեպքում հիմնական դոնորը՝ ՌԴ կառավարությունը, միջոցների հատկացումը կկատարի անմիջապես հայկական կողմին, որի շնորհիվ հնարավորություն կստեղծվի էականորեն կրճատել ծրագրի իրականացման համար այժմ կատարվող ուղղակի և անուղղակի կազմակերպական ծախսերը, ինչպես նաև զգալիորեն կնվազեցվեն խորհրդատվական և վերլուծական աշխատանքների վրա ծախսվող գումարները՝ դրանք ուղղորդելով երեխաներին տրամադրվող սննդի որակի բարելավմանը։

«Ծրագիրը սկսեց առավել հաջող սկսեց իրականացվել Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ, որը պարենի համաշխարհային կազմակերպության խողովակով 2010-2017 թվականների ընթացքում մեզ է հատկացրել շուրջ 25 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում»,- կառավարության նիստին նշեց նշեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա աշխատանքներում ներգրավել երեխաների սնուցման հարցերով զբաղվող այլ երկրների կառավարությունների, կազմակերպությունների, անհատների, ինչպես նաև գործարար շրջանակների և սփյուռքի ներուժը: «Ֆինանսների կենտրոնացման շնորհիվ կարելի է նաև բարձրացնել գնումների արդյունավետությունը, ինչպես նաև ակտիվացնել տեղական արտադրությունը և գյուղացիական տնտեսությունները՝ տեղական արտադրանքն ընդգրկելով դպրոցական սննդում։ Հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա բարձրացնել դպրոցական սննդի կազմակերպման մեջ ներգրավված անձանց մասնագիտական որակավորումն ու վերապատրաստել դպրոցական աշխատակազմը, ինչպես նաև բարձրացնել դպրոցների տեխնիկական հագեցվածությունն ու բարելավել շենքային պայմանները»,- նշվում է որոշման նախագծում։

Հավելենք, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունը մշակվել է նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» հրամանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության` «ՀՀ հեռանկարային զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման հիմնադրույթներին համապատասխան:

Ռազմավարության նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը` նպաստելով մի շարք ուսումնական, սոցիալական, առողջապահական և հոգեբանական խնդիրների լուծմանը:

Կառավարությանը ներկայացված այս որոշման նախագծում նաև մանրամասնվում է, որ ներկայումս ծրագիրն իրականացվում է Հայաստանի տասը մարզերի նախակրթարանների և կրտսեր դասարանների մոտ 83.000 երեխաների համար, որոնք շաբաթը 5 օր, տարեկան 180 օր ստանում են դպրոցական տաք սնունդ: Յոթ մարզերում, ՄԱԿ-ի ՊՀԾ միջոցով, մոտ 60.000 երեխաների հաշվարկով դպրոցներին հատկացվում է յոթ տեսակի սնունդ (բրինձ, մակարոն, հնդկաձավար, ձեթ, ալյուր և այլն): ՀՀ կառավարությունն էլ իր հերթին 2014թ. ֆինանսավորում է երեք մարզերի (Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք) դպրոցների մոտ 23000 աշակերտի՝ տրամադրում է մեկ երեխայի հաշվարկով օրական 140 ՀՀ դրամ, որից 120 դրամն օգտագործվում է սնունդ պատրաստելու, իսկ 20 դրամը՝ խոհանոցային աշխատակիցների աշխատավարձի և կազմակերպական ծախսերի համար։

Այս նպատակով կառավարության կողմից ներկայումս հատկացվում է տարեկան մոտ 500 միլիոն դրամ, բացի այդ` կառավարությունը ֆինանսավորում է նաև ՄԱԿ-ի կողմից տրամադրած օգնության պահեստավորումը և երկրի ներսում փոխադրումը, ինչը կազմում է տարեկան 49.000 հազար ՀՀ  դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter