HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Թե ինչպես է «գործիքը» սկսում գործիք փնտրել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայիս վիճակը, քաղաքական դաշտում որոշակի ինքնուրույնություն հանդես բերելու նկատելի համառությունը նրան դրել է այն մեծ ու համեղ պատառի կարգավիճակում, որին փորձում են տիրանալ բոլոր առանցքային խաղացողներն ու բեւեռները:

Պատճառը պարզ է` ԲՀԿ-ի ցանկացած կողմնորոշում` իշխանության մեջ մնալու կամ դրանից դուրս գալու եւ այլ առանցք ձեւավորելու հետ կապված, հանգեցնելու է քաղաքական դաշտի լրջագույն վերադասավորումների: Իշխանության մեջ նրա մնալու դեպքում` հիմնականում ընդդիմադիր դաշտում, որտեղ գտնվող ուժերը պետք է մտածեն իշխանության միասնական ու բավականին ազդեցիկ թիմին համարժեք հակակշիռ ստեղծելու մասին, իշխանությունից դուրս գալու դեպքում` թե իշխանական եւ թե ընդդիմադիր հատվածներում հավասարապես:

Շատ լավ հասկանալով, թե ինքն ինչպիսի արժեք է ձեռք բերում այս հավակնությունների ու հաշվարկների տիրույթում, ԲՀԿ-ն սկսում է խաղալ, ձգձգել այդ խաղը՝ թե իր շուրջը սկսված աճուրդում իր գինը բարձրացնելու, թե դրա միջոցով հանրապետության նախագահից հնարավորինս շատ զիջումներ կորզելու, իր դերակատարությունն իշխանությունում մեծացնելու համար: Չի բացառվում, իհարկե, որ այս ամենն, ի վերջո, մեծագույն ֆարս է` պսեւդո (կեղծ)-ընդդիմություն ստեղծելու պրոյեկտ, որի իմաստը իբրեւ ընդդիմություն, ԲՀԿ-ի գեներացման միջոցով դեմ տրամադրված կամ այլընտրանք փնտրող էլեկտորատի ձայները յուրացնելն է: Ամեն դեպքում, այս բոլորը միանգամայն տեղավորվում է քաղաքականության տրամաբանության մեջ:

Նույն տրամաբանությանն են, իհարկե, ենթարկվում նաեւ Հայ ազգային կոնգրեսի կողմից ԲՀԿ-ի նկատմամբ արվող ռեւերանսները, որոնք արդեն սկսել են բացահայտ բնույթ կրել: Դեռ անցած տարվա վերջերին, երբ նախագահ Սերժ Սարգսյանն իր կոալիցիոն գործընկերներից պահանջեց հստակեցնել իրենց դիրքորոշումը գալիք նախագահական ընտրությունում իր թեկնածությունը պաշտպանելու հարցում, ինչով եւ սկսվեց ՀՀԿ-ԲՀԿ այս ներքին դիմակայությունը, ՀԱԿ-ը նրբորեն ակնարկեց, որ եթե ԲՀԿ-ն հստակ սահմանազատվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, դեմ չէին լինի նրա հետ տանդեմ կազմել: Այս միտքը հնչեցվում էր ներիշխանական ինտրիգի յուրաքանչյուր սրման ժամանակ:

Բայց ահա ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն ԲՀԿ-ին շատ հստակ առաջարկություն արեց. հայտարարիր Ռոբերտ Քոչարյանից եւ մարտի 1-ի ողբերգությունից տարանջատվելու, ինչպես նաեւ արդար ընտրություններ անցկացնելու ցանկության մասին, եւ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցության: Ավելին, ԲՀԿ-ին առանձնացնելով որպես քաղաքական երրորդ բեւեռ ձեւավորելու պոտենցիալ ունեցող ուժ՝ ըստ էության ՀԱԿ-ը նույնիսկ փաստացի առաջին անգամ ընդունեց իր երկրորդայնությունը եւ ԲՀԿ-ի գերազանցությունը, որովհետեւ մինչ այդ Տեր-Պետրոսյանը պնդում էր, թե քանի դեռ կա Հայ ազգային կոնգրեսը, որեւէ երրորդ բեւեռ ուղղակի չի կարող լինել: Սա կարելի է համարել ակնհայտ ու ցուցադրական զիջում ԲՀԿ-ին, ինչն առաջնորդությունը նրան զիջելով գայթակղելու տպավորություն էր թողնում: 

ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ ոչ մի ընդհանրություն` ոչ քաղաքական, ոչ գաղափարական, ոչ էլ մոտիվացիոն, իհարկե, չունի, եւ դա բացառում է նրանց միջեւ երկարաժամկետ որեւէ գործընթաց: Տեր-Պետրոսյանն այլեւս չի էլ թաքցնում, որ ԲՀԿ-ին դիտարկում է ընդամենը որպես միջոց, խողովակ՝ իշխանությունը ներսից քանդելու համար: «Ցանկացած գերխնդրի, տվյալ պարագայում բռնապետությունը թոթափելու նպատակի շուրջ զանազան ուժերի, անգամ երբեմնի անհաշտ հակառակորդների համագործակցությունը ոչ միայն սովորական երեւույթ է, այլեւ անհրաժեշտ քաղաքական վարքագիծ: Վկա՝ բոլոր հեղափոխություններն ու ազգային-ազատագրական շարժումները, որոնք հաջողության չէին կարող հասնել առանց այլազան քաղաքական ուժերի համատեղ պայքարի»,- հայտարարում է Տեր-Պետրոսյանը:

Այս ամենն, իհարկե, հասկանալի է եւ բացատրելի քաղաքական նպատակների համատեքստում, որոնց ՀԱԿ-ը կարծես թե չի դավաճանում: Այսինքն՝ չշեղվելով նպատակից, նա պարզապես առաջարկում է ընտրել այլ մեթոդաբանություն եւ այլ գործիքակազմ: Եվ հենց այստեղ էլ բախվում ենք ամենաառանցքային հարցին. արդյո՞ք նպատակին հասնելու բոլոր միջոցներն են արդարացված, առավելեւս այս դեպքում, երբ խոսքը ոչ թե առանձին քաղաքական միավորի` Կոնգրեսի, այլ ավելի լայն` համաժողովրդական շարժման սկզբունքայնության, հետեւողականության եւ արդյունավետության հեռանկարի մասին է:

Ոչ այս հարցադրումը, ոչ էլ առհասարակ համաժողովրդական շարժումը զուտ քաղաքականության ոլորտից չեն: Ավելին, դրանք առաջին հերթին բարոյական կատեգորիաներ են: Հետեւաբար ԲՀԿ-ի, այսինքն՝ իշխանության մի մասի հետ հանուն նույն իշխանության հեռացման համագործակցության խնդիրը բացառապես քաղաքական կոնտեքստով ներկայացնելը ոչ միայն պարզունակ, այլեւ մանիպուլյացիոն ենթատեքստ ունեցող մոտեցում է:

Նախ` խոսքը ոչ թե այլազան ոժերի, այլ իշխանության մաս կազմող մի կուսակցության հետ գործակցության մասին է, որը հավասարապես եղել է ՀԱԿ-ի քննադատությունների ու մեղադրանքների թիրախը: Սա ոչ թե «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» հայտնի սկզբունքի կիրառում է, այլ, ըստ էության, բովանդակային առումով «թշնամուն» կամ նրա մի մասին բարեկամ ճանաչելու մոտեցում: Հնարավո՞ր է, արդյոք, համագործակցել մի ուժի հետ, որին հեռացնելու խնդիրը եղել եւ համարվում է Կոնգրեսի գոյության ողջ իմաստը:

Երբ ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ ոչ միայն մարտավարական խնդիր լուծելու` քաղաքական ուժերի դասավորությունը փոխելու (ինչը քաղաքական կատեգորիա է), այլ սահմանադրական կարգի վերականգնման եւ ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման (որն արդեն բարոյական ու հանրային պատասխանատվության դաշտից է) խնդիր է դրվում ու նպատակ հռչակվում, երբ Ծառուկյան Գագիկի աջակցությունը ստանալու համար օլիգարխիան իրեն արմատական համարող ուժի ղեկավարի կողմից դադարում է երկրի հիմքերը քայքայող, վերացման ենթակա «դասակարգ» համարվելուց եւ վերածվում պոտենցիալ գործընկերոջ, ի հայտ է գալիս Կոնգրեսի եւ անձամբ Տեր-Պետրոսյանի սկզբունքայնության եւ նրանց իրական մտադրությունների նկատմամբ հավատի հարցը:

Ի վերջո, ո՞րն է նրանց նպատակը. ավազակապետությունը քարուքանդ անելով, ԲՀԿ-ին ու օլիգարխիային որպես գործիք օգտագործելով միայն՝ իշխանության գա՞լը, թե՞ հասարակական, քաղաքական այն ախտերի վերացումը, այն խնդիրների լուծումը, որոնք դրվել էին շարժման մեկնարկի սկզբին եւ որոնք մարդկանց երեք-4 տարի շարունակ հավատ են ներշնչել տերպետրոսյանական խոսքի ու գործողությունների նկատմամբ, նրանցից ոմանց դրդել անգամ ինքնազոհողությունների:

Այս համատեքստում ՀԱԿ-ը միայն քաղաքական ուժերի հետ հարաբերություններ ճշտելու խնդիր չէ, որ ունի: Այլ առաջին հերթին առերեսվելու այն հանրության հետ, որի անունից հանդես գալու իրավունք էր վերապահել իրեն: Հակառակ դեպքում ստացվում է, որ իրենց «գործիք» հռչակողները իրենց մասնավոր, խմբակային հավակնությունների բավարարման համար գործիք են դարձնում թե հանրության չարդարացող սպասելիքներն ու հավատը, թե իրենց անսկզբունքայնությունն ու անհետեւողականությունը:  

Մեկնաբանություններ (6)

Andranik
Levonen el encha uzum Hayastanec? sagh gorcaraneren cakhec azgen taparakan darcrav, er grpaneren lcrav yev koghoptec Hay azgen, sagh gorcaraneren er jamanak cakhvec Parsek vajarakneren yev Meghre sahmanec ancav Parskastan, ays parav yzen der sovaca?????
Երևանցի
ՀԱԿ-ը դոդացման պրոցեսում է:......Նիկոլ Փաշինյանը հիմա պիտի գոռա `ԱՅՕ ԴՈԴԱՑՄԱՆԸ?????
Aram
Yes, a leader from the new generation is needed, but let's be practical. Who has a better chance of getting the country out of its doldrums at this time besides LTP?
stue
Time has come to pass presidential torch to new generation of Armenians who did not grow up under the Soviet regime. Ter-Pedrosian did his time as president, and now he should remain in retirement and open presidential doors to new generation of Armenians.
Խաչակիր
Divide Et Impera-Բաժանիր, որ տիրես!
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՀԱՎ-«պարոն Աղվես,3 տարի առաջ մեր հավաբնից 10 հավ տարան:Ասում են քո ազգակից աղվեսն էր»:.................ԱՂՎԵՍ-«Չէէէ,սիրուն Հավ ջան,դա ձեր հարևանի շունն էր-աղվեսի շորերով,որ մեզ վարկաբեկի»:................ՀԱՎ-«պարոն Աղվես, մեր հարևանի էդ ծեր շունը ախր 4 տարի ա սատկած ա»:..................... ԱՂՎԵՍ-«Էհ,Հավ ջան,էդ սատկած ա ձևանում, որ աղվես բռնի.հիմա էլ աչքը մեր նախկին հարևան բարգավաճ ու չախ աղվեսի վրա ա»:....................ՀԱՎ-«Բա էդ մյուս հարևանին թազա ժառանգված շունը ինչի ա ձեր վրա էդքան հաչում?»:.....................ԱՂՎԵՍ-«Իհ,ես իմ,ասում ա հերիք գիշերով բան-ման թաքցնեք կողքի հանքերում:Հավ ջան,բա ձեր աքլորները ուր են?»:................... ՀԱՎ-«Էհ,Աղվես ջան,այ էն սև այգով գնացել են հեռու դաշտերից կուտ բերեն.մեր դռան կուտը գոդացել են:Արդեն 20 օր է առանց աքլորների ենք մնացել»:....................ԱՂՎԵՍ-«Վայ,քոռանանք մենք,հավ ջան:Դէ որ տենցա, մեր թաղի բոլոր 117 աղվեսներով էս գիշեր ժամը 10-ին համ ձեզ կուտ կբերենք,համ էլ գիշերը ձեր հավաբնում կմնանք,որ ձեզ պաշտպանենք-մինչև ձեր աքլորները տուն գան:Դուռը ուրեմն ժամը տասին կամաց կբացես:Մենք աքլորների շորերով կգանք,որ ձեր հայաթի էդ 120 տարեկան քոռ շունը չկասկածի»:....................ՀԱՎ-«Հենց տենց էլ կանեմ,պարոն Աղվես.շատ լավ միտք է:Շատ շնորհակալ ենք .ինչ կանեինք առանց ձեզ:Գնամ լավ լուրը մյուս հավերին էլ ասեմ-մեղք են,թող մի քիչ սրտները ուրախանա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter